Wednesday, April 11, 2012

Հայաստանը կկոշտացնի դիրքորոշումը

«Լրագիր» 10-4-2012-Հայաստանի նոր խորհրդարանը կարող է որոշակի ուղղումներ մտցնել երկրի արտաքին քաղաքականությունում: Ամեն դեպքում, այն կուսակցությունները, որոնք մտադիր են խորհրդարան անցնել, ակտիվորեն քննադատում են ներկայիս վարչակազմի արտաքին քաղաքականությունն ինչպես հայ-թուրքական հարաբերությունների, այնպես էլ Ռուսաստանի, Իրանի, Վրաստանի հետ համագործակցության եւ ղարաբաղյան կարգավորման հարցերում: Հայաստանի նախկին ԱԳ նախարար, ԲՀԿ ցուցակի ներկայիս 2-րդ համար Վարդան Օսկանյանը կարծում է, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման նախաձեռնությունը ոչնչի չի բերել՝ մենք զիջումների ենք գնացել, սակայն սահմանն այդպես էլ չեն բացել: Նա հիշեցրել է նաեւ, որ 2007 թ Իրան-Հայաստան գազամուղի կառուցումից հետո Հայաստանում ոչ մի տարածաշրջանային նախագիծ չի իրականացվել, այդ թվում Վրաստանի հետ: Ինչ վերաբերում է ԱՄՆ հետ հարաբերություններին, ապա «Հազարամյակի մարտահրավերներ» ծրագիրը փակվել է, ԱՄՆ-ն դադարեցրել է Ղարաբաղին հատկացվող օգնության տրամադրումը, իսկ Հայաստանին հատկացվող օգնությունը կրճատվել է 20 %-ով, ասել է Օսկանյանը: Նա նշում է, որ ցեղասպանության հարցում ամերիկյան վարչակազմի դիրքորոշումը երբեք այսքան պրոթուրքական չի եղել: Ժառանգություն կուսակցությունը նույնպես դժգոհ է արտաքին քաղաքականությունից եւ մտադիր է պայքարել Ղարաբաղի անկախության միջազգային ճանաչման համար, պաշտպանել հայրենակիցների իրավունքները Ջավախքում, ջանքեր գործադրել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման համար «համաշխարհային իրավունքի, ցեղասպանության միջազգային ճանաչման եւ փոխհատուցման հիմքի վրա»: «Հավասարության հիմքի վրա զրագանալու են Հայաստանի հարաբերությունները Ռուսաստանի, ԱՄՆ եւ Չինաստանի հետ, իսկ արտաքին քաղաքականության ուղենիշը դառնալու է եվրոպական հասարակական կառույցներին ինտեգրումը Եվրամիության լիիրավ անդամ դառնալու հեռանկարով», ասված է կուսակցության ծրագրում, որին միացել են Ազատ դեմոկրատները: Դաշնակցությունը հանդես է գալիս առավել արմատական դիրքից: ՀՅԴ պահանջում է որեւէ փաստաթուղթ չստորագրել, որոնք հարցականի տակ կդնեն Վուդրո Վիլսոնի 1920 թ. արբիտրաժի օրինականությունը, որը Հայաստանի Հանրապետության տարածքում է ընդգրկել Արեւմտյան Հայաստանի մի շարք շրջաններ: Թուրքիայի հետ հարաբերություններում առավելագույն կերպով պաշտպանել հայ ժողովրդի շահերը: Հայ-թուրքական արձանագրություններից հայկական կողմի ստորագրությունը պետք է հանվի: Ղարաբաղյան հարցում Ադրբեջանին զիջումները չպետք է հակասեն 1991թ ԼՂՀ անկախության հանրաքվեի արդյունքներին եւ Արցախի Սահմանադրությանը: Դրանք պետք է ադեկվատ լինեն Ադրբեջանի կողմից արվող զիջումներին: Բանակցություններում պետք է դրվի Հայաստանի, Արցախի եւ Ադրբեջանի միջեւ ուժի չկիրառման վերաբերյալ եռակողմ պայմանագրի հարցը, նշված է ՀՅԴ ծրագրում: Արտաքին դիվանագիությունում անհրաժեշտ է ելնել առանց նախապայմանների Ադրբեջանի ու Թուրքիայի ցամաքային շրջափակման վերացման անհրաժեշտությունից: Վրաստանի հետ բարիդրացիական հարաբերությունների հիմնարար մասերից մեկը վրացահայության եւ հատկապես ջավախահայության իրավունքների ու հնարավորությունների ապահովումն է: Ադրբեջանի հետ հարաբերությունների մյուս հարցը Նախիջեւանն է, որը նույնպես նախատեսվում է պահել ուշադրության կենտրոնում: Քանի որ Նախիջեւանը բռնակցվել է Ադրբեջանին, հասարակության մոտ պետք է պահել հայկական պատկանելության գիտակցումը, նշված է ՀՅԴ նախընտրական ծրագրում: Հայ ազգային կոնգրեսը դեռ չի հրապարակել իր ծրագիրը, իսկ մարտի 30-ի հանրահավաքին Լեւոն Տեր-Պետրոսյանը միայն մակերեսորեն է անդրադարձել այդ թեմային՝ հայտարարելով, որ հայ-թուրքական հարաբերությունները եւ ղարաբաղյան հակամարտությունը պետք է անհապաղ լուծել: Նոր խորհրդարանի ձեւավորումից հետո Հայաստանն ամենայն հավանականությամբ կկոշտացնի իր դիրքորոշումը հայ-թուրքական հարաբերությունների հարցում եւ հնարավոր է, նույնիսկ հետ կանչի իր ստորագրությունը: Նաիրա Հայրումյան

No comments: