Saturday, June 30, 2012

Վահե Ավետյանի հիշատակին Մաշտոցի պուրակում մոմավառություն տեղի կունենա

Այսօր հունիսի 30-ին, ժամը 21:00-ին Մաշտոցի պուրակում տեղի կունենա մոմավառություն՝ որպես հրաժեշտի ակցիա զինվորական հոսպիտալի բժիշկ Վահե Ավետյանի հիշատակին: «Որպես ափսոսանքի և հրաժեշտի ակցիա նվիրված Վահե Ավետյանի հիշատակին, վաղը, բոլորին, ովքեր իրենց ցավն ու վիշտն են կիսում Վահեի հարազատների և ընկերների հետ, հրավիրում ենք հիշատակի մոմավառության», -ասված է «Facebook» սոցիալական ցանցում «Վահե Ավետյանի հիշատակին» անվանումով ստեղծված միջոցառման հայտարարության մեջ: Ֆեյսբուքյան մեկ այլ՝ «Պահանջում ենք պատժել «Հարսնաքար»-ում տեղի ունեցածի բոլոր պատասխանատուներին» անվանումով խմբի անդամներն էլ (2000-ից ավել մասնակից ունի խումբը), դարձյալ Վահե Ավետյանի հիշատակին մոմավառություն է կազմակերպում «Հարսնաքար» ռեստորանային համալիրի մոտ: Ֆեյսբուքում այս միջոցառումը կոչվում ՝ «Մոմավառություն ի հիշատակ Վահե Ավետյանի»: Վահե Ավետյանը մահացել է հունիսի 29-ին ժամը 18:30-ի սահմաններում հունիսի 17-ին ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Ռուբեն Հայրապետյանին պատկանող «Հարսնաքար» ռեստորանային համալիրում անվտանգության աշխատակիցների կողմից դաժան ծեծի հետևանքով ստացած ծանր վնասվածքներից:

No comments: