Thursday, April 19, 2012

Փորձագետ. Ադրբեջանը մի կերպ փորձում է Իրանի աչքերին թոզ փչել

News.am. 19-4-2012- Ադրբեջանն անհեթեթ փորձեր է անում` ապացուցելու Իրանին եւ աշխարհին, որ Իսրայելից գնված զենքը բացառապես Հայաստանի եւ ԼՂՀ-ի դեմ է նախատեսված: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նման կարծիք հայտնեց Կովկասի ինստիտուտի փոխտնօրեն Սերգեյ Մինասյանը: «Հարգում եմ ԼՂՀ պաշտպանության բանակը, այդուհանդերձ վստահ չեմ, որ Արցախը նավատորմ ունի: Որի դեմ էլ նախատեսված են «Գաբրիել-5» հրթիռները: Դրանից բացի, իսրայելական անօդաչու սարքերի շառավիղը շատ ավելի մեծ է Հայաստանի եւ Ղարաբաղի տարածքից: Եթե այստեղ ավելացնենք նաեւ մեծ տիրույթի ռադիոլոկացիոն կայանները, կարելի է հետեւություն անել, որ այդ տեխնիկան, ըստ ամենայնի, մոնիթորինգ է անցկացնելու Իրանի հարավում` հետեւելով հնարավոր բալիստիկ հրթիռներին», - ասաց Մինասյանը` ընդգծելով, որ «Բարակ-8» զենիթահրթիռային համալիրները նույնպես նախատեսված են կանխելու Իրանի հնարավոր հարվածը Ադրբեջանի կասպյան նավթագազային ենթակառուցվածքի ուղղությամբ: Ս. Մինասյանը չբացառեց, որ պայմանագրի շրջանակներում Ադրբեջանը ձեռք է բերել ականանետեր, զրահատեխնիկա եւ այլ «պետքական ապրանք», որը տեսականորեն կարող է օգտագործվել նաեւ Հայաստանի դեմ, սակայն հիմնական խնդիրը Իրանի դեմ հակամարտությունում ապահովագրվելն է: «Սակայն Ադրբեջանում մոռացել են շատ կարեւոր գործոնի մասին. Իրանի հետ իր ռազմական հավասարակշռությունը չափվում է ոչ միայն այնքանով, թե քանի րոպեում կթռչեն հրթիռները, այլ նաեւ` քանի ժամում Բաքու կհասեն իրանական հրասայլերը», - ասաց նա: Ինչպես հաղորդել էր NEWS.am-ը, StrategyPage վերլուծական կայքը հրապարակել էր Ադրբեջանի` Իսրայելից ձեռք բերված զենքի մասին տվյալները: Ադրբեջանը գնել է հականավային Gabriel հրթիռները` 36 կմ շառավղով, հինգ Heron եւ հինգ Searcher անօդաչու սարք: Գնվել են Barak-8 զենիթահրթիռային համալիրի 75 հրթիռ: Գնվել է նաեւ Green Pine ռադարային համակարգ, որն ինքը` Իսրայելն օգտագործում է իր ռազմավարական պաշտպանության մեջ: Այն ճանաչում է բալիստիկ հրթիռներ` 500 կմ հեռավորության վրա: Հիշեցնենք, որ 1,6 մլրդ դոլարի ադրբեջանա-իսրայելական այդ պայմանագիրը իրարանցում առաջացրեց աշխարհում եւ զայրույթ` հարեւան Իրանում:

No comments: