Monday, July 2, 2012

Վահեի մայրը մերժել է ՊՆ աշխատակիցների առաջարկը. Կհուղարկավորեն քաղաքացիական գերեզմանոցում

Panorama.am. 1-7-2012- Երևանի Դրոյի 83 (Զեյթուն համայնք) հասցեում այսօր մարդաշատ էր. հարյուրավոր քաղաքացիներ եկել էին մասնակցելու Պաշտպանության նախարարության բուժծառայության մայոր, «Հարսնաքար»-ում դաժան ծեծի հետևանքով մահացած Վահե Ավետյանի հոգեհանգստի արարողությանը: Panorama.am-ի թղթակցի փոխանցմամբ, այստեղ են եղել ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը, հրապարակախոս Զորի Բալայանը, «Ժառանգություն» խմբակցությունից Ալեքսանդր Արզումանյանը և այլ գործիչներ, լրագրողներ, հասարակական ակտիվիստներ: Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հոգեհանգստի արարողությանը ներկա չի գտնվել: Մեր թղթակցին հաջողվել է իմանալ, որ Պաշտպանության նախարարության մի քանի աշխատակիցներ Վահե Ավետյանի մայրիկին առաջարկել են որդուն հուղարկավորել Եռաբլուրի պանթեոնում, սակայն մայրը չի համաձայնել. Վահեին կհուղարկավորեն քաղաքացիական գերեզմանոցում (Զեյթուն): Մեր թղթակիցը փոխանցում է, որ Վահեի մայրն ասել է, որ իրեն չի հետաքրքրում, թե ինչ ծանրության պատիժ կկրեն մեղավորները, միայն խնդրում է Աստծուց, որպեսզի իրեն ուժ տա՝ պահելու և մեծացնելու Վահեի երկու մանկահասակ երեխաներին: Հիշեցնենք, ինչպես հայտնի էր դարձել նախաքննական մարմնին, մի խումբ ընկերներ, նրանցից մեկի ծննդյան տոնը նշելու համար, հունիսի 17-ի երեկոյան այցելում են Երևանի Աճառյան 37 հասցեում գտնվող «Հարսնաքար» ռեստորանային համալիր: Մարզահագուստով լինելու պատճառով վեճ է ծագում նրանցից մեկի և համալիրի մատուցողի միջև: Վիճողները դուրս են գալիս բակ, որտեղ մոտենում են նաև այցելուի ընկերներն ու ռեստորանային համալիրի աշխատողները: Նրանց ներկայությամբ մատուցողը բռունցքով հարվածում է այցելուին: Սրանից րոպեներ անց անվտանգության աշխատողներն ու այլոք ծեծի են ենթարկում այցելուներին: Տուժածներին ընկերները տեղափոխում են ՊՆ Կենտրոնական կայազորային զինվորական հոսպիտալ: Տուժածների թվում էր նաև ՊՆ բուժծառայության մայոր, Զինվորական հոսպիտալի քիթ-կոկորդ-ականջ բաժանմունքի ղեկավար Վահե Ավետյանը, որը վերակենդանացման բաժանմունքում 13 օր ծայրահեղ ծանր վիճակում էր և մահացավ հունիսի 29-ին ժամը 18:30-ի սահմաններում:

No comments: