Thursday, June 14, 2012

Նոր քաղաքական դեմք՝ Ադրբեջանում. Անկարան Բաքվի քաղաքականության վրա ազդելու լծակներ է ձեռք գցում

Panorama.am. 13-6-2012-Մոտ ժամանակում Ադրբեջանի քաղաքական բեմահարթակում լուրջ իրադարձություններ են սպասվում: «gunxeber.com»-ի փոխանցմամբ՝ շուտով Ադրբեջանի քաղաքական կյանքում կհայտնվի Ռուսաստանում և Թուրքիայում խոշոր բիզնեսներ ունեցող, հրեական ծագումով ադրբեջանցի միլիարդատեր Թելման Իսմայիլովը, որը պատրաստվում է ֆանտաստիկ չափերի ֆինանսական միջոցներ ներդնել Ադրբեջանի քաղաքական բեմահարթակում: Թ.Իսմայիլովն այդ գործին ձեռնամուխ է լինում Թուրքիայի որոշ շրջանակների հանձնարարությամբ: Անցյալ տարի Ադրբեջանի հետ Թուրքիայի միջև ծագած սահմանային և դրոշի ճգնաժամից հետո Անկարայում հասկացել են, որ չեն կարող ազդել Ադրբեջանի քաղաքականության վրա, և ելնելով դրանից` թուրքական կողմն այժմ որոշել է Ադրբեջանի քաղաքականության վրա ազդելու լծակներ ձեռք բերել: Թ.Իսմայիլովը մտերմիկ հարաբերություններ ունի Ադրբեջանում բավականին ազդեցիկ անձանց հետ: Դրանց մեջ են տրանսպորտի նախարար Զիյա Մամեդովը, վարչապետի նախկին առաջին տեղակալ Աբբաս Աբբասովը և ուրիշներ: Սակայն այս մասին կայքին տեղեկացրած աղբյուրը հայտնել է, որ Թ.Իսմայիլովի նոր և առաջին քաղաքական նախագծում սկզբնական շրջանում այդ անձինք բեմահարթակում չեն երևա: Ենթադրվում է, որ Թ.Իսմայիլովը քաղաքական գործունեությունն Ադրբեջանում կսկսի նոր կուսակցություն կամ հասարակական կազմակերպություն ձևավորելու միջոցով, կամ էլ կաջակցի արդեն գոյություն ունեցող կառույցի: Նշվում է, որ այս հարցում Թ.Իսմայիլովը նաև ստացել է Ռուսաստանում բնակվող մի այլ ադրբեջանցի միլիոնատեր Մեհրաջ Բաբաևի աջակցությունը: Այս նախագծով Թ.Իսմայիլովը մտադիր է մեծացնել իր հեղինակությունն ու հզորությունն Ադրբեջանում: Ռուսաստանում բնակվող ադրբեջանցի միլիոնատերերի` Ադրբեջանի քաղաքականության մեջ փող ներդնելու փորձը եղել է նաև անցյալում: Այդ շարքում Ադրբեջանի քաղաքականության մեջ մեծ փողեր են ծախսել Ֆիզուլի Մամեդովը, Իլհամ Ռահիմովը: Փորձագետների կարծիքով` Ադրբեջանի քաղաքականության մեջ մեծ փողեր ներդնելու նախաձեռնությունը նվազագույնն աշխուժություն կմտցնի երկրի քաղաքականության մեջ:

No comments: