Saturday, April 21, 2012

Ինչո՞ւ են խոսում արտագաղթից

«Լրագիր» 20-4-2012- Ընտրական քարոզչությունն արդեն մեկնարկել է և կարելի է հետևել, թե պատգամավորական մանդատի համար պայքարի ելած հայրենական քաղաքական ուժերը հատկապես ի՞նչ հիմնախնդիրներ են կարևորել ընտրողների համակրանքը շահելու համար: Կարելի է անվարան ասել, որ այդ խնդիրների ցանկում ամենապոպուլյարներից մեկը արտագաղթի թեման է: Արտագաղթից են խոսում բոլորը. թե՛ ընդդիմության, թե՛ իշխանության թևերում: Արտագաղթի, իբրև ազգային հիմնախնդրի կարևորումը ներկա ընտրություններում բոլորովին պատահական չէ: Նախ, վերջին տարիներին դա հանդիսացել է այն հիմնական մահակը, որ թափահարվել է գործող իշխանությունների գլխին և հիմա էլ ծառայում է նույն նպատակին: Երկրորդ, արտագաղթը հայ հանրության ականջում հնչում է ու կապվում է ցեղասպանության ու բռնի տեղահանության հետ՝ հաշվի առնելով պատմական ավանդույթի մեկնաբանումը հայաստանցիների շրջանում: Հասկանալի է, որ արտագաղթից խոսելու հետևանքով իշխանությունները ընկալվում են որպես բռնի տեղահանողներ, ցեղասպաններ և այլն: Սա է արտագաղթի հիմնախնդիրը կիրառողների իրական նպատակը: Մյուս նպատակն է՝ ներկայանալ որպես իրավիճակի փրկիչներ և փրկության ելքը ցույց տալ ավելի ճոխ հռետորաբանության մեջ՝ արժանապատիվ աշխատատեղեր ապահովելու «չոր» խոստումներով: Գագիկ Ծառուկյանն, օրինակ, անընդհատ ու ինտենսիվ հայտարարում է, որ աշխատատեղեր է բացելու, ու կանխելու է արտագաղթը: Աշխատատեղեր ստեղծելու միջոցով արտահոսքը կասեցնելու առաջարկով հանդես գալու համար անհրաժեշտ է գոնե հիմնավոր տվյալներ ունենալ, որ օրինակ՝ արտագաղթողների գոնե կեսից ավելին հենց աշխատանքի բացակայության պատճառով է լքում Հայաստանը: Իսկ նման տվյալներ գտնելն անհնար է, որովհետև նման տվյալներ չկան: Եթե խոսքն այլ երկիր մշտական բնակության տեղափոխվելու և աշխատելու մասին է, ապա մեկնողների միայն փոքրաթիվ մասն է այդ պատճառով հեռանում երկրից: Ավելի մեծ թվով քաղաքացիներ գնում են այլ պատճառներով՝ արտերկրում ապրող իրենց հարազատներին միանալու, օտարերկրացու հետ ամուսնանալու, կրթություն ստանալու և այլն: Գնում են նաև այլ երկրներում ավելի պաշտպանված զգալու ու ավելի լայն տնտեսական, մշակութային, իրավական ազատություններ ունենալու նպատակով: Շատ մշուշոտ են աշխատատեղեր բացելու մասին հնչող խոստումները: Կուսակցություններից որևէ մեկը երբևէ հաշվարկե՞լ է, թե ինչ մասնագետներ են հեռանում Հայաստանից ու ինչ թվով: Դատելով նրանց հայտարարություններից` կարելի է ենթադրել, որ նրանք նկատի ունեն միայն էժան աշխատուժը, որի համար, այո, պետությունն ի վիճակի է և կարող է աշխատատեղեր բացել, ասենք օրինակ շինարարություն նախաձեռնելով: Բայց հեռացողների մեջ կան մեծ թվով համակարգչային և տեղեկատվական տեխնոլոգիաների մասնագետներ, արվեստի, ծառայությունների ոլորտների մենեջերներ, որոնց համար Հայաստանում հնարավոր չէ առաջիկայում նշանակալի թվով աշխատատեղեր ապահովել: Եվ այդ մասնագետներից շատերին նույնիսկ որևէ զարգացած երկրում հնարավոր չէ պահել, որովհետև իրենք անհընդատ տեղաշարժվելու են դեպի ավելի ու ավելի մեծ պահանջարկ ունեցող շուկաները: Ասել է թե` արտագաղթող աշխատուժը միատարր չէ. ոչ իր մասնագիտական կառուցվածքով, ոչ իր հետաքրքրություներով, և ոչ էլ իր մոտիվացիաներով և ակնկալիքներով: Մյուս կողմից, քաղաքական դաշտում արտագաղթի մասին հայտարարությունները բացահայտում են Հայաստանում արտագաղթի մասին եղած ավանդական պատկերացումները: Ավանդական հասարակություններում մարդը ծնվում, ապրում, մահանում, գործում էր մի միասնական կոնկրետ տարածքում, ուստի նրա որևէ տեղափոխությունը համայնքից հավասար էր նրա «մահվանը»: Հենց այս է պատճառը, որ արտագաղթի մասին խոսում են ինչպես մի ապոկալիպտիկ իրավիճակի: Ու արտագաղթի մասին նման անպատասխանատու հայտարարությունները քաղաքական ուժերի, հատկապես ՀԱԿ-ի, ԲՀԿ-ի կողմից բացահայտում է, որ քաղաքական տեքստերը ուժերը կառուցում են համայնական տրամաբանությամբ: Պարզ է, որ խոսում են ոչ թե արտագաղթի պատճառները, այլ ընդամենը հետևանքերը հաղթահարելու մասին: Եթե խոսում են, ապա աշխատատեղեր բացելու անհիմն խոստումներով: Բայց արտագաղթը բազմագործոն երևույթ է, զուտ աշխատատեղերը չեն պատճառը, որ միգրացիոն հոսքերն ակտիվացել են: Մեկնողների թվում կան նաև մեծ թվով տնտեսապես ապահովվածներ, որոնք գնում են իրավական ազատ դաշտում գործելու, գնում են ավելի լավ կրթություն ստանալու, գնում են իրենց հարազատների մոտ և այլն: Գիտակցվո՞ւմ են արդյոք այս գործոնները արտագաղթի ռադիկալ կասեցման մասին խոսողները: Եթե գիտակցվեր, ապա կխոսվեր ոչ թե պարզապես աշխատանք ապահովելու, կամ բարձր վճարվող աշխատանք ապահովելու, այլ որակյալ աշխատատեղերի, որակյալ կրթության խնդիրների մասին, իսկ արտագաղթի խնդիրը սրանց նկատմամբ ածանցյալ է, ընդամենը այս ամենի տրամաբանական հետևանքն է: Մյուս կողմից, արտագաղթն ամբողջ աշխարհում ինտենսիվ տեմպեր է ձեռք բերել, հաղորդակցության բազմաթիվ ձևերի զարգացման հետևանքով նույնպես: Ու աշխարհի ամենահարուստ երկրներում միգրացիայի մակարդակն առավելապես բարձր է: Նման բազմաթիվ ասպեկտներ քաղաքական ուժերի կողմից անտեսվում են, փոխարենն արտագաղթի մասին խոսելը «միավորներ» է ավելացնում: Քաղաքական կուսակցություններն արտագաղթի մասին խոսում են առանց վերոնշյալ հանգամանքերը հաշվի առնելու, դրանով իսկ փաստելով, որ զբաղված են ընդամենը պոպուլիզմով: Ուստի կուսակցությունները սեփական քարոզչության իրատեսականությունը պահպանելու համար պետք է որ փորձեին անդրադառնալ արտագաղթի խնդրին ոչ միայն պոպուլյար դարձած ձևակերպումներով, այլև խնդիրը դիտարկելով իրավական, մշակութային և այլ հարթություններում: Լեւոն Մարգարյան

No comments: