Monday, April 9, 2012

Պուխով. Հայաստանում Գաբալայի ՌԼԿ-ի օրինակով կայանի կառուցման միտքը հզոր քայլ է

News.am. 8-4-2012- Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանի արած հայտարարությունը, թե Հայաստանը պատրաստ է քննարկել Հայաստանում ռադիոլոկացիոն կայանի կառուցման հնարավորությունը Ադրբեջանի Գաբալայի ՌԼԿ-ի օրինակով, լուրջ քայլ է: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նման կարծիք է հայտնել փորձագետ, Ռուսաստանի Ռազմավարության եւ տեխնոլոգիաների վերլուծության կենտրոնի տնօրեն Ռուսլան Պուխովը: Նրա խոսքով, այդ գաղափարը երբեք կյանքի չի կոչվի, սակայն առաջարկի փաստն արդեն ամրապնդում է Մոսկվայի դիրքերը Բաքվի հետ բանակցություններում: «Դա անխոս, ճնշում կլինի Ադրբեջանի վրա եւ հաղթաթուղթ կդառնա Ռուսաստանի ձեռքին: Այդ քայլով Հայաստանն ուժգին օգնեց Ռուսաստանին, Կրեմլում, կարծում եմ, դա կգնահատեն արժանիորեն»,- ասել է Պուխովը: Պատասխանելով հարցին, թե որքանով է հավանական ռուսական ՌԼԿ-ի շինարարությունը Հայաստանի տարածքում, փորձագետն ասել է. «Այստեղ պետք է ուսումնասիրել հարցի տեխնիկական բաղադրյալը, ինչից հետո պարզ կդառնա` հնարավո՞ր է, թե` ոչ: Ցանկացած դեպքում, երբ ժամանակին կայանը կառուցվեց Ադրբեջանում, դրա համար կային որոշակի պատճառներ: Բայց ես կարծում եմ, որ ճիշտ կլինի կողմնորոշվել այդ կուրսով, անգամ եթե ստիպված լինենք համաձայնել ադրբեջանական կողմի պահանջներին: Թող համաձայնեն, իսկ Հայաստանում կամաց կառուցեն: Իսկ հետո, ասենք 2015թ. հայտարարեն տեղափոխման մասին»,- ամփոփել է Ռուսլան Պուխովը: Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, Ռուսաստանն ու Ադրբեջանը տեւական ժամանակ բանակցություններ են վարում Գաբալայի ՌԼԿ-ի շուրջ, Ադրբեջանը ներկայիս 7 մլն-ի փոխարեն 300 մլն վարձավճար է պահանջում: Ապրիլի 4-ին Հայաստանի վարչապետը «Կոմերսանտ» թերթին տված հարցազրույցում հայտնել էր, թե Հայաստանը պատրաստ է քննարկել Հայաստանում ռադիոլոկացիոն կայանի կառուցման հնարավորությունը Ադրբեջանի Գաբալայի ՌԼԿ-ի օրինակով: «Ինչո՞ւ ոչ»,- ասել էր նա:

No comments: