Sunday, June 24, 2012

Ադրբեջանական կայքը ներկայացրել է, թե ինչ է ձեռք բերել Ադրբեջանը Իսրայելից

Panorama.am. 23-6-2012- Նախօրեին ադրբեջանական «Հաքքին» լրատվական կայքը մանրամասներ է ներկայացրել Իսրայելից խոշոր քանակությամբ զենք և զինամթերք` Ադրբեջանի ձեռք բերելու մասին: Չնայած նրան, որ գործարքի արժեքը, ընդհանուր առմամբ, գնահատվում էր 1.6 մլրդ դոլար, այնումենայնիվ մանրամասներ չէին հրապարակվում: Ըստ կայքի՝ Ադրբեջանը ձեռք է բերել հականավային 522 կգ կշիռ ունեցող և 300 կմ հեռավորության վրա գործողության հնարավորությամբ «Gabriel-5» հռթիռներ: Ըստ կայքի՝ Ադրբեջանը նախատեսում է օգտագործել այս զինատեսակը իրանական նավերից՝ Կասպից ծովի ափամերձ շրջանները պաշտպանելու գործում: Ադրբեջանը ձեռք է բերել նաև «Heron» և «Searcher» տեսակի հինգական անօդաչու թռչող սարքեր: Նշենք, որ «Heron»-ը դա 4.6 տոննա կշռող անօդաչու թռչող սարք է, որն ի վիճակի է գործել 14000 մետր բարձրության վրա: Մոտ մեկ տոննա օգտակար ծանրաբեռնվածություն կրելու հնարավորությամբ այս սարքը ի վիճակի է մանրակրկիտ ֆիքսել այն ամենը` ինչը գտնվում է երկրի մակերեսին: Սարքի առավելագույն թռիչքի ժամանակահատվածը 36 ժամ է, ինչը թույլ է տալիս «Heron»-ին մրցել ամերիկյան «MQ-9 Reaper» անօդաչու ինքնաթիռի հետ: Իր հերթին «Searcher»-ը կշռում է ընդամենը 2,5 տոննա: Թռիչքի առավելագույն ժամանակահատվածը 20 ժամ է, իսկ գործելու առավելագույն բարձրությունը՝ 7500 մետր: Հակաօդային պաշտպանության ամրացման համար Ադրբեջանը ձեռք է բերել «Barak-8» հակաօդային պաշտպանության կայանները, ինչպես նաև վերջիններիս հարմարեցված 75 հռթիռներ: Նշենք, որ «Barak» հրթիռները կշռում են 98 կգ և նախատեսված թիրախը՝ առավելագույնը 10 կմ հեռավորության վրա խոցելու համար է: Իր հերթին «Barak-8» կայանի ընդհանուր արժեքը կազմում է 24 մլն դոլար: Այս ամենից բացի ադրբեջանա-իսրայելական գործարքի մաս է կազմել նաև «Green Pine» ռադիոլոկացիոն համակարգի ձեռքբերումը, որը ի վիճակի է հայտնաբերել բալիստիկ հրթիռները և ինքնաթիռները մինչև 500 կմ հեռավորության վրա:

No comments: