Wednesday, June 27, 2012

Պուտինի պետական այցը, իսրայելական զենքը Ադրբեջանին, թուրքական ինքնաթիռը, ալ-Ասադի ռեժիմը և Հայաստանը. Stratfor

Tert.am. 26-6-2012- «ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հունիսի 25-ին ժամանեց Իսրայել. նախագահի պաշտոնը ստանձնելուց հետո սա Պուտինի առաջին պետական այցն է: Այցը ծրագրված էր մայիսի կեսին, և ահա, ի վերջո, որպես օրակարգի մի մաս մեկնարկեց՝ Սիրիայի և Եգիպտոսի դեպքերի ֆոնին». գրում է Strategic Forecasting Inc.-ը՝ամերիկյան մասնավոր հետախուզական-վերլուծական կազմակերպությունը (առավելապես հայտնի՝ որպես StratFor), որն անվանում են նաև «ստվերային ԿՀՎ»: «Իսրայելի և Ռուսաստանի դեպքում հետաքրքրականն այն է, որ չնայած նրանք կարծես գործում են շահերի նույն տարածաշրջաններում և նրանց օրակարգերը միմյանց հետ կապ չունեցող են թվում, նրանց շահերը միշտ չէ, որ հակադիր են: Հեշտ է մատնանշել այն վայրերը, որ երկուսին էլ հետաքրքրում են, սակայն առավել բարդ է մատնանշել այն ուղիները, որոնք կապում են երկու երկրներին: Հենց այդ պատճառով էլ դժվար է մատնանշել այցի կարևորությունը՝ դրա բուն իրողությունից այն կողմ»,- գրում է վերլուծականի հեղինակը: Նախևառաջ, Stratfor-ն այս այցը դիտում է Իսրայել-Ռուսաստան-Ադրբեջան-Հայաստան առնչությունների համատեքստում՝ գրելով. «Որպես օրինակ՝ Ադրբեջանը: Ռուսաստանը շարունակում է մնալ զենքի խոշորագույն մատակարարն Ադրբեջանին, սակայն իսրայելցիները այժմ մեծ քանակությամբ զենք են վաճառում այդ երկրին և կարծես թե այդ երկիրն օգտագործելու են որպես բազա, որից հետևելու, իսկ, ասեկոսեների համաձայն, հնարավոր է, հարձակվելու են Իրանի վրա: Ռուսաստանը, որը պաշտպանում է Հայաստանին (մի երկրի, որի դեմ Ադրբեջանը պատերազմել է 1980-ականների վերջին ու 1990-ականների սկզբին և ըստ էության դեռ պատերազմի մեջ է այդ երկրի հետ), պետք է ընդդիմանա Իսրայելի գործելաոճին, մասնավորապես այն պատճառով, որ այդ երկիրը սպառնում է Իրանին, որի վրա հարձակում` Ռուսաստանը չի ցանկանում: Միևնույն ժամանակ Ռուսաստանն ինքն իրեն վտանգված չի զգում Ադրբեջան-Իսրայել առնչություններից, իսկ Իսրայելի համար Հայաստանը իրականում խնդիր չէ: Երկու երկրներն էլ առկա են որպես գործոն և երկուսն էլ կարծում են՝ Ադրբեջանը կարևոր է, յուրաքանչյուրը գործում է այնպես, որ պետք է հակասեր մյուսի շահերին, սակայն այդպես չէ»: Նույնը ճշմարիտ է նաև Սիրիայի՝ առավել անմիջական գործոնի դեպքում, որտեղ թուրքական ինքնաթիռի կործանումը անսպասելի դինամիկա հաղորդեց այս այցին», - ընդգծում է StratFor-ը: Վերլուծական կոնտրոնը գտնում է, որ տարածաշրջանում Ռուսաստանը, մասնավորապես, կենտրանացած է Սիրիայի և Իրանի վրա, իսկ Պուտինի մղումները առհասարակ այսպես են բացատրվում. «Պուտինը, որը Խորհրդային Միության փլուզումը աշխարհաքաղաքական աղետ է համարել, ԱՄՆ-ին Ռուսաստանի ամենաառաջին հակառակորդն է համարում: Նրա կարծիքով ԱՄՆ-ը ոչ միայն օգտագործել է ԽՍՀՄ-ի փլուզումը ՆԱՏՕ-ն նախկին ԽՍՀՄ-ում՝ Բալթյան երկրներում տարածելու համար, այլև փորձել է շրջապատել և զսպել Ռուսաստանին՝ աջակցելով տարածաշրջանի ժողովրդավարամետ շարժումներին ու այդ շարժումները օգտագործել ամերիկամետ կառավարություններ ստեղծելու համար: Պուտինն ինքն իրեն համարում է նախկին ամբողջ ԽՍՀՄ-ի տարածքում Միացյալ Նահանգների հետ մենամարտողը: Ռուսները կարծում են, որ իրենք են հաղթում այս պայքարում: Պուտինը ոչ այնքան հետաքրքրված է այդ երկրներում գերիշխելով, որքան հավաստիանալով, որ Միացյալ Նահանգները չի գերիշխի դրանցում… Ռուսաստանը հսկայական օգուտ է քաղել իսլամական աշխարհում ԱՄՆ-ի պատերազմներից: Այդ պատճառով է, որ ռուսներն արժևորում են Միջին Արևելքի հակամարտությունները, քանի որ դա նրանց թույլ տվեց երկրորդական հարց լինել միակ համաշխարհային ուժի համար». քանի որ ԱՄՆ-ն արդեն ավարտել է պատերազմը Իրաքում և ավարտում է Աֆղանստանում, աճում է հավանականությունը, որ Վաշինգտոնը կանցնի Ռուսատանի «լուսանցքներին»: Սույնով, «ռուսները շահագրգռված են՝ խրախուսելու ցանկացած գործընթաց, որը կշարունակի ԱՄՆ-ին իսլամական աշխարհի կողմը քաշել: Դրանց շարքում առաջնային է Իրանի և Սիրիայի սատարումը: Ռուսաստանը ոչ այնքան աջակցում է այս երկրներին, որքան հակադրվում է այն քայլերին, որ կարող էին կամ թուլացնել Իրանը, կամ խարխլել Սիրիայի իշխանությունների դիրքերը: Ռուսաստանի տեսակետից այդ ռեժիմների բուն գոյությունը մագնիս է, որը ձգում-շեղում է ամերիկյան ուժը»: «Սիրիան ռուս-իսրայելական հարաբերությունների համատեքստում դիտարկվում է որպես մի ռեժիմ, որը զգալի վտանգ էր ներկայացնում Իսրայելի համար, երբ դեռ նույնիսկ ԽՍՀՄ-ի դաշնակիցն էր: Այժմ, սակայն, Իսրայելը Սիրիայի հետ իր հարաբերությունները կառուցում է երկու գործոնի վրա. առաջինն այն է, որ Սիրիան կանխատեսելի է՝ իր հովանավոր ԽՍՀՄ-ին կորցնելուց հետ: Եվ երկրորդ՝ ալ-Ասադի ռեժիմը ալավիական է՝ շիա: 2000-ականներին Իսրայելն ու Արևմուտքը սպառնալիքի հիմնական աղբյուր էին համարում սունիներին. Ալ-Կաիդան, Համասը, Մուսուլման եղբայրները՝ բոլորը սուննի են: Ավելին, անցած տասնամյակի ընթացքում ալավիների փոքրամասնական ու կոռումպացված ռեժիմը ավելի ձեռնտու է եղել Իսրայելին, քան արմատական որևէ սուննիական մեծամասնական ռեժիմ: Սակայն անցած տարում ալ-Ասադի ռեժիմի հարցում Իսրայելի դիրքորոշումը փոխվել է՝ դրա գոյատևման շուրջ հույսից հետո վերաճելով գիտակցման, որ այն գոյատևել չի կարող և պատրաստվելով հաջորդ ռեժիմին: Սակայն սա միակ փոփոխությունը չէ. Իրաքից ԱՄՆ-ի դուրս գալու հետ, երբ Իրանը լցնում է առաջացած վակուումը, Իսրայելի համար Իրանն ավելի մեծ սպառնալիք է դարձել, քան Համասն ու սուննիները: Ուստի՝ այժմ Իսրայելը ցանկանում է սուննի ռեժիմ տեսնել Սիրիայում, որը կարգելափակեր Իրանի հավակնությունները: Այս առումով Ռուսաստանի և Իսրայելի շահերը շարունակում են հակադրվել: Միևնույն ժամանակ իսրայելցիները տեղյակ են, որ իրենք շատ քիչ ազդեցություն ունեն այն ամենի վրա, ինչ կատարվում է Սիրիայում: Նրանք կողքից հետևում են՝ հուսալով, որ ամեն բան իրենց օգտին կդասավորվի: Սիրիան Իսրայելի հզորության սահմանափակության արտահայտողն է: Իսկ ռուսները իրապես հզոր են և ազդեցություն ունեն. նրանց տրամադրած զենքը կարող է օգնել Սիրիայի կառավարությանը, որպեսզի ռեժիմը գոյատևի: Ռուսաստանը չի կարող լուծում առաջարկել, սակայն ի վիճակի է ստեղծել այնպիսի հանգամանքներ, որոնցում ԱՄՆ-ը կներքաշվի և կշեղվի: Պուտինի այցի նպատակը ԱՄՆ-ին նյարդայնացնելն է և Ռուսաստանի հետ Իսրայելի հարաբերություններում այնպիսի հիմքերի ստեղծումը, որոնք կարող են փոխհատուցվել երկարաժամկետ կտրվածքով: Իսկ իսրայելցիներին Պուտինից ակնկալիք ունեն. նրանք չեն կարող վերահսկել ռեժիմի փոփոխությունը Սիրիայում, սակայն Ռուսաստանը որոշակիորեն կարող է: Եվ ահա այստեղ իսրայելական և ռուսական շահերը համընկնում են: Իսրայելը կհանդուրժի Ասադի ռեժիմի գոյատևումը, քանի դեռ Սիրիան Իրանի սատելիտ պետություն չի դարձել: Ռուսաստանը կարող է հակակշռել Իրանին, եթե ալ-Ասադի ռեժիմը մնա, սակայն հակառակ դեպքում, Իսրայելն ու Ռուսաստանը՝ երկուսն էլ, շահագրգռված են զուսպ սունnի ռեժիմ տեսնել», ասված է վերլուծական անդրադարձում: «Սակայն այս ամենը խաչվում է մեկ այլ կետում», - գտնում է հոդվածագիրը,- «Թուրքիան որոշել է պատասխան տալ իր օդանավի կործանմանը, սակայն Սիրիայի դեմ միակողմանի գործողությունների պատրաստ չէ: Այս հարցում նա ապավինում է ՆԱՏՕ-ին: Ոչ Ռուսաստանը, ոչ էլ Իսրայելը տրամադրությունները չեն գցի ՆԱՏՕ-ի միջամտության դեպքում: Ռուսական մոտեցմամբ՝ ամերիկյան ուժերի մեծ ծավալ ներառող ՆԱՏՕ-ի միջամտությունը լավագույն բանն է, որի հույս Ռուսաստանը կարող է ունենալ, մանավանդ, եթե ՆԱՏՕ-ն երկար «լռվի», ինչը միտում է նման միջամտությունների դեպքում: Իսրայելի համար ներկա դրությամբ լավագույն ելքը կլինի, եթե ՆԱՏՕ-ն պատասխանատվություն ստանձնի Սիրիայի համար»: «Մյուս կողմից, Իսրայելը կցանկանար, որպեսզի Ռուսաստանը թեթևակիորեն հակակշռեր ԱՄՆ-ին, սակայն առանց ԱՄՆ-ի հետ իր կապերը խզելու: Ռուսաստանն էլ կցանկանար Միջին Արևելքում լրացուցիչ տարբերակ ունենալ՝ Իրանից ու Սիրիայից զատ, սակայն առանց այդ երկրներից օտարանալու: Դրանցից ոչ մեկն էլ հավանական չէ: Երկրներից ոչ մեկն այնքան զորեղ չէ տարածաշրջանում, որքան կցանկանար լինել: Ինչևէ, երկու երկրների շահից է բխում այնպես անել, որ երկուսն էլ ավելի մեծ կշռով երևան, քան կան: Պետական այցը պետք է օգնի ծառայել այդ նպատակին», - եզրակացնում է Stratfor-ը:

No comments: