Wednesday, May 16, 2012

Թուրք կուսակցապետը վիրավորում է իր մորը՝ հերքելով, որ նա հայ է. «Դերսիմցի հայերի» միության նախագահ News.am. 16-5-2012- Թուրքիայում 2 տարի առաջ ստեղծված «Դերսիմցի հայերի» միության նախագահ Միհրան Փրկիչ Գյուլթեքինը պատասխանել է թուրքական Akit թերթի լրագրողի հարցերին։ Միհրանը նշել է, թե Թուրքիայում շատ են թաքնված հայերը՝ կոչ անելով նրանց՝ չվախենալ եւ վերադառնալ արմատներին։ Նա պնդել է, թե Դերսիմի ժողովրդի 75 տոկոսն ունի հայկական արմատներ, որոնց մի մասն ալեւի է դարձել, մյուս մասը՝ քրդացել։ Անդրադառնալով Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր «Ժողովրդա-հանրապետական» կուսակցության առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուի արմատների հետ կապված պնդումներին՝ Միհրան Փրկիչ Գյուլթեքինը նշել է, թե Քըլըչդարօղլուի մայրը հաստատ հայ է եւ դա գիտեն այդ տարածաշրջանում բոլոր ապրողները։ «Սակայն Քըլչդարօղլուն նախընտրում է հերքել հայկական արմատները՝ դրանով վիրավորելով իր մորը։ Այն շրջանը, որտեղ ապրում է Քըլչդարօղլուն, հայկական բնակավայր է։ Դերսիմում բոլորը գիտեն դրա մասին։ Նրա մոր անունն էլ Էմոշ է, ում նաեւ Յեմուշ են անվանում»,-ասել է Գյուլթեքինը։ «Դերսիմցի հայերի» միության նախագահը նշել է, թե ժամանակին եղել է քրդական HADEP կուսակցության անդամ՝ շեշտելով, որ ներկայումս էլ քրդական « Խաղաղություն եւ ժողովրդավարություն» կուսակցության (BDP) մեջ բազմաթիվ հայեր կան։ «Քրդական կուսակցությունը հայերի հանդեպ մեծ հարգանք է տածում՝ ընդունելով, որ նրանք բազմաթիվ անօրինությունների են ենթարկվել։ Սակայն քրդերի մեջ հայերի հանդեպ սառը վերաբեմունք ունեն կրոնամոլները, ովքեր մինչեւ հիմա հայերին «գյավուր» են համարում»,-նշել է Գյուլթեքինը։

No comments: