Saturday, April 21, 2012

«Կոնկրետ` մտնում ենք խորհրդարան»

«Լրագիր» 20-4-2012-Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը, ՀՀԿ-ն եւ ՕԵԿ-ը այս երկրում ոչ մի ձայն չունեն, հայտարարել է Լեւոն Տեր-Պետրոսյանը: Նրա խոսքով, իրենք պայքարեցին արտահերթ ընտրության համար, ամեն ինչ արեցին, բայց չստացվեց, բայց դա չի նշանակում, որ պետք է դադարեցնել պայքարը, պետք է շաունակեն նախ խորհրդարանական, հետո նախագահական ընտրություններում: Տեր-Պետրոսյանն ասել է, թե ինչի համար են գնում խորհրդարան, ինչ են անելու ծրագրային եւ քաղաքական իմաստով: «Կոնկրետ՝ մտնում ենք խորհրդարան, եթե Հայ ազգային կոնգրեսը մեծամասնություն է ստանում, հենց առաջին իսկ նիստում բարձրացնում է Սերժ Սարգսյանի պաշտոնանկության հարցը: Եթե մեծամասնություն չենք ստանում, բայց մեր կողքին լինում են ուժեղ ընդդիմադիր խմբակցություններ եւ նրանք համաձայնում են մասնակցել մեր նախաձեռնություններին, մենք նորից, միեւնույն է, բարձրացնում ենք Սերժ Սարգսյանի պաշտոնանկության հարցը: Եթե դա էլ չի լինում, բայց մենք ունենում ենք լուրջ խմբակցություն, մենք խորհրդարանը դարձնելու ենք ցատկահարթակ նախագահական ընտրությունների համար: Եվ, իմացեք, եթե Կոնգրեսը հզոր էր փողոցում, դրան գումարելով խորհրդարանական մի ուժեղ խմբակցություն, Կոնգրեսի ուժը տասնապատկվելու է: Եվ բնականար լինելով կառուցողական ուժ, մենք պետք է օգտագործենք խորհրդարանի բոլոր հնարավորությունները: Մենք պետք է խորհրդարանում կառուցողական օրենսդրական գործունեությամբ զբաղվենք: Ցանկացած բարեփոխման, ցանկացած օրենքի կատարելագործման մենք կողմ ենք լինելու, եթե այդ օրենքները նպաստելու են մեր երկրի եւ ժողովրդի բարգավաճմանը: Բայց, եթե մեր առարկություններն ու առաջարկությունները չընդունվեն, մենք դեմ ենք քվեարկեկու այդ օրենքներին: Մենք չենք մասնակցելու իշխանության հանցագործություններին: Սա աշխարհի բոլոր երկրներում ընդդիմության գործունեության նորմալ ձեւ է: Եվ երկրորդը, խորհրդարանը մենք դարձնելու ենք իրական հակակշիռ գործադիր իշխանությանը: Մենք գիշեր-ցերեկ ցանկացած վարչապետի, նախարարի, գերատեսչության ղեկավարի հրավիրելու ենք եւ հաշիվ ենք պահանջելու ամեն ինչի համար, Վովա Գասպարյանը, Աղվան Հովսեփյանը խորհրդարանից դուրս չեն գալու եւ լինելու են մեր հարցերի տարափի տակ», ասել է նա: Տեր-Պետրոսյանը ՌԴ Պետդումայի օրինակն է բերել, որտեղ կանչել էին ՆԳ նախարար Նուրգալիեւին, եւ ըստ Տեր-Պետրոսյանի, պետք էր տեսնել, թե ինչ վիճակի մեջ գցեցին Նուրգալիեւին: Ըստ նրա, եթե այդպես հաշիվ պահանջեն, անգամ այս գող, ավազակ իշխանությունը չի կարող անել այն, ինչ մինչեւ հիմա արել է, մինչեւ նրանցից վերջնականապես ազատվելը: Տեր-Պետրոսյանը հայտարարել է, որ եթե խորհրդարանը չլիներ Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի գրանում, ապա նրանք նախագահ չէին դառնա: «Հիմա մեր խնդիրն է խորհրդարանը հանել իշխանությունների գրպանից, եւ այդ դեպքում Սերժ Սարգսյանը ծոծրակը կտեսնի, նախագաի աթոռը չի տեսնի, - հայտարարել է Տեր-Պետրոսյանը: - Ուրեմն, ոչ մի ձայն ավազակեպետությանը մեր կարգախոսը չպետք է մնա ձայն բարբառոյ անապատի: Մայիսի 6-ը այն հիմքն է, որ ինձանից պահանջում էիք, դե ուրեմն արեք այն, ինչ պահանջում էիք: Մայիսի 6-ը դառնալու է հայ ժողովրդի փրկության, արժանապատվության վերականգնման եւ աշխարհի երկրների շարքում մեր պատվավոր տեղը ձեռք բերելու օրը, եւ դա անելու եք դուք: Ով ձայն տվեց Սերժ Սարգսանին, ՀՀԿ-ին եւ ՕԵԿ-ին, նա դառնում է սեփական երկրի կործանման մրջոցը: Մայիսի 6-ը մի Սաևդարապատ է, հայ ժողովրդի նոր Սարդարապատը, նոր Բաշ-Ապարանը», հայտարարել է Տեր-Պետրոսյանը:


No comments: