Thursday, June 7, 2012

Սոլթանիե. Իրանը ոչ մի պարագայում չի դադարեցնի ուրանի հարստացումը

Panorama.am. 6-6-2012- Իրանը ոչ մի պարագայում չի դադարեցնի ուրանի հարստացումը: Այդ մասին իրանական «ՖԱՐՍ» լրատվական գործակալության հաղորդմամբ՝ հայտարարել է Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունում (ԱԷՄԳ) Իրանի մշտական ներկայացուցիչ Ալի Ասղար Սոլթանիեն: Իրանի դեսպանը, միևնույն ժամանակ, ընդգծել է, որ Իրանը կշարունակի սերտ համագործակցություն ծավալել ԱԷՄԳ-ի հետ, սակայն ոչ մի պարագայում չի դադարեցնի խաղաղ նպատակների օգտագործման համար ուրանի հարստացման աշխատանքները: Սոլթանիեն, իր հայտարարության մյուս հատվածում, քննադատելով ԱԷՄԳ-ի կողմից ստուգումներ իրականացնող որոշ պաշտոնյաների գործունեությունը, նշել է, որ վերջիններս իրենց մասնագիտական գործառույթներն իրականացնելու փոխարեն երբեմն որոշ երկրների դրդմամբ հետախուզական գործունեությամբ են զբաղվում: Հիշեցնենք, որ Սոլթանիեն, վերջերրս «ԻՌՆԱ» լրատվական գործակալությանը տված հարցազրույցում, անդրադառնալով Իրանում 27 տոկոս հարստացված ուրանի հետքեր հայտնաբերելու հարցին , նշել էր. «Ինչպես ԱԷՄԳ-ի զեկույցում է նշված` 27 տոկոս հարստացված ուրանի մասին հարցը սովորական տեխնիկական հարց է, որը ներկայում հետաքննվում է մասնագետների կողմից: Այլ երկրներում ևս պատահում են նմանատիպ տեխնիկական խնդիրներ. Ուստի` որոշ ուժեր փորձում են քաղաքականացնել այս հարցը և թուլացնել Իրանի և ԱԷՄԳ-ի միջև առկա համագործակցությունը»: Հավելենք, որ հունիսի 18-19-ը՝ Մոսկվայում միջուկային ծրագրի շուրջ տեղի կունենա Իրանի և «5+1 խմբի» (ՄԱԿ-ի ԱԽ 5 մշտական անդամներ և Գերմանիա) միջև բանակցությունների երրորդ փուլը: Առաջին և երկրորդ փուլերը տեղի էին ունեցել ապրիլի 14-ին Ստամբուլում և մայիսի 23-25-ին՝ Բաղդադում:

No comments: