Saturday, June 30, 2012

Հասարակությունը պահանջում է խստագույն պատիժ. օրվա թերթերը` Վահե Ավետյանի մահվան սահմռկեցուցիչ դեպքի մասին

Այսօրվա թերթերն անդրադարձել է հունիսի 17-ին «Հարսնաքար» ռեստորանային համալիրում ծեծի
ենթարկված, ՊՆ կենտրոնական կայազորի ռազմական հոսպիտալի ԼՈՌ բաժանմունքի պետ, բուժծառայության մայոր 35-ամյա Վահե Ավետյանի մահվան դեպքին` արտահայտելով իրենց ցասումն ու զայրույթը: Դեպքի մասին «Հայկական ժամանակը» գրում է. «Եվ հիմա ավելի է սրվում հարցերի հարցը` այս սահմռկեցուցիչ հանցագործությունը ամբողջությամբ կբացահայտվի՞ թե' ոչ, կպատժվե՞ն բոլոր հանցագործները, թե՞ միայն ծեծի անմիջական մասնակիցներից ոմանք: Օրերս պարզվեց, նաև ոստիկանությունը, ըստ էության, պաշտոնապես հաստատեց, որ ծեծողներից ամենաակտիվը` Գարիկ Մարգարյանը, ոչ թե «Հարսնաքարի» անվտանգության աշխատակիցն է, այլ այդ ռեստորանի տիրոջ` Աժ պատգամավոր Ռուբեն Հայրապետյանի անձնական թիկնապահը: Բազմաթիվ տեսակադրեր ապացուցում են, որ Մարգարյանը ամենուր ուղեկցում է Հայրապետյանին: Ու դժվար է հավատալ, որ հենց այդ օրը նա չի եղել իր շեֆի հետ: Ամենահավանականն այն է, որ ծեծի պահին շեֆը եղել է ռեստորանում կամ իմանալով, որ ռեստորանում ինչ-որ մարդիկ «իրենց լավ չեն պահում», իր թիկնապահին ուղարկել է չարաճճի հաճախորդներին «դաստիարակելու» գործը տեղում ղեկավարելու նպատակով: Իրավապահների համար սա դժվար չէ պարզել: Պետք է ընդամենը մի քանի պարզ քննչական գործողություն կատարել: Մի խոսքով, այս հանցագործությունը շատ հեշտ է բացահայտել: Միայն ցանկություն է պետք: Այ հենց այստեղ է, որ մեղմ, շատ մեղմ ասած` կասկածներ կան: Ախր խոսքը Սերժ Սարգսյանի ամենամտերիմ օլիգարխի` Ռուբեն Հայրապետյանի` հայտնի Նեմեցի մասին է»: Իր խմբագրականում «Հրապարակը» նշում է. «Բառերն անզոր են նկարագրելու, թե ինչ է զգում այս պահին մեր հասարակության առողջ հատվածը, անսահման վրդովմունքն ու անզորության զգացումը, ափսոսանքն ու վրեժխնդիր լինելու ձգտումը, կարծում եմ, շատերի հոգում է փոթորկվում: Հույս ունեմ, որ այդ մարդակերպ գազանները խստագույնս պատժվելու են: Եվ անպայման պատժվելու է նրանց «տերը»: Այս օրերին շատերն են խոսում այդ թեմայով, չքմեղանալով, թե ինչ մեղք ունի Ռուբեն Հայրապետյանը, որի օբյեկտում է կատարվել դեպքը: Կուսակիցները փորձում են արդարացնել ու պաշտպանել նրան: Մեղավոր է, պարոնայք, անպայման մեղավոր է: Նա ինքն է ձևավորել իր շրջապատում այդ «սամասուդի» մթնոլորտը: Երբ իր թիկնապահներից մեկին ծեծում էր, երբ լրագրողի էր հայհոյում, երբ ցինիկ ու հեգնական արտահայտություններ էր անում ընդդիմության ու նրա առաջնորդի հասցեին: Եվ երբ դուք նրա ձեռքը չէիք բռնում, չէիք պատժում լկտի արարքների ու սանձարձակ խոսքի համար, դուք էլ ձեր նպաստն էիք բերում»: «Չորրորդ ինքնիշխանությունը» ուշադրություն է հրավիրում հետևյալ հանգամանքի վրա. «Նեմեցին չեն կալանավորել: Եվ ամեն անգամ այսպես է լինում: Օլիգարխի մոտ համբալ աշխատողներին, նման դեպքերում, կալանավորում և մի քանի տարի իբր անազատության մեջ են պահում: Տխուր վիճակագրություն է, բայց փաստ` համբալները շակալի նման հարձակվում են չկզող քաղաքացու վրա այն դեպքում, երբ գիտակցում են, որ գործատուն, տվյալ պարագայում` Ռուբեն Հայրապետյանը, կանգնած է «իրենց մեջքին»: Վահեին սպանելով` Նեմեցի համբալները կասկած չեն ունեցել, որ Նեմեցն առաջին փուլում ամեն ինչ կանի, որ մեղմ հոդվածներ առաջադրվեն, ապա ամեն ինչ կանի, որ դատարանում նրանք նվազագույն պատիժը ստանան, հետո էլ բերդում տիրություն կանի, ու մարդասպաններն իրենց գործատուի «պրախոդով» հանգիստ կֆռֆռան գաղութում` հարկ եդած դեպքում լավ տղա «աշխատելով»: Ռուբեն Հայրապետյանին պետք է զրկել մանդատից, պետք է գրկել խայտառակ անելով` հասարակական պարսավանքի ենթարկելով: Ռուբեն Հայրապետյանն ու նրա ընտանիքի անդամները, ինչպես նաև Նեմեցին սպասարկող համբալներն ու նրանց ընտանիքները պետք է չկարողանան տնից դուրս գալ և այս քաղաքում հանգիստ խղճով քայլել: Ռուբեն Հայրապետյանին ու նրա ընտանիքին պատկանող բիզնեսը` «Հարսնաքար» ռեստորանը պետք է փակել` որպես սպանդանոց: Ի դեպ` սա առաջին դեպքը չէ, երբ ռեստորան կոչված այս շենքում մարդկային ճակատագրեր են խեղվում: Ռուբեն Հայրապետյանին պետք է կանչել պատասխանատվության: Նա է պատասխանատու իր վարձու մարդասպանների գործողությունների համար, որովհետև անվտանգության աշխատակիցը առաջնորդվում է բացառապես «շեֆի» ցուցումներով»: «Սա հերթական ողբերգությունն է, որ ապրում է մեր հասարակությունը քրեաօլիգարխիկ համակարգի հետևանքով: Վահե Ավետյանը հերթականն է ծեծվածների, սպանվածների, ինքնասպանության հասցվածների, նվաստացվածների, խաբվածների, իրավազրկվածների մեջ: Իսկ այդ շարքին արդեն ոչ սկիզբ կա ու թվում է` ոչ էլ վերջ: Վերջ չի լինի, քանի դեռ հասարակությունը չի որոշի, որ այդ ամենին պետք է վերջ դնել, քանի որ այլևս չկա որևէ հույս, որ ինչ-որ մեկի շնորհիվ հնարավոր է անել դա: Երբ Վահե Ավետյանի հետ այդ ողբերգական դեպքը պատահեց, շատերը բարձրաձայնում էին, որ այստեղ բանակի, սպայի պատվի խնդիրն է, ու Պաշտպանության նախարարությունը պետք է հետամուտ լինի այդ ամենին, մեղավորների բացահայտմանը: Իրականում, սակայն, սա հասարակության պատվի հարցն է, սա հասարակության գոյության հարցն է, և այստեղ հասարակությունն է, որ պետք է հետամուտ լինի մեղավորների պատասխանատվությանը»,- իր հերթին գրում է «Ժամանակը»: Նշենք, որ սարսափելի այս պատմությունը անասելի վիշտ է պատճառել բոլորին ու քննարկման բուռն թեմա դարձել նաև սոցիալական ցանցերում: Այստեղ ստեղծվել են խմբեր, որոնք քննարկում են, թե ինչպես պետք է արձագանքել տեղի ունեցածին: Հիշեցնենք, որ հունիսի 17-ին ԱԺ պատգամավոր, ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանին պատկանող «Հարսնաքար» ռեստորանային համալիրում անվտանգության աշխատակիցները ծեծի էին ենթարկել զինվորական հոսպիտալի նեյրովիրաբուժության բաժանմունքի միկրովիրաբույժ Արտակ Բայադյանին, կլինիկական օրդինատոր, ավագ լեյտենանտ Գարիկ Սողոմոնյանին և Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալի ԼՈՌ բաժանմունքի ղեկավար, մայոր Վահե Ավետյանին, ով օրեր շարունակ գտնվում էր ծայրահեղ ծանր վիճակում: Նա ուժեղ հարվածներից ստացել էր ուղեղի այտուց, իսկ մի կիսագունդը թեքվել է դեպի մյուս կիսագունդը: Երեկ ժամը 19-ի սահմաններում նա մահացավ:

No comments: