Friday, May 11, 2012

Ազնիվների կուսակցություն

«Լրագիր» 10-5-2012- ԲՀԿ համամասնական ցուցակի երկրորդ հորիզոնականում հայտնված Վարդան Օսկանյանը թուրք լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ չի առաջադրի իր թեկնածությունը նախագահի 2013 թվականի ընտրությանը: Առնվազն տարօրինակ կլինի, եթե խորհրդարանի ընտրությանը բավական խիստ ընդդիմադիր շեշտադրումներով հանդես եկած Բարգավաճ Հայաստանը հանկարծ հրաժարվի նախագահի ընտրությանը թեկնածու առաջադրելուց: Բանն այն է, որ այդ դեպքում ԲՀԿ-ն կունենա հիմնվորման լուրջ խնդիր, քանի որ մինչ այժմ փորձել է հանդես գալ ՀՀԿ քաղաքականության թե լատենտ, թե բացահայտ սուր քննադատությամբ, ու երեւի թե պատերազմ կամ դրան հավասարազոր որեւէ մի իրավիճակ պետք է լինի, որ ԲՀԿ-ն կարողանա առանց իր արժանապատվությունն էապես ոտնահարելու հայտարարել Սերժ Սարգսյանին սատարելու մասին: Մյուս կողմից, ԲՀԿ համար Վարդան Օսկանյանն իհարկե միակ թեկնածուն չէ, որ կարող է լինել: Եթե օրինակ Հայ ազգային կոնգրեսը հայտարարում է, թե Լեւոն Տեր-Պետրոսյանից լավ նախագահի թեկնածու չունի, ապա ԲՀԿ-ն թերեւս կարող է առնվազն երկու անուն տալ՝ Գագիկ Ծառուկյան եւ Ռոբերտ Քոչարյան, ասելով, որ նրանք Օսկանյանից վատ թեկնածուներ չեն: Մյուս կողմից, խորհրդարանի ընտրությանը ՀՀԿ գրեթե անվերապահ հաղթանակը ԲՀԿ հանդեպ, Բարգավաճ Հայաստանի մոտ թերեւս սպառել է քաղաքականությամբ զբաղվելու եւ ՀՀԿ հետ մրցակցելու խանդավառությունը: Վարդան Օսկանյանը ընտրությունից առաջ հայտարարում էր, թե բոլորը զարմանալու են, տեսնելով ընտրակեղծարարության դեմ ԲՀԿ ներդրած ռեսուրսները: Մինչդեռ այսօր, ԲՀԿ-ն նույնիսկ չի համարձակվում պաշտոնապես գնահատական տալ տեղի ունեցած ընտրությանը եւ խոսել գոնե այն մասին, թե ինչ է մտածում ՀՀԿ հետ կրկին կոալիցիա կազմելու առումով: Թեեւ, Օսկանյանի համար էլ տեղի ունեցածը թերեւս շոկ է, ու նկատի ունենալով նաեւ այն, որ նրա ամեն մի հայտարարությունից հետո ԲՀԿ-ն շեշտում էր, թե դա Օսկանյանի անհատական կարծիքն է, նախկին արտգործնախարարը թերեւս այլեւս ձեռնտու է մնում ապագայի հետ կապված որեւէ բան ասելուց, մտավախություն ունենալով, որ կարող է հանկարծ կրկին մնալ առանց պաշտոնական աջակցության: Բոլոր դեպքերում, Վարդան Օսկանյանը բավական հետաքրքիր իրավիճակում հայտնվեց: Նա թերեւս Հայ ազգային կոնգրեսից էլ ավելի ընդդիմադիր շեշտադրումներով էր մասնակցում քարոզարշավին, իսկ հիմա նույնիսկ կա հավանականություն, որ ԲՀԿ-ն կարող է նորից կոալիցիայի մեջ մտնել ՀՀԿ հետ: Այդ դեպքում առնվազն տարօրինակ կլինի Օսկանյանի մասնակցությունը խորհրդարանի աշխատանքին: Նա կամ պետք է վայր դնի մանդատը, կամ ընդհանրապես հեռանա կուսակցությունից: Բայց, հնարավոր է, որ Վարդան Օսկանյանին այսպես ասած սիրաշահելու համար նրան հնարավորություն տրվի դառնալ ասենք ԱԺ նախագահ, ընդդիմադիր գնահատականների եւ ելույթների քարտ-բլանշով, որը հնարավորություն կտա Օսկանյանին պահել դեմքը, միեւնույն ժամանակ այդ միջոցով նաեւ նոր խորհրդարանի դեմքը պահելով: Ի վերջո, նախկին արտգործնախարարն արեւմտյան իմիջի քաղաքական գործիչ է, ունի հռետորական հատկանիշներ, ներկայանալի կերպար, հանդիսանում է արեւմտյան քաղաքակրթության կրող, որը ներկայում ամենազարգացած եւ մրցունակ քաղաքակրթական համակարգն է աշխարհում, ինչը կարող է լրացուցիչ արտաքին լեգիտիմություն հաղորդել Հայաստանի խորհրդարանին: Կհամաձայնի Վարդան Օսկանյանը դրան, թե ոչ, այլ հարց է: Եթե նա այսօր արդեն հայտարարում է, որ մտադիր չէ առաջադրվել նախագահի ընտրությանը, կարող է թերեւս նշանակել, որ գուցե ինչ որ տեղ դիտարկում է ԱԺ նախագահի պաշտոնը ստանձնելու առաջարկը եւ հնարավորությունը: Թեեւ, գուցե դա զարգացման ամենաանհավանական հնարավորությունն է, եւ եթե ԲՀԿ-ն կոալիցիայի մեջ մտնի ՀՀԿ հետ, ապա Վարդան Օսկանյանը պարզապես վայր կդնի մանդատն ու կփորձի ԲՀԿ-ն փոխել ներսից եւ առաջ տանել իր գիծը: Թեեւ, այդ առումով էլ կան մի շարք հավելյալ հանգամանքներ, որոնք լրջագույն խնդիր կարող են լինել Վարդան Օսկանյանի համար: Բոլոր դեպքերում, նախկին արտգործնախարարը բավական համարձակ, եւ գուցե բավական ազնիվ խաղաց խորհրդարանի ընտրության քարոզարշավին, ու ներկայում հայտնվել է բավական բարդ իրավիճակում: Ընդ որում, հետաքրքիր է, որ նույն կերպ նաեւ բավական բարդ վիճակում հայտնվեց Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչ Արամ Զավենի Սարգսյանը, ով ի տարբերություն Օսկանյանի, խորհրդարանի ընտրությանը խաղին չմասնակցեց, բայց էլի՝ ազնվորեն չմասնակցեց: Ու հայտնվեց կոնգրեսական միջավայրի եւ իշխող համակարգում Կոնգրեսի գործընկերների սուր քննադատության թիրախի տակ: Ազնիվ խաղի տարաբնույթ, առերեւույթ, գուցե նույնիսկ տարբեր տպավորություն թողնող եւ տարբեր շարժառիթներ ենթադրող այդ երկու դրսեւորումները բավական խորհրդանշական մի իրավիճակ են ձեւավորում, երբ քաղաքական գործընթացում ազնվությանը նախապատվությունը տված գործիչները հայտնվում են գրեթե փակուղային իրավիճակում, եւ հեռանալը նրանց համար կարծես թե մնում է միակ բաց ճանապարհը: Ընդ որում, հետաքրքրականն այն է, որ ճանապարհը բաց է, բայց հեռանալու տեղ կարծես թե չկա ոչ մեկի համար: Ըստ երեւույթին, Հայաստանի քաղաքական դաշտում հաջորդ՝ նշմարվող փուլը թերեւս լինելու է այն, որ ձեւավորվելու են արդեն այդ տեղերը, ուր հնարավոր է հեռանալ, բայց ոչ թե դուրս գալով քաղաքականությունից, այլ իր հետ տանելով քաղաքականությունը: ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ

No comments: