Wednesday, June 20, 2012

Ալքիմիան Մահվան կիրճի մոտ. այց Հայոց ցեղասպանության զոհերի եղբայրական գերեզման. Armenian Weekly (լուսանկարներ)

Tert.am. 20-6-2012- «Նրանք հայերին՝ հազարավոր հայերի բերեցին: Նրանց ունեցվածքը խլեցին ու գցեցին անդունդը: Մեր գյուղում մի կին կար: 104 տարեկան էր: Նա է տեսել», - պատմում է քուրդ գյուղացին՝ Դուդան կամ Յուդան Դերե կոչվող տեղանքի մասին խոսելով Armenian Weekly պարբերականի գլխավոր խմբագիր Խաչիկ Մուրադյանի հետ: Մոտակա Չունքուշ քաղաքի ամբողջ բնակչության վերջին հանգրվանը դարձած վայրի ու ապշեցնող բացահայտման մասին գրում է Մուրադյանը «Ալքիմիան Մահվան կիրճի մոտ. այց Հայոց ցեղասպանության զոհերի եղբայրական գերեզման» վերնագրով իր հոդվածում: Այստեղ 1915-ին Չունքուշից 10 000 հայ է սպանվել ժանդարմների կողմից ու լցվել ձորը: Չունքուշի հայերի սպանդը համարվում է Հայոց ցեղասպանության ընթացքում տեղում իրականացված ամենախոշոր ու ամենադաժան կոտորածներից մեկը: Նախ տղամարդկանց՝ 10-10, կապել են իրար ու հանձնել կացնավոր թուրքերին… Կանանց մերկացրել են, խուզարկել, կտրել կոկորդները և նետել ձորը: Որոշ կանայք գերադասել են իրենք իրենց գցել մահվան անդունդը՝ իրենց հետ տանելով երեխաներին, իսկ թշնամուն զրկելով ավարից: Մուրադյանի հետ ճամփորդող արտասահմանցի ընկերներից մեկը նկատել է, որ այդ վայրից այսօր էլ մահվան հոտ է գալիս: Ինքը խմբագիրը գրում է, թե «երբեք այնքան մոտ չի եղել մի բանի, որը կարող է անվանել դժոխքի դարպաս»: Սակայն նրան խոսալու ունակությունից գրեթե զրկել է մեկ այլ բացահայտում. տեղի քրդերը պատմել են, որ գոյություն ունեն «հայկական իրեր», որոնք ի սկզբանե ոսկյա են եղել, սակայն հետո վեր են ածվել պղնձի: Տեղացիների շրջանում հավատալիք կա, որ եթե որևէ մեկը կարողանա կարդալ այդ իրերի վրայի հայերեն գրությունները, դրանք նորից ոսկու կվերածվեն… Հենց այդ խնդրանքով տեղի քրդրերը դիմում են նրան: Ապշահար խմբագիրը համաձայնում է կատարել քրդերի խնդրանքը… Քրդերը ահագին սպասք ու այլ իրեր են բերում, որ պատկանել են հայերին… Սակայն հայտնվում է մեկ այլ քուրդ, հեռախոսազանգ անում ու հայերին տանում ուրիշ ուղղությամբ, հետո նորից զանգում է ու նորից քուրդ ընտանիք է հայտնվում՝ հայերի իրերով…

No comments: