Monday, July 2, 2012

«Եթե Իսրայելը հարձակվի Իրանի վրա, ապա մենք այդ երկիրը կհավասարացնենք հողին». իրանցի գեներալ

1in.am. 2-7-2012- Իրանական Mehr News լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանի իսլամական հեղափոխության պահակազորի (SEPAH) օդա-տիեզերական զորքերի հրամանատար, գեներալ մայոր Ամիրալի Հաջիզադեն հայտարարել է, որ եթե Իսրայելը հարձակվի Իրանի վրա, ապա իրենք այդ երկիրը հողին կհավասարացնեն. «Իսրայելի զինված ուժերը չեն կարող համեմատվել Իրանի հետ: Եթե Իսրայելն ի վիճակի լիներ հարձակվել Իրանի վրա, ապա նա ոչ մի վայրկյան չէր տատանվի: Նրանք Լիբանանում պարտվեցին «Հըզբոլլահ» ոչ մեծ կազմակերպությանը: Ինչպե՞ս կարող են նրանք հարձակվել Իրանի վրա: Առանց ԱՄՆ օգնության՝ Իսրայելը չի կարող ոչինչ ձեռնարկել: Այսօր տարածաշրջանում ԱՄՆ-ի ունեցած բոլոր ռազմաբազաները մեր նշանառության տակ են: Դրա համար էլ ԱՄՆ-ը ռիսկի չի դիմի: Մենք այդ կապակցությամբ բազմիցս զգուշացրել ենք Իսրայելին: Նրանք չեն համարձակվի հարձակվել Իրանի վրա»: Իրանցի գեներալն անդրադարձել է նաև այսօր մեկնարկող SEPAH-ի զորավարժություններին. «Եռօրյա զորավարժությունների ժամանակ փորձարկվելու են մոտ, միջին ու հեռահար գործողության շառավիղ ունեցող հրթիռներ: Նրանք Իրանի տարբեր վայրերից խոցելու են նախապես անապատում ընտրված 100 թիրախ: Զորավարժությունների ժամանակ առաջինը փորձարկվելու են «Գիյամ» ու «Պարսից ծոց» հրթիռները, որոնց արտադրությունը սկսվել է նախորդ տարի: Զորավարժությունների վերջին օրը փորձարկվելու են անօդաչու ռմբակոծիչներ»:

No comments: