Wednesday, May 30, 2012

Թուրքիայի քաղաքացին արժանացավ ՀՀ Նախագահի մրցանակին

Panorama.am. 29-5-2012- ՀՀ նախագահի նստավայրում այսօր տեղի ունեցավ տարբեր բնագավառներում ՀՀ Նախագահի` 2011թ.-ի մրցանակների հանձնման արարողությունը: Դափնեկիրներին մրցանակներ շնորհեց անձամբ ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը: Երկրի ղեկավարն իր ելույթում ջերմորեն շնորհավորեց մրցանակակիրներին` իրենց ձեռքբերումների համար, շնորհակալություն հայտնեց կատարած կարևոր աշխատանքի համար և մաղթեց նոր հաջողություններ: «Ջերմորեն շնորհավորում եմ ձեզ՝ ձեր ձեռքբերումների կապակցությամբ: Գիտնականների և արվեստագետների հաջողություններն ուրախալի են բոլորիս համար, և մենք մեր պարտքն ենք համարում այս մրցանակներով շեշտել և ընդգծել նրանց աշխատանքը: Ինձ և, վստահ եմ, մեր ողջ հանրության համար բացառիկ կարևորություն ունեն հատկապես երիտասարդական մրցանակները, քանի որ դրանք օգնում են ապահովել մեր մշակութային զարգացման անընդհատությունն ու շարունակականությունը: Եթե ճշգրիտ գիտությունների բնագավառում արած հայտնագործությունները կարող են մնալ գիտական հանրության նեղ շրջանակում, ինչը բնական է, ապա արվեստագետների, պատմաբանների և ընդհանրապես հումանիտար գիտություններին վերաբերող աշխատանքները պետք է ունենան լուրջ հանրային հնչեղություն և ազդեցություն: Դրանք նոր՝ ավելի հեռուն նայող, պահանջ ներկայացնող հասարակություն ձևավորելու կարևոր գործոններ են»,-ասաց Հանրապետության ղեկավարը: Նախագահ Սարգսյանը կարևորեց, որ առանձնահատուկ զգացումով Հայոց ցեղասպանության ճանաչման գործում նշանակալի ավանդի համար ՀՀ Նախագահի մրցանակի է արժանանում Թուրքիայի քաղաքացի Ռագըփ Զարաքոլուն: «Կարծում եմ՝ առանձնահատուկ զգացումով են ներկաներն ընդունում այն փաստը, որ Հայոց ցեղասպանության ճանաչման գործում նշանակալի ավանդի համար Հայաստանի Հանրապետության նախագահի մրցանակին է արժանանում Թուրքիայի քաղաքացի Ռագըփ Զարաքոլուն: Նրա գործունեությունը բացառիկ առաքելություն է: Պատմական ճշմարտությունը Թուրքիայի հասարակությանը հասցնելու համար մղած նրա պայքարը բարձր քաղաքացիական դիրքորոշման և խիզախության փայլուն օրինակ է», - ասաց ՀՀ նախագահը: Նշենք, որ Թուրքիայի քաղաքացի Ռագըփ Զարաքոլուին մրցանակ է շնորհվել Հայոց ցեղասպանության պատմական ճշմարտության մասին թուրք հասարակությանն իրազեկելու, թեմայի շուրջ ակտիվ թարգմանչական և գրահրատարակչական գործունեության, խոսքի ազատության և մարդու իրավունքները հարգելու համար մղած անդուլ և սկզբունքային պայքարի համար: Դիմելով Զարաքոլուին, Սերժ Սարգսյանն ասաց. «Խիզախություն է նաև Ձեր այսօր այստեղ գտնվելը և այս մրցանակն ընդունելը: Ձեր այս կեցվածքն ունի ոչ միայն անցյալն ավելի խորը հասկանալու նպատակ, այլև ուղղված է հարևան ժողովուրդների փոխադարձ հասկացողությունը նոր մակարդակի բարձրացնելուն: Այն ուղղված է ապագային: Շնորհակալ եմ Ձեզ»: Երկրի ղեկավարը կրկին շնորհակալություն հայտնեց հիմնադրամի հովանավոր Պողոսյանների ընտանիքին: «Ժամանակին, երբ Պողոսյանների ընտանիքի նախաձեռնությամբ և հովանավորությամբ, սկիզբ դրվեց այս մրցանակին, հիմքում դրված էին հենց այդ գաղափարներն ու վեհ նպատակները: Շնորհակալություն եմ հայտնում հովանավորներին այս գործը հետևողականորեն շարունակելու համար: Նաև շնորհակալություն եմ հայտնում «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր վարչությանը կազմակերպչական ջանքերի համար, ինչպես նաև մասնագիտական հանձնաժողովներին, որոնք դժվարին, բայց շնորհակալ աշխատանք են կատարում», - ասաց ՀՀ նախագահը: Իր հերթին ՀՀ Նախագահի մրցանակների հովանավոր «Պողոսյան հիմնադրամ»-ի նախագահ Ժան Պողոսյանը նշեց, որ «Պողոսյան հիմնադրամ»-ի հիմնական նպատակն է ակտիվորեն մասնակցել արվեստի սատարմանը, երկխոսության և փոխանակումների գործիք դառնալ Արևելքի և Արևմուտքի մշակույթը կրող տարբեր ժողովուրդների միջև: «Ուրախ եմ, որ ՀՀ Նախագահի այս տարվա մրցանակը` Ցեղասպանության գործում նշանակալից ավանդի համար, տրվում է Ռագըփ Զարաքոլուին, որը Հրանտ Դինքից հետո Թուրքիայի 2-րդ քաղաքացին է, որ Երևանում արժանանում է այդ պարգևին»,- ասաց նա: Նշենք, որ ՀՀ Նախագահի 2011թ.-ի մրցանակներ են շնորհվել Հայոց ցեղասպանության գործում նշանակալի ավանդ ներդնելու համար` Հարություն Մարությանին և Ռագըփ Զարաքոլուին, բնական գիտությունների զարգացման բնագավառում Աշոտ Սաղյանին, տեխնիկական գիտությունների և ինֆորմացիոն տեխնոլոգիաների բնագավառում Ալբերտ Ղուլյանին, Արմեն Աբրահամյանին, Ռոբերտ Սիմոնյանին, Համլետ Փիրումյանին, Անդրանիկ Սանոյանին, արվեստի բնագավառում` Գարի Ռաշիդյանին, ֆիզիկայի բնագավառում` Գագիկ Կրյուչկյանին, Տիգրան Գևորգյանին, Դիանա Անտոնյանին, Աննա Շահինյանին, գրականության բնագավառում` Հրաչյա Թամրազյանին, հումանիտար գիտությունների զարգացման բնագավառում`Հասմիկ Ստեփանյանին: ՀՀ Նախագահի 2011թ.-ի երիտասարդական մրցանակներ են շնորհվել արվեստի բնագավառում՝ Արման Համբարձումյանին` «Լեգենդներ» քանդակների շարքի համար, Աշոտ Գևորգյանին` «Մետամորֆիկ տրանսակցիաներ» քանդակների շարքի համար, Աստղիկ Ստեփանյանին՝ Ս.Պրոկոֆևի «Ռոմեո և Ջուլիետ» բալետի դեկորների և զգեստների ձևավորման համար:

No comments: