Sunday, July 1, 2012

Վահե Ավետյանի մահը անպաշտպանության մթնոլորտ է ստեղծել քաղաքացիների շրջանում. «Ազատ դեմոկրատներ»

«Ազատ դեմոկրատներ» կուսակցությունը ցավակցում է Վահե Ավետյանի ընտանիքին եւ հարազատներին: Կուսակցության հայտարարության մեջ ասվում է. «Հունիսի 17-ին «Հարսնաքար» ռեստորանային համալիրում դաժան ծեծի ենթարկված Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալի ԼՈՌ բաժանմունքի ղեկավար, մայոր Վահե Ավետյանի մահը սոսկալի հարված էր բոլորիս համար: Այն մի ազդակ էր, որն եկավ եւս մեկ անգամ ապացուցելու, որ Հայաստանում պաշտպանված չէ ամենակարեւորագույն իրավունքներից մեկը՝ մարդու կյանքի իրավունքը: Նմանօրինակ դեպքերը ստվերում են ՀՀ Սահմանադրությունը, որտեղ մենք բոլորս Հայաստանի Հանրապետությունը հռչակել ենք որպես իրավական պետություն: ՀՀ քաղաքացու եւ զինված ուժերի սպայի նկատմամբ իրականացված դաժան ծեծն ու դրա հետեւանքով վրա հասած մահը հուսահատության ու անպաշտպանության մթնոլորտ է ստեղծել ՀՀ քաղաքացիների շրջանում, էլ ավելի սրել անվստահությունը սեփական երկրում ապագա տեսնելու հեռանկարի նկատմամբ: «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունն իր խորին ցավակցությունն է հայտնում Վահե Ավետյանի ընտանիքին եւ հարազատներին: Մենք խստորեն դատապարտում ենք հունիսի 17-ին «Հարսնաքար» ռեստորանային համալիրում տեղի ունեցած դեպքը՝ պահանջելով իշխանություններից դեպքի արդարացի քննություն եւ իրական մեղավորների բացահայտում, այլապես ավելորդ է խոսել ՀՀ-ում մարդու իրավունքների գերակայության եւ դրանց պաշտպանվածության մասին: Այս դեպքը ողբերգական նախադեպ է եւ մենք պահանջում ենք ՀՀ իշխանություններից գործադրել բոլոր անհրաժեշտ քայլերը դրա կրկնությունը բացառելու ուղղությամբ»:

No comments: