Sunday, July 1, 2012

Պետք է անցնել ինքնապաշտպանության

«Լրագիր» 30-6-2012- Այսօր Ազատության հրապարակում Վահե Ավետյանի հուղարկավորության կազմակերպման հանրային հանձնաժողով ստեղծելու նպատակով հավաքվել էին «Սարդարապատ» նախաձեռնող խմբի անդամներ, քաղաքացիներ` կոչ անելու համախմբվել և Վահե Ավետյանի հուղարկավորության արարողությունը վերածել համաժողովրդական սգո և լուռ ցասումի միջոցառման: Սարդարապատ նախաձեռնող խմբի անդամների խոսքով միջոցառման նպատակն է մեղմել հոգևոր ու բարոյական աջակցությամբ զոհվածի հարազատների բազմապատկված վիշտը, ինչպես նաև վարչախմբին հստակ և վճռական կերպով ցույց տալ, որ հայ ժողովուրդն այլևս ինքնակազմակերպվելով տեր է կանգնում երկրին: «Սարդարապատ» նախաձեռնող խմբի անդամ, կինոռեժիսոր Տիգրան Խզմալյանը մեզ հետ զրույցում նշել է, որ մենք հիմա գտնվում ենք քաղաքացիական պատերազմի մեջ. կեղեքիչ վարչախումբը պատերազմ է վարում ժողովրդի դեմ` նրան ստրկացնելու, դարձնելու անխոս, վախեցած ստրուկների զանգված: Նրա ցավով նշում է, որ սա ոչ առաջին դեպքն է, ոչ վերջինը, սրան պետք է գումարել և բանակում, և բանտերում, և դպրոցների բակերում, և խորհրդարանում կատարված այլանդակությունները. «Սա մթնոլորտ է, որը ստեղծվեց գիտակցաբար, ստեղծվեց քաղաքական ինքնակոչ վերանախավի վարքի պատճառով, հեռուստատեսային քաղաքականության, արժեքների չափանիշների անկման պատճառով», ասել է Տիգրան Խզմալյանը: Նա նաև նշել է, որ հասարակությունը պետք է գիտակցի, որ եթե մեր դեմ պատերազմ է մղվում, ուրեմն մենք պետք է անցնենք ինքնապաշտպանության: Ինքնապաշտպանությունը ոչ միայն անհնազանդություն է, այլ հասարակությունը իր վրա պետք է վերցնի այն ֆունկցիաները, որը պետությունը չի կատարում`ոստիկանական, դատական ֆունկցիաները, պետք է ստեղծվի քաղաքացիական արդար և անկախ դատարան, ինչպես Մաշտոցի պուրակում: Տիգրան Խզմալյանը կարևորում է հանրային ճնշումը, եթե այն լինի բարձր, ապա կփորձեն ինչ-որ բաներ զոհաբերել, քանի որ առաջին դեմքը շախմատ է սիրում և գիտի ժամանակ առ ժամանակ որակ ապահովելու համար պետք է ինչ-որ ֆիգուրաներ զոհաբերել: Ռեժիսոր, դերասան Երվանդ Մանարյանն էլ հասարակական կազմակերպվածության առումով դժվարանում է կարծիք հայտնել, քանի որ այս հասարակությունը կասկածի տեղիք է տալիս, արդյոք այս հասարակության հետ կարելի՞ է հույս կապել, թե ոչ: Մի ուրիշ տեղ, ըստ նրա, երբ դանակը ոսկորին է հասնում, այդպես չի լինում: «Իմ կարծիքով, արժանապատվություն ունեցող հասարակության մեջ Հարսնաքարը ինքնաբերաբար կփակվեր, էլ հարց չէր առաջանա: Ոչ ոք նրա դռնով էլ չէր անցնի այնտեղ մարդ են սպանել, վերջացավ...Հասարակությունը պետք է կանողանա ոտիք կանգնել, իսկ եթե հասարակությունը հանդուժում է այս վիճակը, որ իր լավագույն բժշկին տանեն ուղեղի կեսը մյուս կեսի մեջ մխրճեն, բան չունեմ ասելու: Յուրաքանչյուր մարդ պետք է զգա վիրավորանք, ոչ թե սպասենք ով ինչ նախաձեռնի, ամեն մեկը պետք է վիրավորված զգա իրեն»: «Սարդարապատ» շարժման նախաձեռնող խմբի անդամ, Շուշիի առանձնակի գումարտակի նախկին հրամանատար Ժիրայր Սեֆիլյանի խոսքով, մենք չէինք կարող լուռ մնալ, այսպիսի արտառոց դեպքեր մենք այս տարիների ընթացքում պարբերաբար ականատես ենք եղել, սակայն ամեն ինչ հասունացման պահ ունի, հասունացումը մոտենում է կաթիլ առ կաթիլ: Նրա խոսքով, օրակարգային պետք է լինի քաղաքացիական աշխուժությունը, վերջապես այլընտրանքը պետք է ծնվի:

No comments: