Monday, July 2, 2012

Ներհայկական «Նեմեսիս»

«Լրագիր» 2-7-2012-Չգիտեմ ով ինչպես է ժամանակին ընկալել, կամ այժմ էլ ինչպես է ընկալվում ՆԵՄԵՍԻՍ գործողության իմաստն ու նպատակահարմարությունը, բայց անձամբ ինձ համար դրա փիլիսոփայությունը հետևյալն է. «Մեզ որոշել էին ամբողջովին ոչնչացնել, ջնջել աշխարհի երեսից: Եվ ամբողջ աշխարհն էլ դա գիտեր և տեսավ: Բայց բոլորս չկոտորվեցինք: Հիմա, ողջ մնացածներս, լավ թե վատ, բայց շարունակելու ենք ապրել: Եվ որպեսզի այդ նույն աշխարհը մեզ մի բանի տեղ դնի, որպեսզի այդ աշխարհի վրա մենք մի տեղ ունենանք, պետք է ինչ-որ առարկայական ձևով արձագանքենք-հակադարձենք կատարվածին»: Եվ գտնվեց հակադարձման հայտնի ձևն ու եղանակը: Չգիտեմ, այն օրերին հնչե՞լ են ձայներ, թե ինչ կարիք կա դիմել ինքնադատաստանի, երբ որ ՕՐԵՆՔԸ` այն էլ ի դեմս բարձրագույն միջազգային ատյանի, դատապարտել է կատարվածն ամբողջապես, իսկ հիմնական մեղավորներին էլ դատապարտել մահապատժի: Բայց այնօրվա մի խումբ հայ մարդիկ որոշեցին չսպասել, թե երբ է այդ ատյանը հայտնաբերելու գլխավոր մեղավորներին և ի կատար ածելու իր իսկ վճիռը: Եվ հայտնաբերելո՞ւ է, երբևիցե, արդյոք: Փոխարենը այդ մի խումբ հայ մարդիկ իրենք ձեռնամուխ եղան դրանց հայտնաբերելուն և ի կատար ածելուն արդեն իրենց կայացրած վճիռը: Այն վճիռը, որը բացարձակապես համընկնում էր միջազգային ատյանի կայացրած վճռի հետ: Հատուցման այդ գործողության անհրաժեշտությունն ու միանգամայն բնական լինելը այնքան տրամաբանական էին, որ գործողությունը չսահմանափակվեց զուտ իր մշակողների կողմից ընդգծած ժամանակային և ցուցակային շրջանակներով, այլ ստացավ հետագա զարգացում և այս կամ այն դսևորմամբ եկավ հասավ մինչև մեր օրերը: Եվ նույնիսկ այսօր բավական վիճահարույց է այն հարցը, թե արդյոք ավարտված է փոխհատուցման այդ գործողությունը: Եվ ամեն մի իրականացրած ինքնադատաստանի ակտից հետո, երբ հայ վրիժառուի հանդեպ ընթացել է դատ` անկախ նրանից, գործողությունն իրականացրած հայը դատարանի կողմից արդարացվել է (ինչպես գիտենք, եղել են և արդարացման դեպքեր) թե ոչ, բայց մեր կողմի փաստարկն ու արդարացումը միշտ էլ եղել է նույնը` ոճրագործության հեղինակները մնացել են անպատիժ: Եվ այդ իսկ պատճառով, զոհերի հարազատը (կամ հետնորդը) դիմել է ինքնադատաստանի իրականացմանը: Ի դեպ, այդ առումով մենք միակը չենք: Ամբողջ աշխարհին են հայտնի հրեաների գործողությունները հրեական Հոլոքոստն իրականացնողների հանդեպ, կամ էլ նրանց պատասխանը 1972 թվի Մյունխենի Օլիմպիադայի ժամանակ իրենց թիմի հանդեպ ահաբեկչությունն իրականացրած պաղեստինյան ջոկատի անդամների նկատմամբ: Բոլորովին վերջերս էր, երբ շվեյցարացի դիսպետչերի սխալի պատճառով տեղի ունեցած ինքնաթիռի վթարում զոհված ընտանիքի հայրը ելավ, Ռուսաստանից գնաց հասավ Եվրոպա, գտավ այդ դիսպետչերին և սպանեց նրան: Եվ նման բազմաթիվ օրինակներ: Եվ բոլոր դեպքերում, մարդկանց ինքնադատաստանի է դրդում միայն ու միայն մի հանքամանք` հանցագործի նկատմամբ օրենքը կամ առհասարակ չի դրվում գործողության մեջ, կամ նրա կիրառումը կրում է ձևական բնույթ և վերածվում է ծաղրի զոհի և նրա հարազատների նկատմամբ: Եվ այդ ամենը տեսնելով, բնական է, որ մարդը հայտնվում է նման դեպքերի համար միանգամայն բնական մի վիճակում. «Կորցրել եմ ամենաթանկը, էլ ինչ ունեմ կորցնելու, ինչից եմ այլևս վախենալու: Եթե ՕՐԵՆՔՆ այսպես է վարվում, ես էլ կվարվեմ ԻՄ ՕՐԵՆՔՈՎ»: Բանը բանից արդեն անցել է: Սեփական ժողովրդին թալանելու, կեղեքելու, հայրենիքից վտարելու հետ զուգահեռ, արդեն որերորդ դեպքն է, որ իշխանության մաս կազմող հայտնի բանդաների կողմից երկրի տարբեր մասերում իրականացվում է բացահայտ սպանդ: Անպատիժ սպանդ: Եվ թող չմտածեն ոչ պաշտոնական կոչվող իշխանությունները, ոչ երկիրն իրար մեջ բաժանած բանդաները` իրենց պարագլուխներով ու միաբջիջ հաստավիզներով, եւ ոչ էլ իրենց զավակներին` անմեղ մարդկանց արյունը հեղած վայրում հաջորդ օրը թագ ու պսակի տակ կանգնեցնող իրենց մարդ ու ծնող համարողները, որ այդ ամենի պատասխանն ընդմիշտ լինելու է միայն վշտալի մոմավառությունը: Համոզված եմ, որ միշտ էլ կգտնվի հայերի մի խումբ, որ սանձազերծած անպատիժ այդ սպանդին` օրենքի չկիրառման պարագայում, կպատասխանի համարժեք կերպով` անվանենք այն, պայմանականորեն, ՆԵՐՀԱՅԿԱԿԱՆ «ՆԵՄԵՍԻՍ»: Զգուշացեք, և գործը դրան մի հասցրեք: Թե չէ մի օր հաստատ օդ կելնեն ոչ միայն թալանի ու սպանդի, այլ նաև բացահայտ բարոյազրկման ու մարդկային դեգրադացիայի խորհրդանիշ դարձած զանազան «օբյեկտներ»: Եվ ոչ միայն իրենց տերերով ու «ախռանով», այլ նաև այդ «օբյեկտներում» իրենց խրախճանքը վայելողներով: Այս էր այն ամենը, որ կարողացա արտահայտվել մայոր Վահե Ավետյանի հուղարկավորության օրը: ԱՐՏԱՎԱԶԴ ԲԱՍԵՆՑՅԱՆ

No comments: