Monday, April 16, 2012

Սխալ ՀՀԿ

«Լրագիր» 16-4-2012- Երեւանի Արաբկիր վարչական շրջանում նախընտրական հանդիպմանը Սերժ Սարգսյանը հայտարարել է, որ Հանրապետականը մի ուժ է, որ չի վարանում որոշումներ կայացնել, բայց նաեւ սխալներն ընդունել գիտե: Հետաքրքիր է, թե ինչ սխալ է մինչ այժմ ընդունել ՀՀԿ-ն: Որ հարցում է, որ գործընթացում, որ դրվագում է ՀՀԿ-ն ընդունել, որ այս կամ այն քայլը եղել է սխալ: Կարո՞ղ է արդյոք Սերժ Սարգսյանը, կամ ՀՀԿ-ից որեւէ մեկը հայտարարել, թե արտաքին քաղաքական այս հարցում սխալվել են, կամ սխալվել են ներքաղաքական որեւէ հարցում: Ի՞նչ սխալ է ընդունել ՀՀԿ-ն տնտեսական քաղաքականության մեջ: Արդյոք վարչապետ Տիգրան Սարգսյանը որեւէ անգամ հայտարարել է, թե մեր այսինչ մոտեցումը կամ այնինչ որոշումը եղել է սխալ եւ արդյունքը եղել է վատ: Իրավական ոլորտում որեւէ սխալ ՀՀԿ-ն կատարե՞լ է, թե ոչ: Համենայն դեպս, կարծես թե որեւէ սխալ ընդունված կամ այսպես ասած ճանաչված չէ: Իսկ բանակի կառավարման հարցում, Սերժ Սարգսյանն ու ՀՀԿ-ն որեւէ մի սխալ որոշում կայացրե՞լ են, կամ որեւէ հարցում թերացե՞լ են: Կադրային քաղաքականության հարցում Սերժ Սարգսյանն ու ՀՀԿ-ն արդյո՞ք որեւէ սխալ գործել են: Իսկ որեւէ սխալ արե՞լ են հասարակության հետ հարաբերությունը կառուցելիս: Իսկ նախորդ տարիներին իշխանության եղած ժամանակ, արդյո՞ք ՀՀԿ-ն որեւէ սխալ արել է, սխալ որոշում կայացրել է, սխալ ընտրություն է կատարել: Սերժ Սարգսյանը հայտարարում է, որ ՀՀԿ-ն սխալներն ընդունել գիտե, բայց ՀՀԿ-ն կարծես թե որեւէ սխալ հրապարակավ չի ընդունել, չի խոստովանել, չի ասել, թե այսինչ հարցում կատարել ենք սխալ: Մինչդեռ, Հայաստանում առկա տնտեսական, քաղաքական, իրավական, հասարակական, մշակութային, արտաքին քաղաքական եւ անվտանգության հարցերի հետ կապված հսկայածավալ խնդիրների պարագայում առնվազն տարօրինակ է, որ ՀՀԿ-ն չի հայտարարել իր որեւէ հիմնարար սխալի մասին: Իսկ եթե ՀՀԿ-ն մինչ այժմ որեւէ հիմնարար սխալ չի ընդունել, չի խոստովանել, ապա ինչպե՞ս է Սերժ Սարգսյանը հայտարարում, թե սխալներն ընդունել գիտեն: Ինչից է նա ենթադրում, թե գիտեն, երբ երկրում այդքան խնդիր կա, այդքան սոված մանուկներ կան, հիվանդ մանուկներ կան, իսկ ՀՀԿ որեւէ հիմնարար սխալի մասին հրապարակային կոնկրետ եւ հստակ խոստովանություն չկա: Ավելին, ՀՀԿ-ն նույնիսկ չհամարձակվեց ընդունել Լիսկայի, Շմայսի, Նեմեց Ռուբոյի, Վարդան Այվազյանի եւ այլոց մանր-մունր «սխալները», երբ նրանք կին են ծեծում, լրագրող ու պատգամավոր հայհոյում, հայվան, ապրանք ու համբալ ասում դիմացինին: ՀՀԿ-ն չի համարձակվում Տարոն Մարգարյանի սխալներն ընդունել ու հայտարարել Մաշտոցի պուրակում բուտիկներ կանգնեցնելու որոշման անընդունելիության եւ բեկանման մասին: ՀՀԿ-ն միայն Գագիկ Բեգլարյանի սխալը չի ներել, այն էլ որովհետեւ սխալը գործել էր նախագահի նստավայրի, ոչ թե հասարակության եւ պետության հանդեպ: ՀՀԿ-ն սխալներն ընդունել չգիտե, քանի դեռ չի ընդունել հասարակության եւ պետության հանդեպ գործած թեկուզ մեկ սխալ: Մյուս կողմից, թերեւս բնական է, որ ՀՀԿ-ն չի ընդունել իր գործած որեւէ սխալ, որովհետեւ ՀՀԿ-ն խոշոր հաշվով ինքնին սխալ է՝ ամբողջությամբ, ու դժվար է պատկերացնել, թե ինչպես է սխալը սխալ ընդունելու: ՋԵՅՄՍ ՀԱԿՈԲՅԱՆ

No comments: