Saturday, April 14, 2012

Մարաղայից 20 տարի անց. ինչպե՞ս կանգնեցնել Ադրբեջանի ռասիստական քաղաքականությունը

Zham.am. 13-4-2012- Ադրբեջանական ԽՍՀ-ից փախստականների համագումարը Մարաղայի դեպքերից ավելի քան քսան տարի անց կոչ է անում հայկական քաղաքական եւ իշխանական շրջանակներին` հրաժարվել որեւէ տարածք վերադարձնել Ադրբեջանին: Այդ մասին նրանք այսօր հայտարարել են «Մարաղայից Նոր Մարաղա և Բաքվից Բագարան» խորագրով միջոցառման ժամանակ: 20 տարի առաջ այս օրերին ադրբեջանցիները սպանդ իրականացրեցին Ղարաբաղի Մարաղա գյուղում: Ադրբեջանական խուժանը թալանել է բոլոր տները, իսկ այն ամենը, ինչ չեն կարողացել թալանել, այրել են` հաճախ` տանտերերի հետ միասին: Բնակիչներին կոտորել են, այրել, անդամահատել, անգամ սղոցել: Դաժան կոտորածների արդյունքում տարբեր տվյալներով սպանվել է ավելի քան 80-100 մարաղացի, այդ թվում` 30-ը` կանայք, 40-ից ավելի մարդ վիրավորվել է, եւս 63-ը գերի են տարվել: Վերջիններիս թվում եղել է ինը երեխա: Բազմաթիվ մարաղացիներ սպանվել են փախուստի ճանապարհին` ծնողների, զավակների, հարազատների աչքերի առջեւ: Լարիսա Ալավերդյանը նշեց, որ թեկուզ փոքր-ինչ ուշացումով, սակայն համաչափ պատժելիության սկզբունքով պետք է կարողանանք մեր միջոցներով, ինչպես նաև օգտվելով միջազգային գործիքներից եւ իրավական ատյաններից, համապատասխան ընթացք տալ գործին, քանի որ հակառակ դեպքում հնարավոր չի լինելու դադարեցնել Ադրբեջանի վարած ռասիստական քաղաքականությունը Իսկ ազատամարտիկ, Մարաղայի դեպքերի ականատես Սարգիս Հացպանյանը նկատեց, որ Մարաղայի ոճրագործությունից տարիներ անց Ադրբեջանը մեջտեղ բերեց Խոջալուի դեպքեր կոչված սուտը, որը լավագույնս ներկայացրեց եւ տարածեց: «Մենք տարբերակներ էինք մտածում կատարվածի մասին ողջ աշխարհին ինչ- որ կերպ տեղեկացնելու համար: Ես ասում էի, որ պետք է արագացնել: Ղարաբաղից վերադառնալուն պես, անմիջապես դիմեցի այդ օրերին Հանրային հեռուստատեսության ղեկավար Սամվել Գևորգյանին, որպեսզի հեռուստատեսությամբ ցուցադրվի իմ նկարահանած կադրերը, բայց նրանք ինձանից մեկ շաբաթ խնդրեցին` հարցը քննարկելու համար»,- պատմեց Հացպանյանն ու տեղեկացրեց, որ մեկ շաբաթ անց որոշում է կայացվել չցուցադրել կադրերը այն պատճառաբանությամբ, որ դա կխանգարի ադրբեջանցիների հետ լեզու գտնելուն: Ադրբեջանական ԽՍՀ-ից փախստականների համագումարի ներկայացուցիչները կարծում են, որ փախստականները չեն կարող վերադառնալ Բաքու, սակայն դրա փոխարեն կարող են վերադառնալ Բագարան` նոր քաղաք, որտեղ կվերահաստատեն իրենց հազարամյակներով բյուրեղացված կյանքի նորմերն ու մշակույթը:

No comments: