Monday, July 2, 2012

Հայաստանի պաշտպանության նախարարն այցելել է ռազմական բժիշկ Վահե Ավետյանի ընտանիքին

News.am. 2-7-2012- Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն, այսօր` հուլիսի
2-ին, այցելել է ՀՖՖ նախագահ, ԱԺ հանրապետական պատգամավոր Ռուբեն Հայրապետյանին պատկանող «Հարսնաքար» ռեստորանում հունիսի 17-ին դաժան ծեծի ենթարկված եւ մահացած ռազմական բժիշկ Վահե Ավետյանի ընտանիքին: Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնել է ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը: Նրա խոսքով, նախարարն այցելել է կեսօրին եւ ցավակցություն է հայտնել հարազատներին եւ մտերիմներին: Նշենք, որ հունիսի 29-ին մահացել էր հունիսի 17-ին «Հարսնաքարում» դաժան ծեծի ենթարկված՝ ՊՆ կենտրոնական կայազորի ռազմական հոսպիտալի քիթ–կոկորդ–ականջ բաժանմունքի պետ, բուժծառայության մայոր Վահե Ավետյանը: Հունիսի 30-ին մոմավառություն էր տեղի ունեցել «Հարսնաքարի» մոտ՝ ի հիշատակ Վահե Ավետյանի: Հարյուրավոր քաղաքացիներ էին հավաքել ակցիային մասնակցելու, որոնց ձեռքին կային մոմեր եւ գրություններ՝ «Ես Վահե Ավետյան եմ», «Չեք մարսելու» մակագրությամբ: Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, հունիսի 17-ին, ժամը 23-ի սահմաններում «Հարսնաքար» ռեստորանում դաժան ծեծի էին ենթարկվել մի քանի ռազմական բժիշկներ` Էդգար Միկոյանը, Արկադի Աղաջանյանը, Գարիկ Սողոմոնյանը, Արտակ Բայադյանը եւ Վահե Ավետյանը: Հարուցված քրեական գործի շրջանակներում կալանավորվել է 6 մարդ, այդ թվում Ռուբեն Հայրապետյանի թիկնապահներ:

No comments: