Tuesday, June 26, 2012

Սերժ Սարգսյանին ժամանակ կտա՞ն

«Լրագիր» 26-6-2012- Արեւմուտքը Միջազգային ճգնաժամային խմբի զեկույցի տեսքով կարծես թե հուշում է Սերժ Սարգսյանին, թե ինչ է նրանից ակնկալում նախագահի ընտրությանն ընդառաջ: “Հայաստան. հմուտ պետական կառավարման հնարավորություն” զեկույցը թերեւս կարելի է համարել ՄՃԽ կառուցողական, պրոդուկտիվ գործունեության եզակի դրվագ, որտեղ, օրինակ ի տարբերություն Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացի վերաբերյալ այդ խմբի զեկույցների մեծամասնության, իրականության թիրախներն ընտրված են առավել ճշգրտորեն: Միեւնույն ժամանակ, զեկույցի առկայությունը թողնում է այն տպավորությունը, որ Արեւմուտքում կասկածներ կան առավել դինամիկ վերափոխումների պատասխանատվությունը ստանձնելու Սերժ Սարգսյանի անկեղծության մասով, ինչի համար էլ առաջացել է ակնկալիքներն ու անելիքները հստակ եւ կոնկրետ բարձրաձայնելու անհրաժեշտություն, դրանց հաղորդակից դարձնելով նաեւ հանրությանը: Այնպիսի տպավորություն է, որ ՄՃԽ զեկույցի տեսքով, Արեւմուտքը հրապարակայնացնում է Սերժ Սարգսյանի հետ իր հարաբերության օրակարգը, փորձելով նրան որոշակիորեն զրկել ժամանակ ձգելու, մանեւրի հնարավորությունից, միեւնույն ժամանակ հանրությանն էլ առաջարկելով առավել աշխույժ լինել Սարգսյան-Արեւմուտք օրակարգի վերահսկողության առումով: Ըստ ամենայնի, Արեւմուտք-Սարգսյան հարաբերության դաշտում առաջացել է որոշակի անհամաձայնություն: Հնարավոր է, որ Սերժ Սարգսյանը տվել է խորհրդարանի ընտրությունից հետո վերափոխումների լայն գործընթաց սկսելու խոստում, Արեւմուտքից ստանալով խորհրդարանի ընտրության իր արդյունքը հավանության արժանացնելու հավաստիացում: Բայց, խորհրդարանի ընտրությունից հետո Սարգսյանը երեւի թե խուսափում է ստանձնած պատասխանատվությունից, այժմ էլ փորձելով ամեն ինչ թողնել նախագահի ընտրությունից հետո եւ այդպիսով Արեւմուտքից ստանալ նաեւ այդ ընտրության իր արդյունքը ճանաչելու հավաստիացում: “Նախագահի ընտրությունից հետո կանեմ անհրաժեշտ քայլերը”, վերափոխում ակնկալող արեւմտյան գործընկերներին թերեւս ասում է Սերժ Սարգսյանը: “Ոչ, մեզ խոստացել եք անել քայլերը խորհրդարանի ընտրությունից հետո, ինչի համար էլ ճանաչել ենք բացարձակ մեծամասնությունը: Ուրեմն պետք է անեք մինչեւ նախագահի ընտրություն”, կարծես թե պատասխանում է Արեւմուտքը Սերժ Սարգսյանին: Գրեթե կասկած չկա, որ Սարգսյանը շուտ չի հանձնվելու եւ փորձելու է համոզել Արեւմուտքին: Ընդ որում, բացառված չէ, որ համոզի, առավել եւս, որ կա Ռուսաստանը: Այդ հանգամանքը Արեւմուտքին մշտապես հետ է պահելու Հայաստանի առաջ կոշտ վերջնագրեր դնելուց եւ Հայաստանի հետ հարաբերությունը խզելուց, քանի որ այդպիսով ընդամենը էլ ավելի է մեծացնելու Ռուսաստանի ազդեցությունը պաշտոնական Երեւանի վրա: Ավելին, օրերս բրիտանական հայտնի Chatham House վերլուծական կենտրոնն էր զեկույց հրապարակել Հայաստանի վերաբերյալ, որտեղ շեշտում էր Մոսկվայից կախվածությունը եւ ընդգծում Հայաստանի ինքնիշխանության խնդիրը: Մյուս կողմից ակնհայտ է, որ Հայաստանի մանեւրի հնարավորությունն էլ սահմանափակ է, որովհետեւ համաշխարհային քարտեզի վրա բավական սահմանափակ են նաեւ Ռուսաստանի հնարավորությունները, եւ Ռուսաստանն ինքը ժամանակ առ ժամանակ ստիպված է փոխզիջման գնալ Արեւմուտքի հետ հարաբերություններում, ընդ որում Մոսկվայի համար բավական նշանակալի հարցերում: Ըստ երեւույթին, հենց սահմանափակ մանեւրի հանգամանքից ելնելով էլ Արեւուտքը փորձագիտական կառույցի անունից բարձրաձայնում է Սերժ Սարգսյանի հետ հարաբերության օրակարգի մասին, հստակ պատկերացնելով, որ Սարգսյանը չունի այդ օրակարգից շատ շեղվելու կամ երկար խուսափելու ռեսուրս: Բանն այն է, որ այդ օրակարգի բարձրաձայնումը ոչ միայն Սարգսյանի, այլ նաեւ նրա արեւմտյան գործընկերների պատասխանատվության հրապարակայնացում է, եւ Արեւմուտքն այդ օրակարգը բացում է թերեւս լավ պատկերացնելով, որ կարող է իրացնել պատասխանատվության իր մասը: ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ

No comments: