Saturday, July 14, 2012

Բրյուս Մացկին. Թուրքերի ուղեղները լվանում են Հայոց ցեղասպանության հարցում

News.am. 14-7-2012- NEWS.am-ը որոշակի կրճատումներով ներկայացնում է «New Haven Register»-ում հրապարկված իրավաբան Բրյուս Մացկինի հոդվածը. Իմ աշխատավայրին մոտ վայրը, որտեղ ես սիրում էի պիցցա ուտել, վերանորոգվում էր, եւ ես գնացի ուրիշ տեղ, որտեղ նախկինում երբեք չէի եղել: Ես նկատեցի, որ աշխատողները թուրքերեն են խոսում: Մի անգամ ես նրբանկատորեն հարցրեցի Հայոց ցեղասպանության մասին նրանց հայացքների վերաբերյալ: Միջին տարիքի տղամարդն ու տարեց կինը իրենց կոտրված անգլերենով պատասխանեցին. «Դա քաղաքականություն է»: Բացատրություն փնտրելով` ես ուղղակի հարցրեցի. «Հավատո՞ւմ եք, որ Հայոց ցեղասպանությունը տեղի է ունեցել օսմանյան թուրքերի կողմից»: Երիտասարդ կինը պատասխանեց. «Նման բան չի եղել: Դա պարզապես քաղաքականություն է Թուրքիայի դեմ»: Ես Հայոց ցեղասպանության մասին շատ բան չգիտեմ. մի քանի գիրք եմ կարդացել, այդ թվում` Օսմանյան կայսրությունում ԱՄՆ դեսպանի`«Պատմությունը Մորգենթաուից հետո» եւ Փիթեր Բալաքյանի «Պատմության սեւ շունը» գրքերը: Դիտել եմ նաեւ Ատոմ Էգոյանի զարմանալի «Արարատ» ֆիլմը եւ ընդհանուր առմամբ հետեւում եմ նորություններին` տարբեր երկրներում Ցեղասպանության ճանչման մասին: Ես չեմ հիշում` լսել էի Հայոց ցեղասպանության մասին մինչ հայուհու հետ ամուսնանալը, սական այդ ժամանակ հարցն ուսումնասիրելու հետաքրքրություն առաջացավ: Ես գիտեմ, որ Հայոց ցեղասպանության փաստը հիմնավորված է փաստաթղթերով: Ինչպես եմ ես այդ մասին իմացել: Այնպես, ինչպես բոլորը գիտեն, որ ԱՄՆ-ում քաղաքացիական պատերազմ է տեղի ունեցել, այնպես, ինչպես բոլորը, ովքեր կապրեն 50 տարի անց, կիմանան Հոլոքոստի մասին պատմական փաստաթղթերից: Բացի այդ, ես եղել եմ Ծիծեռնակաբերդում, որտեղ հարյուրավոր միջազգային առաջնորդներ, այդ թվում` ամերիկյան նախագահները, անհատական նշաններ ունեն ի հիշատակ կատարվածի: Թուրքիայի սահմաններից դուրս Հայոց ցեղասպանությունը գրեթե համընդհանուր կերպով ճանաչված պատմական փաստ է: Թուրքիայում հանցագործություն է հիշել անգամ, որ ցեղասպանություն տեղի է ունեցել: Սակայն պատմության հետ առերեսվելու Թուրքիայի համառ մերժումը կուրացնում է նրան այլ երկրներում ընդունված ճշմարտության նկատմամբ: Ժխտումը հանցագործության շարունակությունն է: Չնայած այն բանին, որ մենք պատմության եւ ընթացիկ իրադարձությունների մասին իմանում ենք կարդալով, լսելով եւ հետեւելով ԶԼՄ-ներին, այն, ինչ ես իմացա պիցցայի սպասելիս, երբեք չէի կարող ըստ արժանվույն գնահատել միայն այդ մասին կարդալով: 2012 թ-ին ազատ եւ ժողովրդավարական երկրում կառավարությունը լվանում է իր իսկ քաղաքացիների ուղեղները, եւ անգամ ԱՄՆ-ում բնակվողներին է նույնը ներշնչել:

No comments: