Tuesday, June 5, 2012

Անվտանգության խորհրդի նիստ՝ Արցախի Հանրապետությունում

Tert.am. 5-6-2012- Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հունիսի 5-ին հրավիրել է Անվտանգության խորհրդի նիստ, որի օրակարգում ընդգրկված էին 2012թ. հացահատիկային կուլտուրաների բերքահավաքի կազմակերպման հետ կապված հարցեր: Ինչպես տեղեկացնում է Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը, զեկույցներով և ելույթներով հանդես են եկել վարչապետ Արա Հարությունյանը, գյուղատնտեսության նախարար Անդրանիկ Խաչատրյանը, փրկարար ծառայության տնօրեն Արթուր Հարությունյանը, գյուղի և գյուղատնտեսության աջակցության հիմնադրամի տնօրեն Վահրամ Բաղդասարյանն ու շրջանային վարչակազմերի ղեկավարները: Բերքահավաքը արդյունավետ կերպով կազմակերպելու նպատակով նախագահ Սահակյանը կառավարությանը հանձնարարել է մինչև 2012թ. հունիսի 10-ը հանրապետության գյուղատնտեսության նախարարի գլխավորությամբ ձևավորել օպերատիվ շտաբ, որը կիրականացնի անհրաժեշտ միջոցառումներ և առկա իրավիճակի մասին 10-օրյա պարբերականությամբ տեղեկանքներ կներկայացնի հանրապետության Նախագահին: Բակո Սահակյանն ընդգծել է, որ երկրի համար ռազմավարական նշանակություն ունեցող այս գործընթացի ողջ ընթացքը պետք է լայնորեն լուսաբանվի զանգվածային լրատվամիջոցների կողմից:

No comments: