
News.am. 15-5-2012- Հայաստանում 2011թ ծնված 20213 աղջիկ երեխաներից 858-ին անվանել են Միլենա, 850-ին` Մանե, 789-ին` Մարի, իսկ առաջին հնգյակը եզրափակում են Էլեն եւ Նարե անունները: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է Ազգային վիճակագրական ծառայությունից: Նախորդ տարի ամենաքիչ դրված անուններից են Սոֆյան, Լինան, Էմման, Մարգարիտան, Կարինան, Էլինան:
Աղջիկ երեխաներին անվանել են նաեւ Անգելինա, Սուսաննա, Վիկտորյա, Նատալի, Սվետլանա, Մոնիկա եւ այլն: Իսկ 2010թ ծնված 20856 աղջիկ երեխաներից 914-ին անվանել են Մանե, երկրորդ հորիզոնականում Անին է` 733, այնուհետեւ` Միլենա, Անահիտ, Էլեն, Աննա: Նախորդ տարի ամենաքիչը անվանել են Լինա, Կարինե, Մարգարիտա, Աստղիկ, Մարինա: Ինչ վերաբերում է տղա երեխաների անուններին, ապա 2011թ ծնված 23127 տղա երեխաներից 1179-ին անվանել են Նարեկ, 1142-ին` Դավիթ, այնուհետեւ Գոռ, Էրիկ, Հայկ: Ամենաքիչ դրված անուններից են Ռազմիկ, Էդուարդ, Վահան, Ավետ եւ Ալեքսանդր: Իսկ 2010թ ծնված 23969 տղա երեխաներից ամենաշատը անվանել են Նարեկ` 1200, այնուհետեւ Դավիթ, Գոռ, Արման, Էրիկ: Այդ ժամանակ ամենաքիչ դրված անուններից են Մարկը, Ավետը, Արեգը, Ռազմիկը, Դանիելը: NEWS.am-ը նաեւ փոքր հարցում է անցկացրել ծնողների եւ ապագա ծնողների շրջանում` փորձելով պարզել, թե ինչպես կամ ինչ սկզբունքով են ծնողներն ընտրում իրենց երեխայի անունը: Ինչպես ցույց են տալիս մեր հարցումները, հիմնականում բոլորը շեշտը դնում են գեղեցիկ անուն դնելու վրա, բայց հարց է, թե որն է գեղեցկության չափանիշը, մեկի համար այդ անունը գեղեցիկ է, մեկի համար` ոչ: Օրինակ` հայկական միջավայրում արական սեռի ներկայացուցիչներից մի մասի համար ամենագեղեցիկը իր ծնողների անուններն են, որոնցով պարտադիր, ամեն գնով կոչում են իրենց երեխային` անկախ նրանից` երեխայի մայրը ինչ ցանկություն ունի: «Այլ կերպ չի կարող լինել, միանշանակ երեխաներիս անունները դնելու եմ ծնողներիս անուններով` անկախ կնոջս ցանկությունից, դա քննարկման առարկա չէ»,- մեզ հետ զրույցում նշեց 26-ամյա Սերգեյը: Արական սեռի ներկայացուցիների մի մասը հավաստեց, որ երեխաների անունները դնելիս անպայման կքննարկի կնոջ հետ եւ կընտրեն գեղեցիկ անուն: «Դե ինչպես արվում է ավանդական, կխորհրդակցեմ կնոջս հետ, բայց հետո կդնեմ ծնողներիս անունները, որոնք շատ գեղեցիկ են»,- ասաց 37-ամյա Մհերը: Մեկ այլ երիտասարդ` 21-ամյա Վահեն նշեց, որ երեխայի անունը կդնի այդ տարվա լավագույն ֆուտբոլիստի անունով: Ինչ վերաբերում է իգական սեռի ներկայացուցիչներին, ապա նրանք եւս տարբեր սկզբունքներով են առաջնորդվում երեխաների անունները որոշելիս: «Մանկուց շատ էի սիրում հնդկական ֆիլմեր եւ դեռ այն ժամանակ ասել եմ, որ տղայիս անունը կլինի Ջիմի, աղջիկներիս անունները` Զիտա, Գիտա»,- ասաց 27-ամյա Սոնան:, իսկ 33-ամյա Արմինեի համար երեխաների անունները ընտրելիս առաջնահերթ է, որ այն չլինի սկեսրոջ եւ սկեսրայրի անունները: «Կարող է նրանց անունները Գվիդոն կամ Փեփռոնե է, ինչքան էլ ամուսինս ցանկանա, ինչպե՞ս կարող եմ այդ անունները դնել, երեխեքս ինձ չեն ների: Օրինակ` եթե ամուսնուս դուր է գալիս, որ իր մայրիկի անունը Փեփռոնե է, ապա ինձ դուր չի գա, որ աղջկաս անունը Փեփռոնե լինի»,- նշեց նա: Արմինեի խոսքով` երեխա բերողը կինն է եւ անունն էլ ինքը պետք է ընտրի: Նա չի ընդունում տվյալ ազգում արդեն դրված անունները, որովհետեւ կարծում է, որ երեխան նոր կյանքի սկիզբ է եւ նրա անունն էլ նոր պետք է լինի` ուրույն, յուրօրինակ, այդ ցեղում երբեւէ չդրված: 35-ամյա Հայաստանի խոսքով` երեխայի անունը պետք է որոշի հայրը: Ավանդապաշտ կինը դեմ չէ ծնողների անունները դնելուն, եթե իհարկե, դրանք աբսուրդ անուններ չեն: Նրա համար առաջնահերթ է, որ դրվող անունը լինի հայկական, խարիզմատիկ, հնչեղ եւ ունենա իմաստ: «Եթե ընտանեկան անունները երջանկություն են բերում, ապա ճիշտ է դրանք շարունակելը, իսկ եթե այդ անունը կրող մարդիկ քիչ են ապրում, դժբախտ են լինում, չարժի դնել: Անունը ուժ է տալիս, հատուկ էներգիա ունի եւ իր մեջ իմաստ է պարունակում»,- նշեց Հայաստանը: Իսկապես, մարդու անունը մեկն է, բայց առաջնորդում է ամբողջ կյանքի ընթացքում: Երեխային անվանակոչելիս կարեւոր է առաջնորդվել ոչ միայն ծնողների ճաշակով եւ նախասիրություններով, այլեւ հաշվի առնել, թե այդ անունը կրող էակին որքանով է համահունչ այս կամ այն անունը: Պատրաստեց` Ինգա Մարտինյանը
No comments:
Post a Comment