Wednesday, June 27, 2012

«Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու շահագործմամբ կվերականգնենք վաղեմի Մետաքսի ճանապարհը». Իլհամ Ալիև

1in.am. 27-6-2012- Ռուսական Regnum լրատվական գործակալության փոխանցմամբ՝ երեկ Ստամբուլում տեղի ունեցած Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության (ՍՏՀԿ) 20-րդ գագաթնաժողովում ունեցած ելույթում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն անդրադարձել է կառուցվող «Բաքու-Թբիլիսի-Կարս» (ԲԹԿ) երկաթուղու կառուցման խնդրին. «ՍՏՀԿ-ի ստեղծումը համընկավ Ադրբեջանի անկախության հռչակման հետ: Անկախություն ստանալուց ի վեր՝ Ադրբեջանն ակտիվորեն մասնակցել է տարածաշրջանային նախագծերին և ակտիվություն է դրսևորել ՍՏՀԿ-ում: Էներգետիկ և տրանսպորտային ոլորտներում Ադրբեջանի իրագործած և ավարտին հասցրած նախագծերը փոփոխել են տարածաշրջանի էներգետիկ ու տրանսպորտային քարտեզը: Մենք ակնկալում ենք, որ այս տարվա վերջին կավարտվի ԲԹԿ-ի կառուցումը: Շահագործման հանձնելով ԲԹԿ երկաթուղին՝ մենք դրանով իսկ կվերականգնենք վաղեմի Մետաքսի ճանապարհը: ԲԹԿ-ն կմիավորի ոչ միայն երեք երկրներին, այլև ավելի լայն իմաստով՝ Եվրոպան և Ասիան: Մենք հաջողությամբ ավարտին ենք հասցնում այս նախագծի իրագործումը: Հիշում եմ, որ դեռևս 5 տարի առաջ ՍՏՀԿ-ի գագաթնաժողովում ունեցած ելույթումս հայտարարեցի, որ շուտով մեկնարկելու է ԲԹԿ երկաթուղու կառուցումը: Իսկ այժմ հայտարարում եմ, որ ԲԹԿ-ի կառուցման աշխատանքները կավարտվեն տարեվերջին և երկաթուղին կսկսի գործել հաջորդ տարվանից»: Հիշեցնենք, որ այս տարվա ապրիլի կեսերին էլ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանը հայտարարել էր, թե անհրաժեշտ է պատմական Մետաքսե ճանապարհը վերածել երկաթուղային մետաքսե ճանապարհի՝ նկատի ունենալով ԲԹԿ ու Մարմարա երկաթուղային նախագծերի իրագործումը:

No comments: