Sunday, July 1, 2012

Եվրադեմագոգիա Թուրքիայի հարցով

Ինչպես հայտնում են լրատվամիջոցները, հունիսի 28-ին Եվրամիության 16 երկրների ԱԳ նախարարները
բաց նամակ են հրապարակել «ԵՄ եւ Թուրքիա. միասին ավելի ուժեղ» խորագրով՝ կոչ անելով Եվրամիությանը մոտ ժամանակներս Թուրքիային ընդունել իր կազմ: Սակայն սենսացիա չի ստացվել, քանի որ թուրքական լրատվամիջոցներն այդ իրադարձությունը ոչ միայն զուսպ են ընդունել, այլ զուսպ-քննադատական: Այդ մասին առայժմ կարելի է դատել միայն 4 առաջատար եւ առավել հարգված թերթերի գնահատականներով, սակայն, թերեւս, կա առավել արմատական թուրքական լրատվամիջոցների կարծիքը: Նման հայտարարությունները Եվրամիությունը բազմիցս է արել եւ կարելի է հարցնել, թե ինչի համար է եւս մեկ հայտարարությունը, եթե կա Կոպենհագենի համաձայնությունը, ինչպես նաեւ այլ պայմանավորվածություններ: Պետք է ուշադրություն դարձնել այն բանին, որ ընդհանուր հատկանիշներով թեզերի կողքին, այս հայտարարությունում Թուրքիայի համար բարի, սակայն բավական դժվար պահանջներ են առաջ քաշվում: Օրինակ, որոշակիորեն խոսվում է ոչ թե Եվրոպա «մուտքի ազատության», այլ «ճանապարհորդելու ազատության» մասին, ընդ որում, պահանջներ են ավելացնում ներգաղթի կանոնների ու վերահսկողության հարցում: Եվրոպացիները նախկինի պես բերում են Կիպրոսի խնդիրը, որն առաջնային է եվրոպա-թուրքական հարաբերությունների կարգավորման գործում եւ որը Թուրքիան չի պատրաստվում լուծել: Թուրքիային հիշեցնում են Արեւմտյան Բալկաններում ԵՄ համար նրա անցանկալի քաղաքականության մասին՝ նկատի ունենալով այդ երկրներում մուսուլմանական համայնքին միակողմանի ցուցաբերվող աջակցությունը, Կովկասի խնդիրների մասին, որի մեջ էլ ավելի է խրվում, քրդական խնդրի մասին, ընդ որում, ահաբեկչությունը տվյալ դեպքում դիտարկվում է որպես քրդական խնդրի արդյունք: Տառացիորեն սարկաստիկ է հնչում Կենտրոնական ու Արեւելյան Եվրոպայի ժողովրդավարացմանը Թուրքիային մասնակից դարձնելու ցանկությունը (հետաքրքիր է՝ ինչպես): Լիովին հասկանալի է, որ եվրոպացիները Թուրքիային «խրախուսելու» նպատակ են հետապնդում մերձավորարեւելյան խնդիրներում Արեւմտյան հանրության շահերին համահունչ նրա մասնակցության եւ լուծման համար, իսկ առավել լայն առումով, Թուրքիայի վրա որոշակի խնդիրներ գցելու եւ տարածաշրջանի անլուծելի խնդիրների մեջ ներքաշելու, տարածաշրջանային քաղաքականությունում մրցակիցների հետ բախման հանգեցնելու համար: Բացի այդ, հարց է ծագում, իսկ որտեղ են Եվրամության մյուս անդամները, եւ գլխավորը՝ որտեղ է Ֆրանսիան, ինչպես նաեւ Դանիան, Հոլանդիան, Բելգիան եւ ԵՄ այլ անդամները, եւ որն է այս հարցում նրանց դիրքորոշումը: Հասկանալի է, որ այս հայտարարությանը Գերմանիայի միանալը պարզապես հարկադրված քայլ է եղել, քանի որ առանց դրա այն պարզապես ֆարս կլիներ: Եվրոպան հերթական անգամ ցույց է տալիս իր դեմագոգիկ վերաբերմունքը Թուրքիայի «եվրոպական նախագծի» նկատմամբ, ինչը, անկասկած, ազդանշան է եվրոպական ու մերձավորարեւելյան երկրների շատ քաղաքական ուժերի համար: Իգոր Մուրադյան

No comments: