Saturday, June 30, 2012

Մարդակեր համակարգը

«Լրագիր» 29-6-2012- Այսօր զինվորական հոսպիտլում մահացել է զինվորական բժիշկ Վահե Ավետյանը: Նրան հունիսի 17-ին ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Ռուբեն Հայրապետյանին պատկանող Հարսնաքար ռեստորանում դաժան ծեծի էին ենթարկել պատգամավորի թիկնապահները: Վահե Ավետյանը ստացել էր գլխուղեղի ծանրագույն վնասվածքներ եւ կոմայից այդպես էլ դուրս չէր եկել: Հարսնաքարի միջադեպից հետո գործը սկզբում իր վարույթ վերցրեց ՊՆ քննչական վարչությունը, այնուհետեւ, գլխավոր դատախազի որոշմամբ, փոխանցվեց ոստիկանությանը: Բանակի ղեկավարությունը հայտարարեց, թե դա իր պատվի գործն է, սակայն այդ <պատիվը> տեւեց ընդամենը մի քանի ժամ, երբ այդ ժամանակը համակարգն օգտագործեց պայմանավորվելու եւ գործն այդ պայմանավորված հունով տանելու շուրջ: Փաստացի, դրանով քրեաօլիգարխիկ համակարգը հերթական անգամ ցույց տվեց, որ երկրում չկա ոչինչ, այդ թվում բանակի եւ սպայի պատիվն ու կյանքը, բացի իր սեփական կամքից: Համակարգի ներկայացուցիչները հայտարարեցին, որ Ռուբեն Հայրապետյանին պետք չէ կապել իր թիկնապահների, կամ ռեստորանի անվտանգության ծառայության աշխատակիցների գործողությունների հետ, եւ որ բժիշկներին ծեծելու հրահանգը նա չէր տվել: Այդպես է Հայաստանում՝ ոչ ոք ոչ մի բանի հետ կապ չունի, երբ խոսքը կոնկրետ պատասխանատվության մասին է՝ սուխոյ ատկազ եւ ատմազկա: Բանը հասել է նրան, որ Գալուստ Սահակյանը հայտարարում է, թե դրա համար բոլորս ենք մեղավոր: Միջադեպը ցնցել էր հանրությանը: Մամուլում, սոցիալական ցանցերում մեծ աղմուկ բարձրացավ, որը համակարգին ստիպեց գոնե պահել գործի արտաքին շղարշը: Սպասելի էր, որ բողոքի ալիք կբարձրանար հատկապես բանակի սպաների, Վահեի գործընկերների շրջանում: Այնինչ, օրերս տեղեկություն տարածվեց, թե օրինակ բժիշկներն իրենց մասնագիտական տոնը խնջույքով նշել են հենց Հարսնաքար ռեստորանում: Կարեւոր չէ՝ այդպես է եղել, թե ոչ, կարեւորն այն է, որ համակարգը հերթական անգամ այդ տեղեկությամբ նվաստացրեց հասարակությանը, ցույց տալով, որ ուր ուզի՝ կքշի մարդկանց: Հայաստանում հաստատված քրեաօլիգարխիկ համակարգը լիովին ուզուրպացրել է երկրի կենսագործունեության բոլոր ոլորտները, տիրացել բոլոր լծակներին եւ խոր ստրկության մատնել ժողովրդին: Չկա համակարգի մի որեւէ ներկայացուցիչ, որի անունը ուղղակի կամ անուղղակի կապված չլինի սպանությունների հետ: Դա մարդակեր համակարգ է բոլոր իմաստներով, որքան էլ այդ համակարգը սպասարկող այսպես ասած քաղաքական կուսակցությունները, վերլուծաբաններն ու սազանդարները ձգտում են ներկայացնել այլ իրականություն: Բանը հասել է այնտեղ, որ անգամ հայտարարվում է, թե օլիգարխները մեղք չունեն, իշխանությունն է նրանց դրել այդ վիճակում: Կարծես իշխանությունը դուրս է այդ համակարգից: Ահա Գալուստի ասած մեղավորների շրջանակը: Իսկ հասարակությունը, ժողովուրդը պետք է մի անգամ ինքզինքը հարց տա՝ այդ ինչպես եղավ, որ մի քանի հարյուր մարդ իրենով արեց երկիրը, մյուսներին նետելով թշվառության ու նվաստացման մեջ, ստիպելով արտագաղթել, ինքնասպան լինել, կամ համակերպվել իրականությանը: Այ, այս հարցում արդեն հասարակությունն է մեղավոր:

No comments: