Saturday, June 30, 2012

Ողջամիտ փոխզիջումների հիման վրա ԼՂ խաղաղ կարգավորմանն այլընտրանք չկա. Սերժ Սարգսյան

Tert.am. 29-6-2012- ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում ողջամիտ փոխզիջումների հիման վրա Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի խաղաղ կարգավորումն այլընտրանք չունի, այս մասին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ասել է հունիսի 28-ին Բրյուսելում Եվրոպական ժողովրդական կուսակցության գագաթնաժողովին ունեցած ելույթում: Ըստ նախագահական գրասենյակի մամուլի ծառայության հաղորդագրության՝ Սերժ Սարգսյանը, խոսելով ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացի ներկա վիճակի մասին, իր մտահոգություններն է ներկայացրել հակամարտության շփման գծում ու հայ-ադրբեջանական սահմանին վերջին շրջանում արձանագրված ադրբեջանական կողմի սադրիչ գործողությունների կապակցությամբ: ՀՀ նախագահն իր խոսքում նաև անդրադարձել է Եվրոպական միության հետ Հայաստանի վերընթաց զարգացող հարաբերություններին, համագործակցության ընդլայնման նպատակով մի շարք ուղղություններով՝ Ասոցացման համաձայնագրի, Մուտքի արտոնագրերի և Ռեադմիսիայի վերաբերյալ համաձայնագրերի, Հայաստան-Եվրամիություն Խորը և համապարփակ ազատ առևտրի գոտու վերաբերյալ ընթացող բանակցություններին, ինչպես նաև Հայաստան-ԵՄ քննարկումներում առանցքային նշանակություն ունեցող՝ Հայաստանում բարեփոխումների լայն օրակարգին: Սերժ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել ԵԺԿ ղեկավարությանը և բոլոր անդամ կուսակցություններին՝ Հայաստանի Հանրապետական կուսակցությանը և հայաստանյան երկու այլ՝ ՕԵԿ և «Ժառանգություն» կուսակցություններին ԵԺԿ մեծ ընտանիքի մաս դառնալու հարցում ցուցաբերած աջակցության համար: Նա նաև վստահություն է հայտնել, որ դա կխթանի Հայաստանի եվրոպական ինտեգրմանն ու մեծապես կնպաստի համագործակցության ծրագրերի իրագործմանը: Սերժ Սարգսյանն իր խոսքում կարևորել է օրվա հիմնական քննարկման թեման՝ նշելով, որ եվրոյի ձախողումը անկանխատեսելի սպառնալիք է ոչ միայն Եվրոպայի ապագայի կամ հարևանների հետ ինտեգրացիոն գործընթացներին, այլև համաշխարհային տնտեսության համար:

No comments: