Saturday, June 9, 2012

Թուրքիան կմիջամտի՞ պատերազմին

ՆԱՏՕ-ում տեղի է ունենում Թուրքիայի քաղաքականության եւ դիրքորոշման վերաիմաստավորում, սակայն այդ քննարկումն իրենից դեռ պաշտոնական կամ նույնիսկ ծառայողական խոսակցություններ չի ներկայացնում: Դրանք ոչ ֆորմալ զրույցներ են, այս կամ այն աստիճանի բացության եւ մանրամասներով: ՆԱՏՕ-ի անդամ պետությունները, որոնց միջեւ որոշակի պայմանավորվածություններ կան ընդհանուր եւ այլ քաղաքական հարցերի շուրջ, վաղուց արդեն խորհրդակցություններ են անցկացնում այս թեմայով, այդ թվում, ռազմական շրջանակներում: Ավելի վաղ այս քննարկումների հիմնական նախաձեռնողները Ֆրանսիան ու Հունաստանն էին, սակայն այժմ ՆԱՏՕ-ի գրեթե բոլոր անդամներն էլ շահագրգռված են այդ քննարկումներով: ՆԱՏՕ-ն չի կարող մեկուսացվել ընդհանուր քաղաքական խնդիրներից ու գործընթացներից եւ այս կամ այն կերպ մտնում է քաղաքական քննարկման մեջ, որը ներառում է այս կամ այն պետությունների պահվածքի խնդիրները: Վերջին ժամանակներս ԱՄՆ-ն շահագրգռված է այդ քննարկման տարածմամբ, սակայն փորձում է լինել քննարկումների հետնապահը՝ հնարավորություն տալով մյուս պետություններին՝ իրենց վրա նախաձեռնություններ վերցնել Թուրքիայի քաղաքականության խնդիրների վերաբերյալ: Տարածված այն կարծիքը, որ Թուրքիան ֆորմալ հետեւում է ՆԱՏՕ-ի կանոնակարգին եւ դաշինքի ներսում վարվելակերպին, չի համապատասխանում իրականությանը: Թուրքիան ավելի ու ավելի հաճախ է ՆԱՏՕ-ի կողմից անիրականանալի պահանջներ առաջ քաշում դաշինքի գործունեությունում, նախեւառաջ պաշտպանության եւ անվտանգության հարցերով: Կիպրոսի հարցից բացի, Թուրքիան ՆԱՏՕ-ից պահանջում է ավելի մեծ ջանքեր գործադրել իր պաշտպանությունն ու անվտանգությունն ամրապնդելու համար, չնայած որ իրական սպառնալիքներ չկան: Օրինակ, այն առաջ է քաշել իրեն օգնություն տրամադրելու պահանջը՝ կապված Սիրիայի հետ սահմանին մանր միջադեպերի հետ: Այսինքն, փորձում է ոչ միայն ՆԱՏՕ-ին տարածաշրջանում հակամարտության մեջ ներքաշել, այլեւ ընդգրկվել այդ գործընթացներում՝ օգտվելով ՆԱՏՕ-ի լեգիտիմ որոշումներից: Չիկագոյում ՆԱՏՕ-ի վեհաժողովի նախապատրաստության ժամանակ Թուրքիան առաջ է քաշել հակամարտությունների եւ ճգնաժամերի, այդ թվում, ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ կոմյունիկեն փոփոխության չենթարկելու վերաբերյալ պահանջ: Դա լիովին հակասում է ՆԱՏՕ-ի ռազմավարական խնդիրներին եւ նրա քաղաքականության էությանը: Առավել կարեւոր խնդիր է դարձել Թուրքիայի ապակառուցողական դիրքորոշումը Եվրամիության եւ ՆԱՏՕ-ի միջեւ Անվտանգության պակտի վերաբերյալ: Փորձագետների գնահատականով, ՆԱՏՕ-ին եւ Եվրամիությանն ավելի ու ավելի շատ է անհանգստացնում Բալկաններում Թուրքիայի գործունեությունը, որտեղ նա մուսուլմանական երկրներին ու էթնոսներին միակողմանիորեն աջակցելու դիրք է բռնել, ինչը հակասության մեջ է մտնում Արեւմտյան հանրության քաղաքականության հետ: Փորձագետների գնահատականով, Միջերկրական ծովում եւ Մերձավոր Արեւելքում ՆԱՏՕ-ի գործունեությունը կարող էր առավել ակտիվ լինել, եթե չլիներ Թուրքիայի ռազմական միջամտության սպառնալիքը՝ որպես ՆԱՏՕ-ի անդամ: Միջերկրական ծովում ԱՄՆ, Հունաստանի եւ Իսրայելի ռազմական մանեւրներն անցել են առանց Թուրքիայի, որովհետեւ ինքն է հրաժարվել դրանց մասնակցելուց: Բացի այդ, Միջերկրական ծովում ձեւավորվում են տարբեր երկրների եւ երկրների խմբերի նոր շահեր, որոնք ելնելով հենց Թուրքիայի քաղաքականությունից, փորձում են նոր տարածաշրջանային բլոկներ ստեղծել: Միջերկրական ծովի Արեւելյան հատվածում նոր իրողություններ են ստեղծվելու պաշտպանության եւ անվտանգության ոլորտում: Ներկայում Հունաստանի եւ Թուրքիայի հարաբերությունները պաշտպանության եւ սպառազինությունների գծով լիովին թափանցիկ են, նրանք ամեն ինչ գիտեն միմյանց մասին, ինչ անհրաժեշտ է: Սակայն դա չի նշանակում, որ հարաբերություններում խնդիրներ չկան: Թուրքիան սպառազինության մեջ առաջ անցնելու ուղություն է վերցրել, եւ Հունաստանն այդ մասին բազմիցս հայտարարել է ՆԱՏՕ-ին: Հունաստանը չի փորձում Բալկաններում որեւէ ռազմական կամ քաղաքական բլոկ ստեղծել ընդդեմ ՆԱՏՕ-ի: Դա աբսուրդ կլիներ, եւ անհնար է, հաշվի առնելով Հունաստանի լիակատար հավատարմությունը ՆԱՏՕ-ին եւ Եվրամիությանը: Սակայն, այդուհանդերձ, անհնար է ուշադրություն չդարձնել Բալկաններում Թուրքիայի էքսպանսիոն քաղաքականությանը: Հունաստանը կարծում է, որ կարեւոր դեր է խաղացել Բալկաններում ուղղափառ ժողովուրդների իրավունքների պաշտպանության գործում պատերազմի եւ ՆԱՏՕ-ի գործողությունների ժամանակ: Հնարավոր է, տարածաշրջանում իրավիճակն այլ լիներ, քիչ ավելի անարդար, եթե Հունաստանը չմասնակցեր քննարկումներին ՆԱՏՕ-ում եւ խաղաղարար գործողություններին: Թուրքիայի հետ ԵՄ եւ ՆԱՏՕ-ի հարաբերությունների առավել լուրջ հարցը մնում է Կիպրոսի հարցը: Դրա հետ մեկտեղ, ավելի լուրջ հարց գոյություն ունի, որը երկարաժամկետ ու ռազմավարական նշանակություն ունի: Դա հենց Թուրքիայի տարածաշրջանային քաղաքականությունն է, որը շատ է անհանգստացնում Արեւմտյան հանրությանը: Հենց խնդրի այդ կողմն է հանգեցնում նրան, որ Թուրքիայի քաղաքականությունը դառնալու է ՆԱՏՕ-ում նոր ճգնաժամի առաջնային գործոն, եւ այդ ճգնաժամն արդեն սկսել է: Հաշվի առնելով վերջին իրադարձությունները՝ հետաքրքրություն են ներկայացնում Թուրքիայի ռազմական միջամտության հնարավորության վերաբերյալ դիտարկումները Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հնարավոր հակամարտության դեպքում, եւ թե ինչպես է ՆԱՏՕ-ն դիտարկում թուրք-ադրբեջանական պայմանագիրը պաշտպանության եւ անվտանգության վերաբերյալ: Ոչինչ չի կարելի բացառել մասշտաբային պատերազմի պայմաններում, եւ եթե Ադրբեջանը աղետալի ռազմական պարտություն կրի: ՆԱՏՕ-ում նման գնահատական չկա: Գնահատականներ կան Հարավային Կովկասի պետությունների զինված ուժերի դրության վերաբերյալ՝ հիմնված տարածաշրջանի տարբեր աղբյուրներից ստացված տեղեկությունների վրա: Հայաստան ու Ադրբեջանը, չնայած վերջինիս կողմից մեծ քանակի սպառազինությունների ձեռքբերմանը, դեռեւս պահպանում են ուժերի հավասարակշռությունը, եւ որոշակի առումով Հայաստանը շարունակում է առավելություն ունենալ ինչպես սպառազինությունների, այնպես էլ անձնակազմի պատրաստվածության մասով: Ադրբեջանը բազմաթիվ խնդիրներ ունի զինված ուժերում եւ պատրաստ չէ պատերազմ վարել մշակած նախագծերին համապատասխան: Դա լավ գիտի նաեւ Թուրքիան: Առավել կարեւոր արտաքին զսպող գործոնը դեռեւս Ռուսաստանի եւ ՀԱՊԿ հետ Հայաստանի համագործակցությունն է: Սեւ ծովի եւ Կովկասի տաևածաշրջաններում, իրոք, ուժերի հավասարակշռություն է պահպանվում երկու հիմնական պետությունների՝ Ռուսաստանի եւ Թուրքիայի միջեւ: ՆԱՏՕ-ն եւ Եվրամիությունը բացաձակապես չեն ընդունի հնարավոր իրադարձություններին Թուրքիայի միջամտությունը, եւ եթե Թուրքիան որոշի գնալ դրան, ապա մեխանիկորեն կբարձրանա ՆԱՏՕ-ում մնալու հարցը: Սակայն նրան լուրջ տհաճություններ են սպասվում, քանի որ նա կկորցնի իր դերը միջազգային եւ տնտեսական հարաբերություններում, կոշտ սանկցիաներ կկիրառվեն, որոնց հաղթահարումը շատ բարդ կլինի: Հայաստանը ՆԱՏՕ-ին ու Եվրամիությանը, ինչպես նաեւ ԱՄՆ-ին ու Ֆրանսիային շատ է հետաքրքրում, եւ նրանք պատրաստ են նպաստել ոչ միայն ռազմական ոլորտում Հայաստանի պատրաստվածությանը, այլեւ Թուրքիայի հետ երկխոսությունում որդեգրել առավել հայամետ դիրքորոշում: Թուրքիայի եւ Ադրբեջանի միջեւ պայմանագիրը լեգիտիմ չէ ՆԱՏՕ-ի կանոնակարգի եւ կանոնների տեսակետից: Թուրքիան այդ պայմանագիրը չի քննարկել ՆԱՏՕ-ի հետ եւ այդպիսով դուրս է բերել նրան դաշինքի դիտարկման դաշտից: Տվյալ պայմանագրի համաձայն՝ Թուրքիան պետք է ռազմական օգնություն ցույց տա Ադրբեջանին, այսինքն, նկատի ունի ռազմական միջամտություն: Սակայն դա ուղղակիորեն հակասում է ՆԱՏՕ-ի կանոնակարգին: ՆԱՏՕ-ի անդամներն իրավունք չունեն մասնակցել ռազմական գործողությունների առանց ՆԱՏՕ-ի կամ ՄԱԿ-ի որոշումների: Ոչ մեկ, ոչ էլ մյուս որոշումը չի լինի Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ պատերազմի դեպքում: Թուրքիայի ռազմական միջամտության արդյունքը կարող է դառնալ ՆԱՏՕ-ից նրա դուրս գալը: Ինչ վերաբերում է հարցին, թե Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ պատերազմում ինչպես է ընդունվելու ագրեսորին սահմանելու որոշումը, կարելի է պնդել, որ ՆԱՏՕ-ն եւ միջազգային հանրությունը համարժեք իմանալու է, թե ով է ագրեսորը, սակայն հազիվ թե դրանով հանդերձ միակողմանի գնահատական տրվի: ՆԱՏՕ-ն եւ Եվրամիությունը կփորձեն դադարեցնել ռազմական գործողությունները՝ նախեւառաջ քաղաքական լծակներ կիրառելով: ԱՄՆ վարչակազմը լավ տեղեկացված է Հարավային Կովկասի իրավիճակի վերաբերյալ եւ պատրանքներ չի տածում ղարաբաղյան խնդրի լուծման հեշտության վերաբերյալ: ԱՄՆ-ն ավելի շուտ կփորձի ցույց տալ «տուժած» կողմին՝ Ադրբեջանին եւ նրա դաշնակից Թուրքիային իր պատրաստակամությունը՝ ջանքեր գործադրել այդ խնդրի լուծման համար: Օբամայի վարչակազմն իր դրական վերաբերմունքը կցանկանար ցույց տալ եւ Հայաստանին, եւ ԱՄՆ հայերին: ԱՄՆ առջեւ կանգնած է Ֆրանսիայի եւ Ռուսաստանի քաղաքականությունը տարածաշրջանում, նախեւառաջ Ղարաբաղի հարցով, ամբողջովին անտեսելու խնդիրը: Դրա հետ մեկտեղ, Ֆրանսիայի եւ Ռուսաստանի հետ ԱՄՆ հարաբերություններում ներկայում էական տարբերություններ չկան: Ամերիկացիները թույլ են տալիս ֆրանսիացիների քաղաքական եւ դիվանագիտական ջանքերի ներգրավումը եւ դրա օգտագործումը Հայաստանի վրա ազդեցության համար: Ռուսաստանին էլ հատկացված է հաշտեցման գործում ինքնուրույն դերակատարի դերը, Մինսկի խմբի պահպանման պայմանով: Չնայած ամերիկա-ռուսական հարաբերություններում կովկասյան տարածաշրջանի հարցում կարող են անսպասելի շրջադարձեր լինել: Տվյալ խորհրդածություններն արտացոլում են իրերի իրական դասավորությունը, եւ ճիշտ չէր լինի մերժել Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ պատերազմում Թուրքիայի միջամտության հիմնական սկզբունքային սահմանափակումները, սակայն մեծ պատերազմի ծավալման դեպքում իրականությունը կարող է նշանակալիորեն ճշգրտվել: ԱՄՆ-ն եւ ՆԱՏՕ-ն ելնում են այն բանից, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ սպասվելիք պատերազմը վերահսկելի է լինելու, ինչը թույլ կտա տարածաշրջանում զսպել լարվածության հետագա աճը: Հենց դրա վրա էլ հիմնված են ատլանտյան նախագծողների եւ քաղաքական գործիչների ներկայիս հայացքները: Այսպես թե այնպես, կցանկանա արդյոք Թուրքիան իր պրոտեկտորատ Ադրբեջանին պարտված եւ տուժած տեսնել, առավել եւս, որ հասկանում է, որ գործնականում ՆԱՏՕ-ում իր բոլոր գործընկերները ցանկանում են Ադրբեջանի ռազմական պարտությունը, ինչպես նաեւ ռուս-թուրքական ուժեղ առճակատումը, որպեսզի Թուրքիային ցույց տան նրա իրական տեղը տարածաշրջանային քաղաքականությունում: Իգոր Մուրադյան

No comments: