Saturday, July 14, 2012

Վիտալի Բալասանյանը ահազանգում է. ԼՂՀ Գերագույն դատարանի նախագահը խախտում է ընտրական օրենսգիրքը

Panorama.am. 13-7-2012- Արցախի նախագահի թեկնածուներից Վիտալի Բալասանյանի նախընտրական շտաբը ահազանգում է, որ ԼՂՀ Գերագույն դատարանի նախագահը խախտում է ընտրական օրենսգիրքը: «ԼՂՀ նախագահի ընտրությունների հետ կապված արցախյան որոշ պաշտոնյաներ ակտիվ գործունեություն են սկսել Ֆեյսբուք սոցիալական ցանցում: Նրանցից է ԼՂՀ Գերագույն դատարանի նախագահ Արամայիս Ավագյանը, ով ֆեյսբուքի իր էջում տարածում է նախագահի թեկնածու Բակո Սահակյանի քարոզչական նյութերը և հանդես գալիս այս թեկնածուի օգտին նախընտրական քարոզչությամբ: Հիշեցնենք, որ ԼՂՀ ընտրական օրենսգրքի 19-րդ հոդվածի 4-րդ կետի երկրորդ մասով դատավորներին, ոստիկանության, ազգային անվտանգության ծառայության, դատախազության մարմինների աշխատակիցներին (ծառայողներին), զինծառայողներին արգելվում է նախընտրական քարոզչություն կատարել և ցանկացած բնույթի քարոզչական նյութ տարածել»,-ասված է տարածած հայտարարության մեջ: Հիշեցնենք, որ Արցախում նախագահական ընտրությունները նշանակված են հուլիսի 19-ին: Հունիսի 20-ին մեկնարկած քարոզարշավը կավարտվի հուլիսի 17-ի կեսգիշերին: Երկրի ղեկը ստանձնելու համար պայքարում են 3 թեկնածուներ` պատգամավոր, պաշտպանության նախկին փոխնախարար Վիտալի Բալասանյանը, ԼՂՀ գործող նախագահ Բակո Սահակյանը, Հայաստանի պետական ագրարային համալսարանի Ստեփանակերտի մասնաճյուղի ուսումնագիտական աշխատանքների գծով փոխտնօրեն Արկադի Սողոմոնյանը: Նրանք բոլորն էլ անկուսակցական են և ինքնաառաջադրվել են: Կազմավորվել է 274 ընտրական տեղամաս, որից մեկը Հայաստանի Հանրապեությունում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ներկայացուցչությունում` Հայաստանի Հանրապետությունում ժամանակավորապես գտնվող կամ բնակվող Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիների ընտրական իրավունքի իրականացումն ապահովելու համար:

No comments: