Monday, June 11, 2012

Ինչու են աճում ինքնասպանությունները

«Լրագիր» 11-6-2012- Հայաստանում վերջին շրջանում ինքնասպանությունների թվի մեծ աճ է նկատվել: Ինքնասպանությունների նման աճը շատ հաճախ բացատրվում է տարածված պատճառներով՝ մի դեպքում շեշտելով սոցիալ-տնտեսական ծանր իրավիճակը, մեկ այլ դեպքում բարոյահոգեբանական անկումը և այլն: Իհարկե, այդ հանգամանքները ևս կարող են ազդել ինքնասպանությունների թվի աճի վրա, բայց գիտական պրակտիկան ինքնասպանությունների հարցում ապացուցել է, որ պատճառները սովորաբար այլ են լինում: Ինքնասպանությունների ամենամեծ հետազոտող, սոցիոլոգ Էմիլ Դյուրկհեյմը քննարկում է ինքնասպանության բազմաթիվ մշակութային, սոցիալական, հոգեբանական, նույնիսկ աշխարհագրական ասպեկտներ, դրանով արդեն իսկ փորձելով ցույց տալ, որ ինքնասպանությունների պատճառները պոպուլիստական հայտարարությունների մակարդակում փնտրել պետք չէ: Հայաստանում ևս շատ դեպքերում ինքնասպանությունները քաղաքականացվում են, ընդ որում ոչ թե քաղաքականության համակարգային, այլ զուտ կուսակցական իմաստով: Այսինքն, ամեն ինչ բացատրվում է այսպես՝ ինքնասպանությունների պատճառը սոցիալ-տնտեսական ծանր վիճակն է, վերջինիս մեղավորն էլ իշխանություններն են: Ինքնասպանությունների թվի նման աճը հատկապես ամառվա ժամանակահատվածում Դյուրկհեյմը բացատրում էր մի հետաքրքիր հիմնավորմամբ: Ամռանը օրերը երկար են, աշխատանքային գրաֆիկը հնարավորինս թեթևացած, ուստիև ազատ ժամանակը մարդուն շատ դեպքերում կարող է տանել գոյաբանական ինչ որ ոլորտներ, ներքին խմորումներ, որոնց մեջ խճճվելը բավական հեշտ է: Նման բազմաթիվ հիմնավորումներ տեսական մակարդակում իհարկե կարելի է բերել: Բայց եթե վերադառնանք խնդրի Հայաստանյան փորձին, ու մի փոքր էլ ամենին քաղաքական ենթատեքստ տանք, կարող ենք ասել, որ ինքնասպանությունների թվի աճն անուղղակիորեն կապված է Հայաստանում հին ու փակ համակարգերի փլուզման ու դրանց հետևանքով առաջացած հասարակական «քաոսի» հետ: Ադաթի, ավանդույթի, կոլեկտիվիստական սկզբունքերով կազմակերպվող կյանքի մոդելները սպառել են իրենց: Սրանք բավական երկար ժամանակ Հայաստանում եղել են կյանքի ապահովման գրավականները ու դեռեւս շարունակում են մնալ այդպիսին: Մնում են մի պատճառով, որովհետև դեռևս չի գտնվել դրանց վերջնական համակարգային այլընտրանքը, այսպես ասած կյանքի ինստիտուցիոնալ կազմակերպումը: Հենց այստեղ է քաղաքականության անելիքը, ընդ որում ոչ թե կուսակցական քաղաքականության, այլ քաղաքականության ընդհանրապես, որպես հասարակության կյանքի բարելավմանը միտված ռազմավարություն: Հայաստանը Հյուսիսային Կորեա չէ, ու ուզած-չուզած աշխարհի հետ պետք է խաղա, խաղա բաց խաղի կանոններով ու այդ խաղի արդյունքում այն փակ օղակները, որոնք զսպում էին նոր երևույթների ներթափանցումներն, ըստ էության քանդվել են: Հին համակարգերը քանդվել են, փոխարենը նորերը դեռևս չեն ստեղծվում, ու ընդամենը քննարկվում է հին համակարգերին վերադառնալու հարցը: Խնդիրը հետևյալն է՝ փակ համակարգում մարդն ազատ չէ ընտրություն անելու, կամ ընտրություն է անում արդեն պատրաստի որոշումների շրջանակում: Բաց համակարգն այլ կերպ է գործում, այս դեպքում մարդն արդեն իսկ ազատ է ցանկացած որոշման ու պատասխանատու է իր որոշման համար: Հայաստանն այսօր անցումային մի փուլում է փակ համակարգերից դեպի բաց համակարգեր, ու հենց ճգնաժամի հետևանքն է, որ ինքնասպանությունների, սոցիալական որոշակի սրացումների ականատես ենք լինում: Ինքնասպանությունների թիվը նվազեցնելու համար խնդրի լուծումը պետք է փնտրել պատճառների, այլ ոչ թե հետևանքների վերացման մակարդակում: Այսօր Հայաստանում ինքնասպանությունների թվի նվազեցումը քննարկվում է կամ սոցիալ-տնտեսական ոչ բարվոք վիճակի, կամ էլ իշխանափոխության կոնտեքստում: Ընդ որում, այն դեպքում, երբ գիտական պրակտիկան ապացուցել է, որ ավելի աղքատ ու համայնական կյանք ունեցող հասարակությունների շրջանում ինքնասպանությունների թիվը միշտ պակաս է եղել: Այս դեպքում, մի կողմից անլուրջ են դառնում քաղաքական դիսկուրսում քննարկվող մտքերը ինքնասպանության մասին, մյուս կողմից Հայաստանի նոր քաղաքականությունը խնդիր է ստանում անդրադառնալ այս հարցին: Խնդիրն, ընդ որում, ոչ միայն ռեալ պոլիտիկսի կամ իշխանության ու ընդդիմության կողմից վարվող քաղաքականության, այլև ընդհանրապես Հայաստանի Հանրապետություն սուբյեկտի ներքին քաղաքականության մասին է: Հայաստանում նոր հեռանկարային սոցիալական ռազմավարություն որպես այդպիսին չկա, չկա մշակված քաղաքական կոնցեպտ, որը կփոխարիներ հասարակական գոյակցության հին համակարգին: Հայաստանը շատ դեպքերում միայն արտաքին անվտանգության ու պաշտպանության խնդիրներ է լուծել, ըստ էության հասարակական ինքնակազմակերպումը թողնելով ինքնահոսի: Քաղաքականությունը հասարակությանը չի ապահովել համապատասխան ինստիտուտներով, որոնք պետք է համայնական մոդելից անհատական/քաղաքացիական մոդելի անցման ընթացքում անհատին ապահովեին համապատասխան հնարավորություններով: Հին, ադաթի վրա հենվող տեքստն արդեն ավարտվում է, ու քաղաքականությունը, որն ինքը հաճախ այդ ադաթի վրա է հիմնվում, կարող է ճգնաժամի մեջ հայտնվել: Լեւոն Մարգարյան

No comments: