Saturday, June 30, 2012

Պահանջված պարզաբանում…

Մեր կայքում հրապարակված նյութերից մեկը, Սևանի հարսնաքար համալիրում հանգստացողների
պահանջարկի վերաբերյալ, արդարացիորեն հարուցել է մեր բազմաթիվ ընթերցողների զայրույթը և տարակուսանքը: Բանը նրանում է, որ նման նյութի առկայությունը առնվազն անհամետեղելի է այն ողբերգության հետ, որը տեղի էր ունեցել երևանյան նույնանուն ռեստորանում, երբ այդ համալիրների սեփականատեր Ռուբեն Հայրապետյանի թիկնազորը դաժան ծեծի էր ենթարկել զինվորական բժիշկներին, իսկ նրանցից մեկը՝ Վահե Ավետյանը, մի քանի օր շարունակ դուրս չգալով կոմայից՝ նախօրեին մահացել է: Եվ ահա այս ֆոնին Սևանի մասին նյութի հրապարակումը հարուցել էր մեր ընթերցողների, բազմաթիվ մարդկանց զայրույթը և տարակուսանքը: Մենք միանգամայն արդարացի ենք համարում նման վերաբերմունքը, և հարկ ենք համարում ներողություն խնդրել նյութի հրապարակման համար: Տեղի ունեցածը թյուրիմացության արդյունք է, երբ կայքում հայտնվել է առանց անհրաժեշտ խմբագրական միջամտության տարբերակը: Մեր կայքը առաջին իսկ օրը դատապարտել է Հարսնաքարում տեղի ունեցած դաժան հանցագործությունը, առաջին իսկ օրից և պարբերաբար բարձրացրել է ոչ միայն անմիջական կատարողների, այլ նաև նրանց տերերի պատասխանատվության հարցը, այն մշտապես ուշադրության կենտրոնում ենք պահել: Մեք բազմաթիվ հրապարակումներով ներկայացրել ենք մեր այդ դիրքորոշումը, փորձել ենք ընթերցողների հետ կիսվել դրանով և դատապարտեօլ ենք երևույթը և կոնկրետ մասնավոր տեսանկյունից, և ըստ էության համակարգային խորը արմատների և հիմքերի: Մենք երևի թե բոլորից առավել խոսել ենք պատասխանատվության մասին՝ և կոնկրետ, և համակարգային: Միևնույն ժամանակ մենք նաև բարձրացրել ենք հասարակական պատասխանատվության հարցը՝ տեղի ունեցածին համապատասխան և արժանի վերաբերմունք ցուցաբերելու իմաստով: Եվ սևանյան նյութում մեր նպատակն էր հենց ցույց տալ, թե ինչպես է հասարակության մեծ մասը անտարբերությամբ վարակված, ինչպես է հասարակության ճնշող մեծամասնությունը անհաղորդ այն խորքային արատներին, որոնք ունենոմ են նման ողբերգական դրսևորումներ: Հարսնաքարում մարդ են սպանում, իսկ այլ մարդիկ հանգստանում են, զվարճանում են նույն անվան տակ, հրավառություն են կազմակերպում: Մեր նպատակը այս ցինիզմի դրսևորումներից մեկը ցուցադրելն էր: Մեր նպատակը կայանում էր նրանում, որ ի ցույց դնեինք հասարակության անտարբերության այն վտանգավոր մակարդակը, որը նաև իր հերթին արձակում է նրանց ձեռքերը, ում համար մարդկային կյանքը արժեք չի ներկայացնում: Եվ քանի դեռ մարդիկ շարունակում են հոծ խմբերով զվարճանալ ու հանգստանալ, չնկատելով իրենց նմանների հանդեպ տեղի ունեցածը, չգիտակցելով, որ եթե չկա համարժեք քաղաքացիական արձագանքը, քաղաքացիական դիրքորոշումը յուրաքանչյուր նման դեպքին, ապա նման դեպքերը շարունակելու են հանցավոր շարունակականությունը, և այդ ձեռքերը երբեք կանգ չեն առնելու հաշվեհարդար տեսնել հասարակության հետ: Սրա մասին էինք մենք ուզում խոսել, սա էինք ուզում ցույց տալ: Ավաղ, թյուրիմացության արդյունքում ստացվեց բոլորովին այլ տպավորություն, ինչի համար ևս մեկ անգամ հայցում ենք նախ և առաջ Վահե Ավետյանի հարազատների, հետո մեր բոլոր ընթերցողների, բոլոր ազնիվ քաղաքացիների ներողամտությունը: «Առաջին լրատվական»

No comments: