Thursday, June 7, 2012

Հայ-ադրբեջանական պատերազմի կանխարգելման հավանականությունը

«Լրագիր» 6-6-2012- Ոչ մի գիտակից և լրջախոհ մարդ կամ անձնավորություն չի կարող վիճարկել այն թեզը, համաձայն որի` պատերազմից խուսափելու լավագույն տարբերակը կամ հնարավորությունը միշտ պատերազմին պատրաստ լինելն է: Այս թեզի ճշմարտացիության օգտին խոսող բազմաթիվ փաստարկների շարքում, այն է` բանակաշինության անընդհատ և անդադար գործընթաց, զինվորական կարգապահության անշեղ վերելք և մարտական ունակությունների կատարելագործում, սպառազինությունների հարաճուն կուտակում և դրանց յուրացում, առանձնահատուկ նշանակություն և կարևորություն է ստանում նաև ակտիվ և արդյունավետ գործողությունների նախաձեռնումը «անտեսանելի ճակատում», այսինքն` հակառակորդ երկրի` Ադրբեջանի սոցիալ-քաղաքական, ազգակրոնական, ազգամշակութային առնձնահատկությունների ուսումնասիորության բնագավառում նախ և առաջ «ճգնաժամային ազգաքաղաքականությանը» բնորոշ համալիր գործիքակազմի ճշգրտման, դրանց անշեղ կիրառման տեսանկյունից, ինչը լիարժեքորեն տեղավորվում է հայ-ադրբեջանական հակամարտության և միջպետական պատերազմի հավանականության նվազեցման տրամաբանության և հստակ նպատակադրվածության շրջանակներում: Այս առումով, հաշվի առնելով ադրբեջանական հասարակության կլանային ընդգծված բնույթն ու սոցիալական խորը շերտավորվածությունը, ինչպես նաև աչքի առաջ ունենալով նրա ազգային տարասեռ, խայտաբղետ կազմն ու միջցեղային հակասությունների առկայությունը, կարծում եմ, որ այս զորավոր փաստարկների առկայությունը արդեն իսկ տեսական-եղանակաբանական հիմնավոր նախադրյալներ և գործնական նպաստավոր պայմաններ կարող է նախանշել ներհակամարտային այնպիսի սցենարների և վերլուծակառավարային լծակների օգտագործմամբ այնպիսի գիտափորձերի մշակման ու կիրառման համար, որոնք ուղղված լինեին ինչպես ադրբեջանական հասարակության տարբեր շերտերում, մասնավորապես` նրա բարձրագույն ստրատներում ներհակամարտային ներուժի և ռեսուրսների ամբողջական դրսևորմանը, այնպես էլ ազգային ինքնության հստակ նշաններ ցուցանող թաթերի, թալիշների, լեզգիների և այլ ժողովուրդների ազգային-ազատագրական պայքարի խթանմանը: Այս խնդրի իրագործումը, սակայն, հնարավոր չէ պատկերացնել առանց որակյալ և բարձրակարգ մասնագետների բազմակողմ ընդգրկմամբ վերլուծախորհրդատվական ստորաբաժանման կամ էլ ծառայության ձևավորման կամ էլ ստեղծման, այնպիսի ստորաբաժանման, որի գործունեության ակն ու առանցքը լիներ Ադրբեջան պետության ազգասոցիալական կազմի ներհակամարտային ռեսուրսների և կողմնորոշման փորձագիտական աշխատանքի գիտակիրառական և գիտահետազոտական կողմերի հետևողական նախապատրաստումն ու անցկացումը: Այս ամենը ենթադրում է բազմաբնույթ միջոցառումների ու քայլերի իրականացում, օրինակ` ադրբեջանական հասարակության մեջ տիրող քաղաքական, կրոնական, ազգային, միջցեղային հակասությունների ու տարաձայնությունների խոր և սպառիչ վերլուծություն, դրանց վերաբերյալ բոլոր փաստերի համադրում ու համակարգում, հետագայում, ըստ անհրաժեշտության այն օգտագործելու հստակ դիտավորությամբ ու նկատառումներով, կամ էլ Ալիև կրտսերի իշխանության նկատմամբ թշնամաբար տրամադրված ընդդիմադիր տարբեր ուժերի և վերջիններիս առաջնորդների վարկանիշի, ազդեցության ոլորտների ու աստիճանի, առաջնորդական ունակությունների փորձագիտական գնահատում նրանց աշխատությունների, ելույթների, հայացքների ուսումնասիրության միջոցով: Ոչ պակաս կարևոր նշանակություն ունի նաև այդ մարդկանց անձնական կյանքի մութ էջերի բացահայտումը նրանց քաղաքական վարքի կողմնորոշման, կարգավորման և ի նպաստ մեզ որոշակի հակվածության առումով: Իսկ ադրբեջանական հասրակության մեջ ռևանշիստական տրամադրություններ ստեղծող նյութերը յուրյանց բովանդակության մեջ առանձնահատուկ ուշադրության, ուսումնասիորության քննարկման և վերլուծության առարկա պիտի հանդիսանան վերլուծական մեր ծառայությունների համար հակաքարոզչական ազդեցիկ փաստարկների մշակման և դրանց հիման վրա ադրբեջանական հասարակության հակահայկական ազգային թշնամանքը մեղմելու և որոշակի դեպքերում այն հակաիշխանական բողոքների և արշավների վերածելու ուղղությամբ: Հակառակորդի ժողովրդային զանգվածների վարքաբանական, հոգեբանական առանձնահատկություննեը որպես պատերազմի վրա ներգործություն ունեցող գործոնի պետք չէ թերագնահատել, և այն իշխանությունը, որը խստորեն հաշվի կառնի և վարպետորեն կօգտագործի այն, հաջողությամբ կչեզոքացնի նաև միջպետական պատերազմի հնարավոր սպառնալիքները և այդ պատերազմի վերսկսման հավանականությունը: Արմեն Մխիթարյան

No comments: