Monday, July 2, 2012

Ո՞վ է գրելու փոխգնդապետին

«Լրագիր» 1-7-2012-Հայտնի է դարձել, որ Հայաստանի զինված ուժերի փոխգնդապետ, 39-ամյա Վարդան Սամվելյանը հուլիսի 1-ի գիշերը ժամը 2-ի սահմանում պայթուցիկներով զինված մուտք է գործել Հարսնաքար ռեստորանային համալիր եւ սպառնացել, որ կպայթեցնի այն: Ռեստորանի տնօրինությունը ոստիկանություն է կանչել, որն էլ ժամանելով եւ երեք ժամ բանակցելով երիտասարդի հետ, կարողացել է վնասազերծել նրան եւ տանել ոստիկանության բաժին: Այդ ամենը tert.am-ին հայտնել է Գագիկ Շամշյանը: Ինչպես հայտնի է, Հարսնաքար ռեստորանում մի քանի օր առաջ դաժանորեն ծեծի էր ենթարկվել զինված ուժերի մեկ այլ սպա՝ մայոր Վահե Ավետյանը, ով օրեր շարունակ մնալով կոմայի մեջ, հունիսի 29-ի երեկոյան մահացավ: Իսկ հունիսի 30-ի երեկոյան, քաղաքացիական ակտիվիստները, քաղաքական ուժերի ներկայացուցիչները եւ պարզապես անհատ քաղաքացիներ մոմավառության ակցիա էին կազմակերպել Հարսնաքար ռեստորանի մոտ, ուր մահացու ծեծվել էր Վահե Ավետյանը: Միեւնույն ժամանակ, Հարսնաքարում հարսանիք է եղել: Ընդ որում, Վահե Ավետյանի դաժան ծեծից հետո, երբ նա մահամերձ պառկած էր հիվանդանոցում, այդ ռեստորանում հարսանիքների եւ խնջույքների պակաս չի էլ զգացվել, իսկ Ավետյանի մահվան երեկոյան Հարսնաքարում նույնիսկ հրավառություն էր: Պաշտպանության նախարարությունն էլ Վահե Ավետյանի մահվան առիթով իր հայտարարությունն է տարածել, որտեղ իր վրդովմունքը հայտնելով տեղի ունեցածի մասին, հայտարարում է նաեւ, թե ուշադիր հետեւելու է դեպքի բացահայտման գործին: Իսկ դեպքի առիթով 6, թե 7 մարդ է ձերբակալվել, այն դեպքում, երբ տուժածներից մեկը՝ բարեբախտաբար ողջ մնացած Արտակ Բայադյանը՝ Վահեի ընկերն ու գործընկերը, հայտարարել է, որ իրենց ծեծել էին 10-15 հոգով: Ահա այդ ամբողջ շղթայի ներքո տեղի է ունենում Վարդան Սամվելյանի քայլը, երբ նա մտնում է ու սպառնում պայթեցնել Հարսնաքարը: Հետաքրքիր է, քաղաքական որ ուժն է մուծելու նրա ազատ արձակման գրավը: Երբ ինչ որ երիտասարդ դաշնակցականներ պայթեցրին DIY ակումբը, ՀՅԴ պատգամավոր Արծվիկ Մինասյանը հայտարարեց, թե նրանք գործել են “ազգային եւ հասարակական գաղափարաբանության” համատեքստում: Հետաքրքիր է, օրինակ, ըստ Դաշնակցության, ինչ համատեքստում է գործել Վարդան Սամվելյանը: Որն է ազգայինի ու հասարակականի ամենամեծ սպառնալիքը՝ ակումբը, որտեղ կարող են հավաքվել նաեւ միասեռականներ, թե ռեստորանը, որտեղ կարող են ծեծելով մարդ սպանել սեփականատեր-օլիգարխի թիկնապահները: Քաղաքական ուժերը որեւէ կերպ կարձագանքե՞ն արդյոք փոխգնդաապետի դեպքին: Եվ ինչպե՞ս կարձագանքեն: Հետաքրքիր է, ինչպես է իրեն պահելու նաեւ պաշտպանության նախարարությունը: Օրերս, նախարար Սեյրան Օհանյանը հայտարարել էր, թե ադրբեջանական յուրաքանչյուր սադրանք ստանում է խիստ հակահարված: Արդյոք ՊՆ-ն Վարդան Սամվելյանի արարքը կգնահատի հենց հակահարվածի համատեքստում, պարզապես ոչ թե արտաքին, այլ ներքին թշնամու “սադրանքին” տրված հակահարված, առավել եւս, որ այդ 'ներքին թշնամին” պետությանն ու հասարակությանը թերեւս պակաս սպառնալիքներ չի ներկայացնում, որքան արտաքինը: Արդյոք արարքն այդ կերպ կգնահատի նաեւ Հայաստանի ոստիկանությունը, եւ իշխանությունն ընդհանրապես, մտածելով, որ “հակահարվածի” հաջորդ փորձի հեղինակը գուցե արդեն բանակցելու ժամանակ չտա ոստիկանությանը, այլ միանգամից իրականացնի այն, ինչ Վարդան Սամվելյանը սպառնացել է: ԶՈՒ փոխգնդապետի քայլը իսկապես խորհրդանշական է: Խորհրդանշական է մի քանի համատեքստում. սպայի պատիվ՝ պատվախնդրության կոնկրետ դրսեւորում իր ծառայակցի սպանությունից հետո, այն դեպքում, երբ երկրում չի գործում այդ մշակույթի դրսեւորման այլ որեւէ լեգիտիմ պետական եւ հասարակական մեխանիզմ. ինքնադատաստան՝ պատասխանատվության ինստիտուտի ինքնակամ գործադրում, այն դեպքում, երբ երկրում չի գործում այդ պատասխանատվության սպասարկման պետական եւ հասարակական որեւէ այլ լեգիտիմ մեխանիզմ, երբ ոստիկանությունն ու իրավապահ մարմինները սերտաճած են քրեաօլիգարխիկ համակարգի հետ եւ որեւէ կիսաքայլ կատարում են բացառապես հասարակական ընդվզումների շնորհիվ. հանրային շոկաթերապիա՝ շոկի միջոցով հասարակության մեջ ադեկվատության աստիճանի ձեւավորում, հասարակության արթնացման փորձ, երբ մարդասպան ռեստորանում կարող են հարսանիքներ ու խնջույքներ կազմակերպվել, հրավառություններ լինել՝ մտքի ծայրը համառորեն թաղելով գետնի տակ ու չմտածելով, որ այդ նույն վայրում ընդամենը մի քանի օր առաջ որբացել են երկու մանուկներ: Լուսանկարը Գագիկ Շամշյանի ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ

No comments: