Saturday, April 21, 2012

Հարվարդի համալսարանում հայ գրատպության պատմությանը նվիրված ցուցահանդես է բացվել

Tert.am. 21-4-2012- Հարվարդում շարունակվում է «Հայերը և գիրքը» խորագրով ցուցահանդեսը. Տեղեկացնում է «The Armenian Mirror Spectator»-ը: Հայկական գրատպության 500-ամյակին նվիրված ցուցահանդեսին ներկայացված են Հարվարդի գրադարանի, Հայկական ուսումնասիրությունների և հետազոտությունների ազգային ասոցիացիայի և Հարվարդի համալսարանի պրոֆեսոր Ջեյմս Ռասսելի անձնական հավաքածուի որոշ նմուշներ: Ներկայացված են հայատառ առաջին Աստվածաշունչը, ինչպես նաև Հայոց ցեղասպանության ժամանակաշրջանին պատկանող գրական ստեղծագործություններ: Ցուցահանդեսում կան նաև «Հայրենիք» ամսագրի առաջին համարը, Եղիշե Չարենցի, Վիլիամ Սարոյանի աշխատություններից, ինչպես նաև Ֆրանս Վերֆելի «Մուսա լեռան 40 օրը» գրքի նոր հրատարակությունը: «Հայոց գրատպության 500-ամյակը լավ առիթ էր այս ցուցահանդեսը կազմակերպելու համար»,- ասել է Ջեյմս Ռասսելը: Ռասսելը հուսով է, որ ցուցահանդեսը կավելացնի Հարվարդի համալսարանի ուսանողների հետաքրքրվածությունը հայոց լեզվի նկատմամբ: «Այժմ ուշադրությունս սևեռել եմ Արևմտահայերենի ուսուցման վրա, քանի որ այս լեզուն կանգնած է ոչնչացման վտանգի առաջ: Մենք իսկապես կկորցնենք լեզուն, եթե Մերձավոր արևելքում խոսողները չլինեին»,- ասել է նա: Ցուցահանդեսը կշարունակվի մինչև ապրիլի 25-ը:

No comments: