Wednesday, May 30, 2012

Հերանուշի` 1915թ-ին ցամաքած աղբյուրները. Radikal

Tert.am. 29-5-2012- Թուրքական Radikal-ի լրագրող Օրալ Չալըշլարը մասնակցել է Թուրքիայի Էլազիգ նահանգի Հաբափ գյուղում վերաբացված հայկական աղբյուրների տոնակատարությանը և պարբերականի իր սյունակում կիսվել տպավորություններով: «Տեղահանությունից հետո հայաբնակ Հաբափ գյուղում քրդերին տեղավորեցին: Պատմությունը մի կողմից սրբվեց-գնաց, իսկ հայերից մնացին տներն ու ճարտարապետական հրաշալի աղբյուրները: Մեր ավտոբուսը նախկին Բալուի ճանապարհի մոտ գտնվող պատմական աղբյուրի մոտ կանգ առավ: «Ակօս» թերթի գրողներից Սարգիս Սերոբյանն ասաց, որ քայլելու ենք դեպի Բալուի պատմական եկեղեցու ավերակները: Թուրքերի Մուրադ գետը, հայերի` Արածանին 97 տարի առաջվա վեհությամբ շարունակում է հոսել: Հրանտ Դինքի փաստաբան Ֆեթհիյե Չեթինի` 95 տարեկան հասակում մահացած տատիկի` Սեհերի պատմած գետն ու եկեղեցին են սրանք»,- գրում է նա: Չալըշլարը հիշեցնում է, որ 1915 թ-ի ընթացքում Հաբափ գյուղից դուրս եկած խումբը կանանց հենց այս եկեղեցում է փակել, իսկ տղամարդկանց տարել են: Ֆեթհիյեի տատը` Սեհերը, ում իսկական անունը Հերանուշ է, նույնպես այս եկեղեցում փակված կանանց մեջ է եղել: Եկեղեցու պատուհանից տեսել են ողջ աղետը: Տեսել են, թե ինչպես են տղամարդկանց սպանելով Արածանու ջրերը նետում… «97 տարի անց` մայիսի 27-ին Հաբափում ենք: 1915 թ-ից հետո Հաբափը երկար տարիներ լռության է մատնված եղել: Ավելի ուշ` այստեղ քրդերին են տեղավորել: Հայերից հիշատակ մնացել են տները, եկեղեցիները և ճարտարապետական հրաշք աղբյուրները»,- գրում է լրագրողը: Այս գյուղում ծնված և այժմ Գերմանիայում բնակվող Ադնան Դինդարը, տարիներ անց, ծնված ու մեծացած փողոցներում պտտվելով, կանգնել է հայկական եկեղեցու մոտ: «Եկեղեցի մտնելով պատերի գաջերը պոկում-ուտում էինք: Հավատում էինք, որ մեր դեղնած երեսները դրանից կարմրելու են: Հետո իմացա, որ դա հայկական ավանդույթ էր: Այդ ժամանակ սա որպես խոտ պահելու վայր էինք օգտագործում: Այժմ այստեղ եմ` իմ պատմության հետ առերեսվելու»,- պատմել է նա: Օրալ Չալըշլարի խոսքերով` Ֆեթհիյե Չեթինը` Հերանուշ տատի` գյուղը գտնելուց հետո մնացած հայերին գտնելու գործին է լծվել: Քանդված, օգտագործման համար ոչ պիտանի դարձած աղբյուրներից նորից ջրի հոսք տեսնելը նրա համար երազանք է դարձել: «Ֆեթհիյեին աջակցել է նաև Մշակույթի նախարար Էրթուղրուլ Գյունայը, ում ֆինանսավորմամբ իրականացավ «աղբյուրից դարձյալ ջրի հոսքը տեսնելու երազանքը»: Հաբափի աղբյուրների վերաբացումը գուցե միայն սկիզբն էին: Առաջին անգամ քաղաքացիների նախաձեռնությամբ հիշատակվում էին 1915 թ-ին սկսված ցավոտ տարիները: Ցավեր տեսած Անատոլիայում պատմության հետ առերեսում է տեղի ունենում` հանուն «բարեկամության և եղբայրության»: «Քարդեշ թյուրքուլեր» («Եղբայր երգեր») անսամբլի երաժշտությունը խառնվում է աղբյուրների ջրի ձայնին: Գյուղացիները վազվզում են` պատրաստած կերակուրները հարյուրավոր հյուրերին հյուրասիրելու համար…»,- եզրափակում է թուրք լրագրողը:

No comments: