Tuesday, February 23, 2010

Թուրքիայի վարչապետ Էրդողանի վրա կոշիկ են նետել, բղավելով՝ «Կեցցե' Քուրդիստանը»

News.am. 23-2-2010- Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի այցն Իսպանիա այնքան էլ հարթ չի ընթանում։ Նախօրեին Սեվիլիայում Էրդողանին մրցանակ հանձնելու արարողությունից հետո նրա վրա կոշիկ են նետել: Անծանոթը, «Կեցցե՛ ազատ Քուրդիստանը» բղավելով, մոտեցել է նրան եւ շպրտել կոշիկը։ Չնայած նրան, որ կոշիկն այդպես էլ վարչապետին չի դիպել, Էրդողանին հսկող անվտանգության աշխատակիցները ձերբակալել են տղամարդուն։ Վերջինս շարունակում էր բղավել «Կեցցե Քուրդիստանը», ուստի անվտանգության աշխատակիցները ավելի ամուր են բռնել կոշիկ նետողի բերանը, որ ձայն չհանի: El Pais թերթի տվյալներով, նա ազգությամբ քուրդ, Սիրիայի քաղաքացի է եղել, ով Իսպանիայում ապրում էր ապօրինի։ Կոշիկ նետելը մի շարք մահմեդական երկրներում համարվում է ծայրահեղ անբարյացկամության նշան։ Այս ժեստը համաշխարհային ճանաչում է ստացել 2008 թ. դեկտեմբերի 14-ին, երբ իրաքցի լրագրող Մունթազեր ալ Զայիդին իր երկու կոշիկները նետել էր ԱՄՆ նախագահ Ջորջ Բուշի վրա։

No comments: