Monday, April 9, 2012

Երուսաղեմի հայոց պատրիարքը երկու շաբաթ է տեղափոխվել է Կաթողիկե հիվանդանոց

1in.am. 8-4-2012- Երուսաղեմի հայոց պատրիարք Թորգոմ արք. Մանուկյանի առողջական վիճակը շարունակում է մնալ խիստ ծանր: Hayeli.am-ի հետ զրույցում Երուսաղեմի հայոց պատրիարքարանի դիվանի պատասխանատու Գուսան Վարդապետը տեղեկացրել է, որ սրբազան հայրն արդեն երկրորդ շաբաթն է, ինչ տեղափոխվել է Կաթոլիկ եկեղեցու միաբանության Ֆրանչիսկյանների ժամանակակից հոգևոր հիվանդանոց, որտեղ նա 24 ժամյա բժշկական խնամքի տակ է գտնվում: Նախկինում եղած հրապարակումներն այն մասին, թե սրբազան հայրը պատրիարքական փոխանորդ նշանակված լուսարարապետ Նուրհան արք. Մանուկյանի դրդմամբ անհրաժեշտ խնամք չի ստանում, Երուսաղեմի հայոց պատրիարքարանի դիվանի պատասխանատուն հերքել է այդ լուրերը` նշելով, որ վանքում, որտեղ գտնվում էր պատրիարք ամենապատիվ Թորգոմ արք. Մանուկյանը, անհրաժեշտ հոգածության պայմաններ ուղղակի չկան: «Սրբազան հոր վիճակը շատ ծանր է, նա սնունդն ստանում է ստամոքսից, իսկ այդպիսի հոգածության հնարավորություն վանքում մենք չունենք»,- պարզաբանել է Գուսան Վարդապետը: Նա նշել է, որ Երուսաղեմի հայոց պատրիարքարանը, անձամբ պատրիարքական փոխանորդ լուսարարապետ Նուրհան արք. Մանուկյան դիմել է տեղի կաթոլիկ միաբանությանը, որպեսզի հայոց պատրիարքը տեղափոխվի կաթոլիկ եկեղեցու հոգևորականների հիվանդանոց: «Քանի որ Երուսաղեմի հայոց պատրիարքարանը կաթոլիկ հոգևոր եղբայրների հետ ունի լավ հարաբերություններ, նրանք սիրով համաձայնել են, բայց բշժկական խնամքի ամբողջական հովանավորությունը իրականացվում է մեր պատրիարքարանի կողմից»,- տեղեկացրել է նա: Հիշեցնենք, որ Երուսաղեմի հայոց պատրիարք ամենապատիվ Թորգոմ արք. Մանուկյանը հունվարի 19-ից ծանր թոքատապի եւ ուղեղի կաթվածի հետեւանքով գտնվում է անգիտակից վիճակում: 93-ամյա պատրիարքը նախ գտնվում էր Երուսաղեմի Էյն Քերիմ Հադասա հիվանդանոցում: Պատրիարքը երկար տարիներ տառապել է փարկինսոնյան հիվանդությամբ, արյան գերճնշումով:

No comments: