
«Լրագիր» 23-6-2012- Հայկական մամուլում տեղեկություններ են հրապարակվել, ըստ որոնց Գագիկ Ծառուկյանն ասել է, թե ինքը խորհրդարան չի գնա այնքան ժամանակ, քանի դեռ վարչապետը Տիգրան Սարգսյանն է: Նա ասել է նաեւ, որ ԲՀԿ-ն կողմ կքվեարկեր վարչապետի ցանկացած թեկնածուի, միայն ոչ Տիգրան Սարգսյանի օգտին:
Գոնե այս ձեւով Գագիկ Ծառուկյանը «պաշտոնապես» պարզաբանեց այն իրավիճակը, որ տիրում էր ընտրություններից հետո Հայաստանում: Ընտրության օրվանից հետո երկու շաբաթ «խորհրդավոր» լռություն էր, որի վերաբերյալ ոչ ՀՀԿ-ն, ոչ ԲՀԿ-ն պարզաբանումներ չէին տալիս, եւ որի ժամանակ ենթադրաբար բանակցություններ էին ընթանում ՀՀԿ-ի եւ ԲՀԿ-ի միջեւ: Փաստացի, բանակցության թեման եղել է վարչապետի հարցը, որի մասին հայտարարում էր Վարդան Օսկանյանը ընտրության շեմին, ասելով, որ սա ոչ միայն եւ ոչ այնքան խորհրդարանի, որքան վարչապետի ընտրություն է: Մամուլում տեղեկություններ եղան, որ Գագիկ Ծառուկյանն այդ երկշաբաթյա ժամանակահատվածում ինչ որ «վերջնագիր» է ներկայացրել Սերժ Սարգսյանին: Ըստ ամենայնի, դրա իմաստը եղել է այն, թե ինչ է պահանջում ԲՀԿ-ն նախագահի ընտրությանը Սերժ Սարգսյանին աջակցելու դիմաց: Սակայն, երեւում է, այդ պահանջներն անընդունելի են եղել Սարգսյանի համար, եւ նա մերժել է ԲՀԿ պայմանները: Դժվար է ասել, թե ինչ ընթացք կունենա այս ըստ ամենայնի «կիսատ մնացած» բանակցությունը: Այդ ընթացքում, Սերժ Սարգսյանը քայլեր ձեռնարկեց Սիվիլիթաս հիմնադրամի եւ Վարդան Օսկանյանի դեմ, որն, ըստ փորձագետների, ավելի շատ «հարակից էֆեկտ» է ենթադրում եւ նպատակ ունի թուլացնել ԲՀԿ-ին ու Ծառուկյանին: ԲՀԿ-ն, իր հերթին, կենտրոնացավ միայն վարչապետի վրա եւ խորհրդարանում դեմ քվեարկեց կառավարության ծրագրին, սակայն անմիջապես էլ կողմ քվեարկեց կառավարության ներկայացրած օրենքների նախագծերին: Այս փաստը եւ Ծառուկյանի «խռովելը» վկայում են, որ կամուրջներն այսպես ասած վերջնականապես չեն այրվել, եւ Ծառուկյանը փորձելու է իշխանությունից մաս ստանալ, եւ որքան հնարավոր է՝ էական մաս: Մամուլում, օրինակ, տեղեկություններ եղան, որ նա ԲՀԿ նախկին նախարարներին հորդորել է սպասել մինչեւ սեպտեմբեր: Փաստացի, ընթանում է դիրքային պայքար, որում սակայն քաղաքական տարրը բացառվում է լիովին: Սա իշխանությունը կիսելու եւ ինչ որ պայմանավորվածության հասնելու ներկլանային պայքար է, որքան էլ այն փորձեն քաղաքականացնել եւ հասարակության խնդիրների հետ առնչել: Զուր չէ, որ նույն ԲՀԿ-ն որեւէ հստակ քաղաքական գնահատական չի տալիս նույնիսկ իր կուսակից Օսկանյանի դեմ ձեռնարկվող քայլերին: Ինչպես կասեր Գորիկ Հակոբյանը, «պարտիզանությունը» շարունակվում է: Սակայն, պարտիզանությամբ անհնար է պայքարել կանոնավոր բանակների դեմ: Հայկ Արամյան
No comments:
Post a Comment