Panorama.am. 26-6-2012- Ադրբեջանի ընդդիմադիր «Արդարություն» կուսակցության փոխնախագահ
Մութալիմ Ռահիմլին հայտարարել է, որ ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում Ադրբեջանում դեսպանի պաշտոնում առաջադրած թեկնածուի հաստատման հետ կապված անցկացված լսումների ժամանակ արած արտահայտությունների համար Ռիչարդ Մորնինսգթարը պետք է ներողություն խնդրի Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևից: Այս մասին հայտնում է gafgazinfo.az-ը: «Նա սենատորներին ասել է, որ Ադրբեջանում պետք է պաշտպանի ոչ թե մարդու հիմնարար իրավունքները, այլ իրեն դեսպան նշանակած ուժերի շահերը: Կոչ է անելու Ադրբեջանին հարգանք դրսևորել հրադադարի ռեժիմի հանդեպ: Խոստացել է Ադրբեջանի իշխանություններին հասցնել ԱՄՆ-ի անհանգստությունը Ջուղայի հայկական գերեզմանոցի ավերման կապակցությամբ և կոչ է արել ադրբեջանական կառավարությանը հարգանքով վերաբերվել հայկական մշակութային տարածքներին: Մորնինգսթարը սենատորներին ասել է, որ ամեն ջանք գործադրելու է Ջուղայի գերեզմանոց այցելելու և կատարվածն անձամբ տեսնելու համար: Ավելին` Մորնինգսթարը Իլհամ Ալիևի հայտարարությունն այն մասին, որ իրենց գլխավոր թշնամին հայերն են, «անպատասխանատու և անընդունելի» է համարել, ասել է, որ ներկայացնելու է ամերիկացիների ջանքերը ժխտող փաստեր, ադրբեջանական կառավարությանը կոչ է անելու զուսպ լինել հայտարարություններում և սեփական ժողովրդին պատրաստել ոչ թե պատերազմի, այլ խաղաղության», -նշել է նա: «Նախկին դեսպան Մեթյու Բրայզայի չհաստատվելուն հակառակ` Մորնինգսթարի թեկնածության միաձայն ընդունումը կասկածներ է ստեղծում, որ այդ նշանակումը ծառայելու է Լեռնային Ղարաբաղը իրավական տեսակետից Հայաստանին տրվելու, Ադրբեջանը դիմակայությունների մեջ ներքաշելու և թուրք-մահմեդական պետություններից անջատելու գործին: Նկատի ունենալով այդ բոլորը, Մորնինգսթարի վերոհիշյալ հայտարարությունները պետության ղեկավար Իլհամ Ալիևի, Ադրբեջանի պետության և հասարակության դեմ վիրավորանք և անհարգալից վերաբերմունք եմ գնահատում և պահանջում եմ նրանից անհապաղ ներողություն խնդրել Ադրբեջանի նախագահից և հասարակությունից, հակառակ դեպքում` ադրբեջանական կառավարությունից պահանջում եմ պաշտոնապես persona non grata հայտարարել Մորնինգսթարին», -ասել է Մութալիմ Ռահիմլին:
No comments:
Post a Comment