Sunday, April 22, 2012

Իսրայելի կողմից Իրանի ռմբակոծումն աններելի արարք կլինի. ԱՄՆ

1in.am. 22-4-2012- Իսրայելի կողմից Իրանի ռմբակոծումը կլինի աններելի և անհիմն արարք, քանի որ
Վաշինգտոնը Թել Ավիվին տրամադրել է անվտանգության բոլոր անհրաժեշտ երաշխիքները: Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով նախկին խորհրդական Ջեյմս Ջոնսը: «ԱՄՆ-ի կողմից Իսրայելին ներկայացվել են շատ համոզիչ հավաստիացումներ իրենց անվտանգության հարցում, և ես չեմ կարծում, որ Միացյալ Նահանգները պետք է ներողություն խնդրի ինչ-որ բանի համար, որը կարող է տեղի ունենալ»,- ասել է Ջոնսը՝ Washington Times-ին տված հարցազրույցի ժամանակ: Ջոնսը 2009-2010 թթ եղել է Բարաք Օբամայի անվտանգության հարցերով խորհրդականը: Այն հարցին, թե արդյո՞ք ԱՄՆ-ը կարող է ուժ կիրառել Իրանի դեմ, նա փաստացիորեն բացասական պատասխան է տվել։ Ջոնսը նշել է, որ Իրանի դեմ կիրառվող պատժամիջոցները դրական արդյունքներ են բերում: ԱՄՆ-ը, Իսրայելը և մի շարք այլ երկրներ Իրանին կասկածում են միջուկային զենք մշակելու մեջ: Իսկ Թեհրանը մերժում է այդ մեղադրանքները` ասելով որ միջուկային ծրագիրն ուղղված է բնակչության էլեկտրաէներգիայի պահանջները բավարարելուն: Ապրիլի 19-ին Իսրայելի առաջնորդները երդվել են թույլ չտալ, որպեսզի Իրանի մոտ միջուկային զենք հայտնվի` կոչելով այն «սպառնալիք հրեական պետության համար»:

No comments: