Wednesday, May 23, 2012

Իրանը պետք է դադարեցնի ուրանի հարստացումը. Էհուդ Բարաք

1in.am. 22-5-2012- Իրանը պետք է դադարեցնի ուրանի հարստացումը ու իր երկրի տարածքից դուրս բերի արդեն գոյություն ունեցող հարստացված վառելիքը: Այս մասին այսօր հայտարարել է Իսրայելի պաշտպանության նախարար Էհուդ Բարաքը` կապված չորեքշաբթի Բաղդադում Իրանի ու «Մեծ վեցնյակի» միջազգային դիտորդների միջև կայանալիք բանակցությունների հետ: Նախարարի հայտարարության մեջ ընդգծվում է, որ Թեհրանը պետք է «ամբողջությամբ դադարեցնի ինչպես 20 տոկոսանոց, այնպես էլ 3.5 տոկոսանոց ուրանի հարստացումը»: «Անգամ եթե Իրանին թույլատրված է ունենալ սիմվոլիկ քանակությամբ` մի քանի հարյուր կգ 3.5 տոկոսանոց ուրան, դա էլ պետք է գտնվի խիստ հսկողության տակ: Դա երաշխիք կլինի, որ ցանկացած պահի իրանցիները չեն ունենա անհրաժեշտ քանակությամբ վառելիք՝ ռազմական ատոմին զարկ տալու համար»,- նկատել է Բարաքը: Նա նաև նշել է, որ «պետք չէ զիջումներ կատարել Իրանի հարցում, ու միջազգային գերտերությունների պահանջները պետք է լինեն հստակ ու միանշանակ»: Իսրայելի պաշտպանության նախարարը կասկած է հայտնել ՄԱԳԱՏԷ-ի ու Իրանի միջև համաձայնության սպասվելիք արդյունքների վերաբերյալ։

No comments: