Saturday, June 30, 2012

Տեսնես ո՞ր պաշտոնյան կհամարձակվի

«Լրագիր» 30-6-2012- Հայկական բանակի սպա, ռազմաբժիշկ Վահե Ավետյանը մահացել է: Նրան դաժանորեն ծեծի էին ենթարկել իշխող ՀՀԿ խորհրդի անդամ Ռուբեն Հայրապետյանի թիկնապահները, նրան պատկանող Հարսնաքար ռեստորանում: Մի քանի օր կոմայի մեջ գտնվելուց հետո, Վահե Ավետյանը մահացել է: Նրա հետ կապված միջադեպից հետո պաշտպանության նախարարությունը մի կցկտուր հաղորդագրություն տարածեց, թե հետամուտ է լինելու միջադեպի բացահայտմանն ու մեղավորների պատասխանատվություն կրելուն: Ո՞վ կհամարձակվի մասնակցել սպանված սպայի հուղարկավորությանը՝ նախագա՞հը, նախարար՞ը, փոխնախարարնե՞րը, ԶՈՒ գլխավոր շտաբի պե՞տը: Երեւի ոչ ոք, որովհետեւ Ռուբեն Հայրապետյանը կարող է նեղանալ նրանցից: Համ էլ Հայաստանի պաշտպանության նախարարությունում այդպիսի ավանդույթ չկա՝ պատվով հողին հանձնել զոհված կամ սպանված զինվորներին, նրանց հուղարկավորությանը մասնակցել ամենաբարձր մակարդակով եւ այդպիսով նպաստել զինվորական համազգեստի եւ կարգավիճակի հանդեպ հասարակական հարգանքի որոշակի մշակույթի ձեւավորմանը: Չկա նաեւ զոհվածների կամ սպանվածների ընտանիքների հանդեպ պետական մակարդակով արժանապատիվ հոգածության մշակույթ, որովհետեւ այդ դեպքում գուցե բավարար փող չմնա նախարարի, փոխնախարարների եւ այլ պաշտոնյաների թանկարժեք ծառայողական մեքենաների համար, դրանց վառելիքի համար եւ նորոգման ծախսերի համար: Երբ խոսքը գնում է մարդկային կյանքի, ողբերգության, երկու փոքրիկների որբության մասին, արդեն բացարձակապես ավելորդ են դառնում հուղարկավորությունների ներկայացուցչականության եւ այլնի մասին խոսակցությունները, բայց այս պետության մեջ գոնե պետք է լինի՞ գեթ մի կետ, որից այն կողմ պետական մակարդակով ցույց կտրվի, որ մարդու կյանքը բարձրագույն արժեք է այդ պետության համար: Մյուս կողմից, պետական պաշտոնյաները ինչ որ առումով ազնիվ են: Նրանց համար մարդկային կյանքն իսկապես արժեք չունի: Նրանց համար արժեք է ռեստորանը, թիկնապահը, շքեղ պայմանները տանն ու աշխատավայրում: Չէ որ Վահե Ավետյանի դեպքի հանդեպ նրանց արձագանքը առաջինը չէ, ու դժբախտաբար՝ շատ քիչ է հավանականությունը, որ վերջինն է լինելու: Հետեւաբար, այդ իմաստով նրանք հանրության եւ պետության հանդեպ ազնիվ ու բարոյական են վարվում, եւ այս դեպքում գոնե ավելորդ ձեւեր չեն թափում, դերասանություն չեն անում: ԵՂԻՇԵ ՄԵԾԱՐԵՆՑ

No comments: