Thursday, April 12, 2012

Հրանտ Դինքի պատմվածքի հիման վրա նկարահանված թուրք ռեժիսորի ֆիլմը կցուցադրվի Կաննի կինոփառատոնում

News.am. 11-4-2012- Թուրքիայի Էսքիշեհիր քաղաքի Անադոլու համալսարանի Հաղորդակցության ֆակուլտետի Կինոյի եւ հեռուստատեսության բաժնի 4-րդ կուրսի ուսանող Ուղուր Էգեմեն Իրեսը իրավունք է ստացել Կաննի 65-րդ կինոփառատոնում ներկայացնել «Ջուրը գտավ իր հունը» կարճամետրաժ ֆիլմը։ Ինչպես տեղեկացնում է Ստամբուլի հայկական «Ակոս»-ը, Ուղուր Էգեմեն Իրեսը նշել է, թե շատ է ազդվել, երբ կարդացել է ամեն տարի Ֆրանսիայից Թուրքիա եկող եւ վերջում Սվասի (Սեբաստիա) մի գյուղում մահկանացուն կնքած հայ կնոջ մասին պատմող Հրանտ Դինքի «Ջուրը գտավ իր հունը» պատմվածքը։ «Պատմվածքն ամբողջովին մարդասիրական ոգի է ներառում։ Շատ ազդվեցի, երբ կարդացի, թե ինչպես են գյուղի բնակիչները տեր կանգնում այդ կնոջը։ Պատմվածքը շատ անկեղծ էր։ 2010-ին որոշեցի պատմվածքը կարճամետրաժ ֆիլմի վերածել։ Հանդիպեցի «Ակոս»-ի աշխատակիցների եւ Հրանտ Դինքի աղջկա հետ։ Նրանք ցանկացան, որ ֆիլմում պահպանվի պատմվածքի էությունը։ Գյուղի բնակչները եւս ֆիլմում դերակատարություն ունեն»,-նշել է ֆիլմի ռեժիսորը՝ շեշտելով, որ ֆիլմը նկարահանելու ժամանակ մտադրություն չեն ունեցել մասնակցելու Կաննի կինոփառատոնին։ Ուղուր Էգեմեն Իրեսի խոսքով՝ մարդասիրության մասին պատմող ֆիլմում իրենք աշխատել են դառնալ Հրանտ Դինքի մահվան կապակցությամբ ամեն տարի երթ կազմակերպող անձանց ձայները։

No comments: