Wednesday, June 27, 2012

ՀՅԴ-ն կարող է Հայաստանում լինել ընդդիմություն, Արցախում՝ իշխանություն և հակառակը

Tert.am. 27-6-2012- Հայ հեղափոխական դաշնակցություն կուսակցությունն ապակենտրոն
քաղաքական կառույց է, և որևէ արտառոց բան չկա նրանում, որ Հայաստանում ՀՅԴ-ն կարող է ընդդիմադիր լինել օրվա իշխանությանը, իսկ և ԼՂՀ-ում ոչ միայն պաշտպանի գործող նախագահին, այլև չլինի ընդդիմություն և հակառակը: Tert.am–ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց ԼՂՀ ՀՅԴ կենտրոնական կոմիտեի ներկայացուցիչ Դավիթ Իշխանյանը և հավելեց, որ նման օրինակները բազմաթիվ են: «90-ականներին եղել են նման դեպքեր, երբ Հայաստանում Դաշնակցությունը կասեցված էր Արցախում Դաշնակցությունը բացահայտ գործում էր, և դրան հաջորդած ժամանակաշրջանում՝ 2004-2005 թթ., Արցախում ՀՅԴ-ն ընդդիմություն էր, իսկ Հայաստանում իշխանության մաս էր կազմում՝ լինելով քաղաքական կոալիցիայի մաս»,- ասաց Դավիթ Իշխանյանը։ «Այնպես որ, անկախ նրանից, թե Հայաստանում Դաշնակցությունն ընդդիմություն է, թե իշխանություն, Ղարաբաղում ՀՅԴ-ն միշտ ունեցել է իր դիրքրորոշումը»: Նրա պարզաբանմամբ՝ այս պահին Արցախում ընդդիմություն լինելու նախադրյալներ տեղի ՀՅԴ կառույցը չի տեսնում: Հիշեցնենք, որ ՀՅԴ-ն Լեռանային Ղարաբաղում հուլիսի 19 –ին նշանակված նախագահական ընտրություններում առաջադրված 4 թեկնածուներից (գործող նանախագահ Բակո Սահակյան, պատգամավոր Վիտալի Բալասանյան, Պետական ագրարարային համալսարանի Ստեփանակերտի մասնաճյուղի փոխտնօրեն Արկադի Սողոմոնյան և գործազուրկ Վալերի Խաչատրյան) պաշտպանում է ԼՂՀ գործող նախագահին: Վիտալի Բալասանյանն էլ, չնայած իրեն և ՀՅԴ-ին վերագրվող կուսակցական առնչություններին, Դավիթ Իշխանյանի խոսքով՝ ապակուսակցական է: Այսօրվա մամուլում տեղեկություն կար, իսկ Facebook սոցիալական ցանցում քննարկում էր ծավալվել այն մասին, թե Արցախի դաշնակցականները սկսել էն լքել կուսակցության շարքերը, քանի որ իրենց կամքին հակառակ հայաստանյան Դաշնակցությունը պարտադրում է առաջիկա ԼՂՀ նախագահական ընտրություններում պաշտպանել ոչ թե ընդդիմադիր Վիտալի Բալասանյանի թեկնածությունը, այլ ներկայիս ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանինը: Ի պատասխան ՀՅԴ տեղի կառույցի ղեկավարը նշելով , որ վերջին շրջանում որևէ մեկը Դաշակցությունից հեռանալու դիմում չի գրել, ոչ էլ ԼՂՀ դաշնակցականներից որևէ մեկը որևէ առիթով հեռացվել է , ապատեղեկատվություն և սադրանք համարեց նման լուրերը: Ի պատասխան հարցի, թե այնումենայնիվ, Բակո Սահակյանին պաշտպանելու որոշումը հայաստանյան կառո՞ւյցի՝ ՀՅԴ Գերագույն մարմնի, թե Արցախի տեղական կառույցինն է, Դավիթ Իշխանյանը ասաց, որ համատեղ:

No comments: