
Panorama.am. 22-5-2012- Ադրբեջանի քաղաքական ղեկավարությունը, թաքցնելով ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում գրանցված կորուստների մասին տեղեկությունները, փորձում է ադրբեջանական հասարակությանը զերծ պահել դժգոհություններից: Անդրադառնալով ԼՂՀ զինված ուժերի կողմից ադրբեջանցիների դեմ ուղղված պատժիչ գործողությունների և Ադրբեջանի ԶՈւ-ի կողմից կորուստները թաքցնելու փաստին, այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը:
«Ամեն անգամ, երբ հայկական կողմը հայտարարում է պատժիչ գործողությունների մասին, սկզբում ադրբեջանական կողմը մերժում է և ասում, որ զինվորը զոհվեց հիվանդությունից և այլ պատճառներից: Իրականությունն այն է, որ տեղեկատվական տեխնոլոգիաների այս ժամանակաշրջանում հնարավոր չէ քողարկել այդ տեղեկությունները, թեև քողարկումը կարող է զերծ պահել հասարակությանը դժգոհության ալիքից»,- նշեց Հ. Մելիք-Շահնազարյանը: Ըստ քաղաքագետի՝ սեփական զոհերին քողարկելու պատմությունը բավականին հին պատմություն ունի Ադրբեջանում և կոնֆլիկտի ամբողջ պատմության ընթացքում: «Վերջերս մենք հետազոտություն ենք իրականացրել, որը կոչել ենք Հեյդար Ալիևի անվան եղբայրական գերեզմաններ, երբ ադրբեջանցիները ղարաբաղյան պատերազմի ժամանակ ունենալով մեծ կորուստներ, այդ զինվորներին չեն ցուցակագրել և հուղարկավորել են բոլորին մեկ վայրում, իսկ նրանց հարազատներին հաղորդում էին վերջիններիս անհետ կորելու մասին»,- նշեց Հ. Մելիք-Շահնազարյանը: Ըստ բանախոսի՝ այս դեպքում ադրբեջանական կողմի հաշվարկը շատ պարզ է. Բաքուն փորձում է օգտագործել Ադրբեջանում «Եվրատեսիլ»-ի անցկացման գործոնը և փորձելու է սադրանքների դիմել՝ վստահ լինելով, որ մրցույթի հետ կապված համաշխարհային ուշադրության պամաններում հայկական կողմերը չեն պատասխանի ադրբեջանական սադրանքներին: Սակայն, ըստ քաղաքագետի, վերջին զարգացումները վկայում են այն մասին, որ Բաքվի հաշվարկներին վիճակված չէ իրականություն դառնալ:
No comments:
Post a Comment