Saturday, June 30, 2012

Տարածաշրջանում Հայաստանի դերը շուտով դառնալու է առանցքային. քաղաքագետ

1in.am. 30-6-2012- Սերժ Սարգսյանի բրյուսելյան վերջին այցը միանգամից զուգորդվում է այն իրողության հետ, որ հետաձգվեց Հայաստանին 1,5 մլն եվրո օգնություն տրամադրելու Եվրամիության դոնոր երկրների համաժողովը: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում այս մասին ասաց քաղաքագետ, «Ազատ դեմոկրատներ» կուսակցության փոխնախագահ Անուշ Սեդրակյանը: «Սա կապվում է միջազգային ճգնաժամային խմբի զեկույցի հետ: Այդ զեկույցը ինձ՝ որպես քաղաքագետի, 3 գաղափար է հուշում. Առաջին՝ տարածաշրջանում Հայաստանի դերը ինչ-ինչ պատճառներով շուտով դառնալու է առանցքային, երկրորդ՝ այդ առանցքային դերի համար Հայաստանում պետք է շտապ ժողովրդավարական ներքին կարգ հաստատվի և երրորդ՝ այդ կարգի ապահովման համար անհրաժեշտ են բարեփոխումներ: Իսկ այդ բարեփոխումների պատասխանատվությունը դրված է երկրի ղեկավարի վրա: Դրանք համապատասխան ծավալով կյանքի չեն կոչվում: Այստեղից էլ պարզ է դառնում, որ ինչպես էլ դասավորվեն Հայաստանի քաղաքական իրադարձությունները, միջազգային հանրության հանձնարարականը՝ բարեփոխումների իրականացնելու պարտադրանքի տեսքով, իջեցված է: Սա նշանակում է, որ ՀՀ նախագահն ու կառավարությունը պետք է արագացնեն այդ գործընթացը, այլապես հապաղելը կարող է նոր հետաձգումների պատճառ դառնալ: Իսկ Հայաստանը տնտեսական այնպիսի ծանր վիճակում է, որ առանց դրսի գումարային օգնության չի կարող գոյատևել: Վերջիվերջո, արտասահմանյան այցերի նպատակը տնտեսական և քաղաքական աջակցություն ձեռք բերելն է»,- ասաց Անուշ Սեդրակյանը: Ամփոփելով՝ քաղաքագետը նկատեց, որ եվրոպական կառույցները Հայաստանին հասկացնում են՝ բարեփոխումների ֆիկցիա հնարավոր չէ իրականացնել, պետք է գնալ իրական բարեփոխումներ: «Այլապես ինչ իմաստ ունի ֆինանասավորել հայաստանյան քրեաօլիգարխիկ համակարգին, մտածում են Եվրոպայում»:

No comments: